«Որևէ մեկի անունը չեմ նշի՝ դրանով հնարավորություն կտամ ինձ ներգրավել այն գործընթացներում, որի ժամանակը չունեմ». Գաբրիել Բալայանը՝  իրավապաշտպանների հայտարարության մասին

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր պարզաբանեց, որ  օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, երբ անդրադարձել էր իրավապաշտպանների՝ բանակում կատարվող իրադարձություններին տրվող գնահատականներին՝ չի սպառնացել նրանց, ինչպես նրանք են ասում:

«Եթե վերլուծեն, կարդան իմ կենսագրությունը, ապա կտեսնեն, որ շատ-շատերից ավելի շատ ժամանակ եմ տրամադրել մարդու իրավունքների ուսումնասիրմանը: Գիտեք՝ ինչն է զարմանալի, որ այն, ինչ ես ասել էի, որևէ մեկը չփորձեց հերքել, կան որոշակի մասնավոր դեպքեր, և ես կարծում եմ, որ այո, եթե դրա իրավաչափության հետ կապված խնդիր կա, ապա իրավապահները պետք է դրանով զբաղվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ  փետրվարի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գաբրիել Բալայանն ասել էր, որ կան  իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք  քայքայիչ գործողություն են իրականացնում, նրանցից մի քանիսի մոտ, իր  պատկերացմամբ, հրճվանք են առաջացնում բանակում ողբերգական դեպքերը: Ինչից հետո մի շարք իրավապաշտպաններ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարը քննարկի փոխնախարար Գաբրիել Բալայանի վարքը և  հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկի նրան կարգապահական պատասխանատվության:

«Ես առիթ ունեցել եմ ասելու և այժմ էլ կրկնում եմ, որ մենք ունենք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության անհատ ներկայացուցիչներ, որոնց հետ շատ լավ համագործակցություն է ընթանում, որից արդյունավետ հետևություններ են արվում: Բայց, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է սա կիրառվում, այս առումով մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման, եթե կա առողջ քննադատություն, ապա առաջին շահառուն մենք ենք»,- հավելեց Պաշտպանության փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այնպես չէ, որ թերություններ չունեն, բայց պետք չէ հասարակությանը հրամցնել, որ զինծառայողները որոշակի քրեական ենթամշակույթի կրողներ են, իրականում բոլորովին հակառակն է:

«Ես որևէ մեկի անունը չեմ նշի, քանի որ դրանով նրանց հնարավորություն կտամ ինձ ներգրավել այն գործընթացներում, որի ժամանակը ես չունեմ»,- շեշտեց Գաբրիել Բալայանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս