ՀՅԴ-ն ի՞նչ է քննարկել Փաշինյանի հետ. հանդիպումը մի հստակ մեսիջ ունի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Իրատեսի» հետ զրույցում վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը, որին մասնակցել են Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որեւէ կողմինը չի եղել:

«Իրատեսին» այդպես էլ պարզ չդարձավ, թե կողմերը, ի վերջո, ինչպե՞ս են որոշել հանդիպել, ո՞վ է ում հրավեր ուղարկել, փողոցու՞մ են տեսնվել ու ջենթլմենական համաձայնությամբ հանդիպելու որոշում կայացրել, թե՞, ամեն դեպքում, կողմերից որեւէ մեկը խոսելու կամ քննարկելու բան է ունեցել:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում նշեց Մանե Գեւորգյանը:

«Իրատեսի» հետ զրույցում նույն պատասխանը տվեց նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նորից չհստակեցնելով, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը: Վստահեցրեց՝ ներքաղաքական որեւէ հարցի շուրջ չեն զրուցել:

«Տարակուսելի չէ՞, երբ կառավարության քայլերը քննադատող ուժի ներկայացուցիչը հանդիպում է վարչապետի հետ»,- հարցրինք: «Բնավ, ու եթե մեր ներուժը կարող ենք ծառայեցնել ի շահ Հայաստանի, ապա միանշանակ պետք է օգտակար լինել, բայց դա չի նշանակում, թե շեղվում ենք քաղաքական մեր օրակարգից կամ կաշկանդված ենք ներքաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր քննադատելու հարցում»,- ընդգծեց նա:

ՀՅԴ-ականների հանդիպումը Փաշինյանի հետ մի հստակ մեսիջ ունի՝ ուղղված իշխանությունների կողմից հրապարակ նետվող այն թեզին, թե հայաստանյան իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով ներսի ու դրսի դաշնակցականների միջեւ տարաձայնություններ կան։ Անհասկանալի է, թե որն է եղել հանդիպմանը Զարեհ Սինանյանի ներկա լինելու տրամաբանությունը, եթե, ըստ Սաղաթելյանի ու վարչապետի մամուլի խոսնակի, բացառապես տարածաշրջանային հարցեր են քննարկվել:

Բացի այդ՝ Սինանյանը Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ մոտ երկու շաբաթ առաջ է հանդիպում ունեցել, հետեւաբար՝ ի՞նչ նոր օրակարգի շուրջ է եղել խոսակցությունը:

Այս ամենի ֆոնին ուշադրության է արժանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կաթողիկոսը դժգոհություն է հայտնել Սինանյանի գործելաոճից: Բացառված չէ, որ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման ժամանակ նաեւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատաոճն է դարձել քննարկման առարկա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս