Չինաստանում գրեթե 50 հազար մարդ է բուժվել կորոնավիրուսից
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է հիվանդանալու 80 հազար 270 դեպք, մահացել է 2981 մարդ, ապաքինվել գրեթե 50 հազար հոգի: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 38 մահ է գրանցվել կորոնավիրուսից, հայտնաբերվել է 119 նոր հիվանդացած: Վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել է 37 մարդ, մեկ օրում այստեղ հայտնաբերվել է 115 նոր հիվանդ:
Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 27,4 հազար մարդ, ավելի քան 6,4 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե 50 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից:
Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել է, որ հիվանդանալու դեպքերի նվազումը կարող է նշանակել, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը կայունանումէ: Միեւնուն ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինն ընդգծել է, որ դեռեւս շատ վաղ է խոսել այն մասին, որ երկրում արմատական բեկում է ձեռք բերվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա նշել է պատվաստանյութի եւ այլ դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ գիտական հետազոտություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: