«Հեղափոխությունից հետո ասում էիք՝ բոլոր դատավորները կոռումպացված են, հիմա թե՝ բա 10 տոկոսն է, դրանց մաքրենք՝ սաղ կդզվի, բա այդ դեպքում ինչո՞ւ էիք բոլորին անվանարկում»

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ թեև իշխանական պատգամավորները պնդում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների բարեվարքությունը, սակայն հիմա պարզվում է, որ դա չի անելու, ընդամենը ստուգելու է դատավորների ներկայացրած հայտարարագրերը, որոնք ներկայացված են մաթեմատիկական ճշգրտությամբ։

Ըստ նրա՝ այդ հանձնաժողովը հարց անգամ չի կարողանալու բարձրացնել, հետևաբար՝ անպատասխան է մնում հարցը՝ ինչպե՞ս են բարեվարքությունը ստուգելու, երբ դա հնարավոր էր անել միայն վեթինգի և անցումային արդարադատության միջոցով, ինչն էլ չարվեց։

«Կրկնում եմ՝ սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է, օրինակ, գործից ուշանալու համար կարող եք ընկնել դատավորի հետևից, բայց որ դատավորը մինչև գիշերվա 12-ը վճիռ է գրում, դա նորմալ է։ Այս փոփոխությունների փաթեթը պետք էր բերել կտոր-կտոր, որ ինչին կողմ էինք՝ «կողմ» քվեարկեինք, ինչին դեմ՝ «դեմ»։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, ապա եկեք հիշենք, որ այդ մարմնի նախկին անդամները հրաժարականներ տվեցին ճնշումների արդյունքում, նոր կազմին ընտրեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, հետևաբար՝ մենք չենք կարող վստահել այդ մարմնին, այնպես որ՝ ԲԴԽ-ին շարքից հանեցինք։

Ինչ վերաբերում է Դատավորների ժողովին, ապա այն ԲԴԽ-ի ազդեցության տակ է։ Տակը մնաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ստուգելու է  դատավորների հայտարարագրած գույքը, հողը, եկամուտները, սակայն չի կարող ետ գնալ ու ինչ-որ հարց տալ։ Մեր ասելիքն այն է, որ, եթե ուզում ենք արդար դատական համակարգ ունենալ, ապա պետք է իշխանության կողմից հնարավորինս քիչ միջամտություն լինի, հետո, թե չէ հեղափոխությունից հետո ասում էիք՝ բոլոր դատավորները կոռումպացված են, հիմա թե՝ բա 10 տոկոսն է, դրանց մաքրենք՝ սաղ կդզվի, բա այդ դեպքում ինչո՞ւ էիք բոլորին անվանարկում, այնպես որ՝ ձեր խոսքերին հետևեք»,- ասաց  Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս