«Դեղատներում դիմակներ չկան որոշակի խուճապի արդյունքում». Նարեկ Զեյնալյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ նոր տեղեկատվություն այս պահին չունի, այն է, ինչ եղել է երեկվա դրությամբ։
Անդրադառնալով դիմակների սակավությանը, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պահեստավորված որոշակի քանակությամբ դիմակներ կան։
«Ինքս տեղյակ չեմ, թե ինչ քանակությամբ է, դեղատներում դիմակներ չկան որոշակի խուճապի արդյունքում, խուճապը չափից ավելին է։ Իհարկե, այս իրավիճակին պետք է բավականին լուրջ վերաբերվել, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է և կարող է ոչ ճիշտ հետևանքներ ունենալ։ Այս պահին տեղեկություններ չունեմ՝ Կառավարությունը դիմակներ գնելու փորձեր անո՞ւմ է, թե՞ ոչ։ Դիմակները 100 տոկոսով չեն կանխում վարակվելը և դրա հավանականությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Զեյնալյանը։
Հարցին՝ նախատեսո՞ւմ են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և քարոզարշավը հետաձգել, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է իրավիճակի փոփոխությունից:
«Եթե ամեն ինչ զսպելի լինի և այլ դեպքեր չգրանցվեն… ամեն ինչ կախված է, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչպիսի փոփոխություն կունենանք։ Հիմա քարոզարշավի հետ կապված գործողություններ են ընթանում, նաև կազմակերպչական բնույթի, ակտիվ քարոզչության փուլ դեռ չենք մտել, բայց նախապատրաստական բնույթի հարցեր են լուծվում։ Կարծեմ՝ այս պահին Երևանում դեռ հանդիպումներ նախատեսված չեն, բայց մարզերում ընթանում է։ Այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է։ Կրկնում եմ՝ այս հարցը չպետք է թերագնահատել, պետք է բավականին լուրջ վերաբերվել, բայց դրան զուգահեռ՝ չպետք չէ հավելյալ խուճապային տրմադրություններ ստեղծել»,- շեշտեց նա։