Ֆրանսիայում պատգամավորները մերժել են երկու անվստահության քվեն երկրի կառավարությանը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահության քվեով երկրորդ բանաձեւի դեմ, որն առաջարկել էին հիմնական ձախ կուսակցությունները։
Բանաձեւն ընդունելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 289: Սակայն բանաձեւը հավաքել է սոսկ 91 ձայն: «Այսպիսով ունիվերսալ կենսաթոշակային համակարգի մասին օրինագիծը համարվում է ընդունված»,- ընդգծել է Ազգային ժողովի խոսնակ Ռիշար Ֆեռանը:
Այդ բանաձեւն առաջարկել էին երեք հիմնական ձախ կուսակցությունները՝ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը եւ «Անկոտրում Ֆրանսիա» շարժումը:
Ավելի վաղ պատգամավորները մերժել էին «Հանրապետականներ» խոշորագույն աջ կուսակցության պատգամավոր Դամիեն Աբադի առաջարկած անվստահության բանաձեւը: Դրա օգտին քվեարկել էր Ազգային ժողովի 148 անդամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: