«Պատերազմի դաշտում հեշտ էր, մի կողմից էին կրակում. ստեղ չգիտես՝ ո՞ւմ վրա «կրակես», իրենք նենգաբար բերեցին, նշանակեցին Ռազմիկին». ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժնում կրքերը չեն հանդարտվել
ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նոր ղեկավար ընտրվելուց հետո Ռոմիկ Մխիթարյանը դեռևս չի խոսել իր ընտրությունը բոյկոտած երկրապահների հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երեկ ԵԿՄ գրքույկից հրաժարված, ԵԿՄ Կենտրոն տ/բ արդեն նախկին փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժինը նախագահի ընտրություն էր անցկացնում, որի ընթացքում մի խումբ երկրապահներ հրապարակավ հանձնեցին իրենց անդամատոմսերն ու հեռացան՝ պատճառաբանելով, որ դա Կենտրոն համայնքի ընտրություն չէ, առաջադրված թեկնածուն Կենտրոնից չէ, ժողովի մասնակիցներից շատերն էլ նոր են գրանցված այդ բաժանմունքում: Չնայած այս ամենին՝ ընտրությունը կայացավ:
«Ես դա չեմ համարում նորմալ ընտրություն, քննարկելու և խոսելու ոչինչ էլ չունեմ Ռոմիկ Մխիթարյանի հետ: Ինքը մեր մարտական ընկերն է, բայց չենք զրուցել հետը: Եկել-կանգնել է պատրաստի ամեն ինչի գլխին, ինքը պարտավոր էր զանգել, գալ, հարցնել՝ ինչո՞ւ այսպես արեցիք, պատճառը ո՞րն էր, և այլն: Քիչ մարդ չէինք, ի վերջո, ահագին մարդ հրաժարվեց երկրապահի գրքույկից, բայց ոչ Երկրապահից, դա մեզ ցավ է պատճառում»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:
ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նոր նախագահ Ռոմիկ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պարտադիր չէ՝ Կենտրոն տ/բ-ի ղեկավարը հենց Կենտրոնից լինի, այս պնդումը չի ժխտում նաև մեր զրուցակից, Շուշիի ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Աշոտ Ղարիբյանը:
«Պարտադիր չէ, բայց ցանկալի էր, որ ԵԿՄ Կենտրոն բաժանմունքի ղեկավարը լինի Կենտրոնից: Մարդ պետք է հասկանա՝ մինչև դու շենքի բնակիչ չլինես, շենքի ցավերը չես իմանա: Այսինքն՝ Կենտրոն հասկացությունն ինչի՞ համար է: 250 անդամ ունի Կենտրոնի բաժանմունքը, եթե պատանի երկրապահներին ու մնացածին էլ հաշվենք՝ մոտ 550 հոգի մարդ ենք, ո՞նց եք պատկերացնում, որ ինքը խնդիրները չգիտի ու խնդրի լուծում տա: Հարցազրույցը ես հետո եմ նայել, ասում էր՝ կտեսնեք՝ ինչ բաժանմունք ենք սարքելու, այսի՞նքն, բաժանմունք սարքելը ո՞րն է:
Եթե մտածում էր, որ կապ չունի տարածքը, թող հետը Շենգավիթից մարդիկ չբերեր, թող գար-ասեր՝ ես պետք է լինեմ, ո՞վ է երկրորդը, Լևոնի թեկնածությո՞ւնն է, դնենք՝ քվեարկենք, դնենք ընտրության, ով կկրի՝ կկրի, միևնույն է՝ երկուսս էլ նույն ճանապարհն ենք անցել, նույն կառույցում ենք, երկուսս էլ նույն կառույցը շարունակում ենք ծաղկեցնել:
25-ից ավելի մարդ դուրս եկավ ժողովից, ինչքանն էլ բոյկոտել ու չէին եկել, ինչքանն էլ հիվանդ պառկած էին, ոմանք էլ Ռուսաստանում էին, մեկին էլ ինքն իր նախաձեռնությամբ է ուղարկել, ինձ էր առաջարկում, որ գնամ, բայց ես այդպիսի հրամանատար չեմ, որ մի բան լինի, ես միանգամից վերցնեմ ինձ, ես եղածը նվիրում եմ զինվորին, երբ տեսնում եմ, որ էլ ոչ մեկին եղածը պետք չէ, նոր վերցնում եմ ինձ: Նույնը եղավ նաև հրամանատարական կազմի հետ»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:
ԵԿՄ Կենտրոն տ/բ նախագահ Ռոմիկ Մխիթարյանը մեզ հետ զրույցում նաև մտահոգություն էր հայտնել, որ Սպանդարյան ջոկատի տղաները, ում ջոկատի տարածքում և հիմքի վրա է ստեղծվել Կենտրոնի բաժանմունքը, օգտվելով այդ հանգամանքից՝ իշխում են մյուս կամավորներին:
«Դրանք հերյուրանքներ են, բոլոր տեղերում էլ նեղացած մարդիկ լինում են, այդ թվում՝ պետությունից, բայց դա չի նշանակում, որ պետության մեջ չեն ապրում, պետության հոգսերը չեն հոգում, շահերը չեն պաշտպանում»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:
Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել ընտրության արդյունքները, Աշոտ Ղարիբյանը պատասխանեց՝ պայքարելու են:
«Մենք պարտություն չենք կրում, պատերազմն է դա ցույց տվել, մենք փոքրաթիվ ուժերով պատերազմը հօգուտ մեզ ենք ավարտել, մեր տարածքները վերադարձրել, կկարողանանք պայքարել նաև մեզ համար, միայն զենքը ձեռքներիս չէ, որ կարող ենք պայքարել: Ուղղակի պատերազմի դաշտում հեշտ էր, մի կողմից էին կրակում, կա՛մ քեզ վրա էին կրակում, կա՛մ դու էիր կրակում, ստեղ չգիտես՝ ո՞ւմ վրա «կրակես», իրենք նենգաբար բերեցին, նշանակեցին Ռազմիկին: Ինքն այնքան տղամարդ պետք է լիներ, որ հրաժարվեր, երևի Սասուն Միքայելյանը նշանակեց: Մեր արածի մասին էլ զեկուցած կլինեն ԵԿՄ նախագահին»,- ասաց ԵԿՄ Կենտրոն տ/բ արդեն նախկին փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը:
ԵԿՄ Կենտրոն տ/բ կամավորների մի մասը մինչև ընտրությունը նամակ էր գրել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, որպեսզի հետաձգեն ընտրությունները, սակայն ընտրություններ, այնուամենայնիվ, եղան:
ԵԿՄ Կենտրոն տ/բ նախագահը նկատեց, որ գրությունը ԵԿՄ բլանկի վրա է եղել, ինչը չէր կարող լինել առանց իր իմացության, քանի որ տեղակալների լիազորությունները կասեցված էին մինչև ընտրությունը, և, որ հետաձգելու պատճառ չկա, քանի որ իր տեղակալները բոլորին զգուշացրել են ընտրության մասին:
Աշոտ Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռազմիկ Մխիթարյանի խոսքերը մեկը մյուսին հակասում են:
«Ինքը մեկնաբանություն արեց, որ Երկրապահի բլանկի վրա ենք գրել նամակը, ինչը չէր կարող լինել առանց իր իմացության, քանի որ տեղակալների լիազորությունները կասեցված են: Գործունեության կասեցումն օֆիցիալ պետք է լինի, փաստաթղթով, հետո էլ ասում է՝ ես հրահանգավորել եմ, որ զանգեն, տեղյակ պահեն, ո՞ւմ է հրահանգավորել, եթե այդ մարդիկ էլ տեղակալներ չեն, ի՞նչ իրավունք ունի հրահանգավորի: Ասում է՝ ասել եմ՝ զանգեք, տեղեկացրեք, որևէ մեկը պարտավոր չէ իրեն փոխարինել ու զանգահարել, դա իր պարտականությունն է: Եթե ինքն իրեն ժամանակավոր պաշտոնակատար է համարում, պարտավոր էր հերթով բոլորին զանգել, տեղեկացնել, որ մեկնաբանելուց էլ ասեր, որ՝ ես զանգել, ասել եմ, տեղեկացրել եմ: Ասում է՝ Լյովային եմ ասել, Միշային եմ ասել, որ ի՞նչ, դու ո՞վ ես, որ իրենց հանձնարարես:
Ինքը շահարկեց այն հանգամանքը, թե տեղակալների գործունեությունը կասեցված է…, եթե տեղակալների գործունեությունը կասեցված է, թող զանգեր, ասեր՝ ընկերնե՛ր, ձեր լիազորությունները կասեցված են, ոչ մի բանի հետ գործ չունեք, ուղղակի տեղյակ եղեք, որ այսինչ օրը ժողով է, ոչ թե ասեր՝ հանձնարարել եմ, որ զանգեն՝ ասեն. քարտուղարուհի՞ են իր համար, ի՞նչ են, մտածել է՝ տեղակալները քարտուղարուհի՞ են:
Ասում է՝ ջոկատ-ջոկատ եք խաղում, ջոկատ-ջոկատ խաղացիք, որ սենց եղավ, ինչ եղավ, ջոկատ-ջոկատը պատերազմ կրեց, մենք բանակ չենք ունեցել, մեկը ոստիկանությունից էր, մեկը՝ բակից, մեկը՝ գյուղից, դարձանք 15.000 ու մի քիչ: Այսօր 70-80 հազար մարդ կռվողի անվան տակ ման են գալիս, իրենցից շատերի զենքը Երևանից դուրս չի եկել, «ասֆալտի ֆիդայի» ենք ասում:
Լավ է, որ մեր գրականությունն այնքան հարուստ է, թող կարդան, եթե կարդալ գիտեն, ու ասեն՝ ստեղ ենք եղել, ընդեղ ենք եղել»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:
ԵԿՄ Կենտրոն տ/բ նախագահ Ռոմիկ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տղաների քայլը եղել է էմոցիաների ազդեցության տակ, և, որ ինքը վերադարձնելու է նրանց իրենց շարքերը:
«Տղաներն էմոցիաների ազդեցության տակ արեցին այդ քայլը: Ես անպայման նրանց վերադարձնելու եմ, քանզի նրանք ինձ և բաժանմունքի համար թանկ մարդիկ են: Երեկ ուղղակի անհաջող պրովոկացիա էր»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎԱՀՆՆԻՍՅԱՆ