Երեխաներն ու դեռահասներն ամենից քիչ են ենթակա կորոնավիրուսով վարակվելու ռիսկին. չինացի գիտնականներ
Չինացի գիտնականները վերլուծել են նոր կորոնավիրուսով վարակվելու շանսերը տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների համար: Ռիսկն ամենից քիչ Է մինչեւ տասը տարեկան երեխաների եւ 10-ից մինչեւ 19 տարեկան դեռահասների համար. վարակվածների թվում նման պացիենտների միագումար բաժինը կազմում Է ընդամենը մոտավորապես 2 տոկոս: Դա հետեւում Է այն հետազոտությունից, որը հրապարակել Է JAMA գիտական հանդեսը, որին հղում Է արել ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտությունը հիմնված Է հիվանդանալու գրեթե 45 հազար հաստատված դեպքերի տվյալների վրա, որոնք հավաքվել են մինչեւ 2020 թվականի փետրվարի 12-ը: Վերլուծությունը ցույց Է տվել, որ առավել մեծ բաժինը՝ վարակվածների 86,6 տոկոսը, վերաբերում Է 30-ից մինչեւ 79 տարիքային խմբին: Ընդսմին մինչեւ 10 տարեկան երեխաներին բաժին Է ընկնում հիվանդացածների 0,9 տոկոսը, 10-ից մինչեւ 19 տարեկանների խմբին՝ 1,2 տոկոսը: Հետազոտության հեղինակները հաստատում են իրենց գործընկերների ավելի վաղ արված եզրակացություններն այն մասին, որ վարակման ռիսկն անհամեմատ ավելի մեծ Է տարեցների շրջանում:
«Վիրուսն առաջին հերթին ախտահարում Է խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպիսիք են՝ ասթման, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային պաթոլոգիաները»,-ասված Է հոդվածում: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում Covid-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել Է հիվանդանալու 80 հազար 270 դեպք, մահացել Է 2981 մարդ, ապաքինվել գրեթե 50 հազար հոգի: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 38 մահ Է գրանցվել կորոնավիրուսից, հայտնաբերվել Է 119 նոր հիվանդացած: Վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել Է 37 մարդ, մեկ օրում այստեղ հայտնաբերվել Է 115 նոր հիվանդ: Չինացի հետազոտողները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ Է մյուսից:
Այդ մասին գրել Է «Բեյցզին ժիբաո» թերթը՝ վրայակոչելով Չինաստանի Գիտությունների ակադեմիան: Հետազոտողներն ուսումնասիրել են նոր տիպի կորոնավիրուսի 103 նմուշ եւ հայտնաբերել, որ վերջին ժամանակներս դրանում հայտնվել են արդեն 149 մուտացիաներ: Նաեւ վիրուսը զարգացել Է՝ վերածվելով երկու ենթատիպի՝ տիպ S եւ L: Այդ ենթատիպերը գիտնականները գտել են 101 նմուշի մեջ, դրանց 30 տոկոսը վերաբերում Է S տիպին, 70 տոկոսը՝ L տիպին: Մասնագետները նշում են, որ երկրորդն ավելի վարակիչ Է, քան առաջինը: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել Է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Հրապարակման մեջ ասված Է, թե հիվանդությունը հատկապես ինչպես Է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում Է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են ենթարկվում սրտամկանի բջիջները:
Գիտնականները նաեւ նշում են, որ կորոնավիրոսի հետքեր են հայտնաբերել մարդու արտաթորման համակարգի արգասիքներում: Դա նշանակում Է, որ դրանք կարող են լինել օդա-կաթիլային ճանապարհով վարակման աղբյուր: Վիրուսային թոքաբորբի հարուցիչը կարող Է փոխանցվել խոսակցության, հազի եւ փռշտոցի ժամանակ: Նաեւ առողջ մարդը կարող Է կորոնավիրուսով վարակվել այն դեպքում, եթե նրա շնչառական համակարգ են ընկնում կախույթային փոշու մասնիկներ, որոնց մեջ հիվանդության հարուցիչ Է լինում: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել Է, որ ՉԺՀ-ն դեմ Է այն բանին, որ COVID-19-ն անվանեն «չինական վիրուս»:
«Առանձին ԶԼՄ-ներ COVID-19-ն անվանում են «չինական վիրուս», եւ դա չափազանց անպատասխանատու Է: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,- ասել Է դիվանագետը: Չժաո Լիցզյանն ընդգծել Է, որ, նախ՝ հիվանդության աղբյուրը պարզելու աշխատանքը դեռեւս շարունակվում Է, եւ վերջնական եզրակացություններ առայժմ չկան: Նա հիշեցրել Է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի նոր տեսակն առաջին անգամ Չինաստանում հայտնաբերվելու փաստն ամենեւին չի նշանակում, որ նոր կորոնավիրուսն սկիզբ Է առել հենց այստեղից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: