«Բանակի վերաբերյալ տարիներ շարունակ քաղհասարակության բարձրացրած խնդիրները մինչ օրս մնում են անարձագանք». Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրավապաշտպանները թիրախավորվել են պաշտոնյաների կողմից. «Անգամ եղել են իրավապաշտպաններ, որոնք ստացել են փաստաթուղթ, որտեղ կոնկրետ գրված էր՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող: Այդպիսի փաստաթղթեր են ստացել իրավապաշտպանները ՊՆ-ից: Երևույթը շարունակական է, թեպետ սպասվում էր, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո դա կվերանա: Բանակի վերաբերյալ տարիներ շարունակ քաղհասարակության բարձրացրած խնդիրները մինչ օրս մնում են անարձագանք, մասնավորապես՝ մարդու կյանքի իրավունքի հետ կապված խնդիրը, բուժսպասարկման, քրեական ենթամշակույթի, ոչ կանոնադրական հարաբերությունների և անգամ՝ զորակոչի ինստիտուտի հետ կապված խնդիրները: Այդ խնդիրների բարձրաձայնումը նյարդայնացնում է նաև այսօրվա իշխանություններին: Բազմիցս բարձրաձայնել ենք համակարգային խնդիրների մասին, և դրանց չլուծվելու պատճառով է, որ շարունակական են լինելու մահերը: Բնականաբար, իրավապաշտպանները պետք է իրենց գնահատականները տան՝ ինչպես նախկինում, այդպես էլ՝ այժմ: Եթե այդ գնահատականները չտանք, միանգամից թիրախավորվում ենք հակառակ կողմից՝ բա ինչո՞ւ էիք այն ժամանակ խոսում, հիմա լռում եք»:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրավապաշտպաններից մի քանիսի մոտ, իր պատկերացմամբ՝ հրճվանք է առաջացնում բանակում ամեն ողբերգական դեպք. «Անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպան կազմակերպությունները քայքայիչ գործողություն են իրականացնում: Նրանք փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ կատարելու համար: Կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով»:

Հարցին՝ իրավապաշտպանների մի մասին հիմնականում մեղադրում են դրսից ֆինանսավորվելու և ապազգային գործունեություն ծավալելու համար, այս մեղադրանքներին ինչպե՞ս կհակադարձեք, և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նման մեղադրանքներ հնչում, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Գիտեք՝ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ մարդու իրավունքների պաշտպանություն: Դա իրապես ապազգային գործունեություն է, որովհետև մենք համամարդկային արժեքի հետ գործ ունենք: Կապ չունի՝ մարդն ազգությամբ հա՞յ է, թե՞ այլ երկրի ներկայացուցիչ է, մարդու իրավունքների պաշտպանները պետք է պաշտպանեն անհատի իրավունքը: Դրա համար ազգային հատկանիշ դնել մարդու իրավունքի պաշտպանի վրա՝ խորը մոլորություն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս