«Ախուրյանի տարածաշրջանում խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է». Հրաչ Բերբերյանը Փաշինյանին կոչ է անում պատասխանատվության ենթարկել նախարարին

«Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ շարունակելով,- Դժբախտությունը սկսել է մեկ ամիս առաջ, երբ փականները բացել են և ջուրը բաց են թողել դեպի Ախուրյանի ջրամբար, որը 50 տոկոս Թուրքիայի համար է նախատեսված, 50 տոկոս՝ Հայաստանի: Այսինքն, Արփի լճի ջրի կեսը, այսպես թե այնպես, տվել են Թուրքերին: Մոտ երկու օր առաջ նոր այդ փականները փակել են, այդպես էլ չեն վերանորոգել, ջուրն էլի հոսում է: Որևէ հույս չկա, որ Արփի լիճն այսօր կբավարարի այդ տարածաշրջանին»:

Նրա փոխանցմամբ՝ խայտառակ վիճակում են գտնվում նաև մյուս ջրամբարները:

«Գյուղացուն ջուր չեն տվել, բայց գումար են վերցնում: Արհեստական իրավիճակ են ստեղծել, որ Արփի լիճը դատարկվի. փականները բացել են վերանորոգման համար, հետո՝ փակել: Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա պատասխանատվության կանչի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, հարցնի, թե ո՞նց է պատահում, որ Արփի լիճն այսօրվա վիճակում 8 մլն խմ ջուր ունի՝ 100 մլն խմ փոխարեն: Ի դեպ, ֆերմերները մարզպետին հարցրել են՝ ցանք անե՞ն, թե՞ չէ, որովհետև սերմացու, թունաքիմիկատ, պարարտանյութ են ձեռք բերել, մարզպետը պատասխանել է, թե՝ ինքներդ որոշեք, ես չեմ երաշխավորում, որ Արփի լիճը կլցվի»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Տեսանյութեր

Լրահոս