Բաժիններ՝

«Եթե շնչառության սարքերն անջատվեն, մենք Արային կկորցնենք». Արդեն մեկ շաբաթ փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը գտնվում է  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, կոմայի մեջ, շնչառական սարքեր են միացված:

Արա Մխիթարյանի առողջական վիճակի հետ կապված փոփոխություն չկա, մնում է ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը: Նա ամեն օր կապի մեջ է Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպից տուժած Արա Մխիթարյանի ընտանիքի անդամների հետ:

«Նմանատիպ դեպքերին ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ, եթե շնչառության սարքերն անջատվեն, մենք Արային կկորցնենք, օրգանիզմն ինքնուրույն պայքարելու հնարավորություն չունի: Սա ոչ պաշտոնական տեղեկություն է, ես ուղղակի որպես մարդ եմ դա ասում: Իսկ պաշտոնապես վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների՝ ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս