«Կորոնավիրուսից ավելի լուրջ վտանգ կա Հայաստանում». Նարինե Մկրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ կորոնավիրուսից ավելի լուրջ վտանգ է Հայաստանում «քաղաքական կորոնավիրուսի» ի հայտ գալը. «Հանրաքվեն կորոնավիրուսով չեղարկել-չչեղարկելու հարցը չէ հրատապ, ավելի հրատապ է հանրաքվեն նեղ հարցի շուրջ անցկացնելու փաստը: Ի սկզբանե դեմ եմ եղել նման հանրաքվեի կազմակերպմանը, որովհետև այլ խնդիր է, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ այս կազմը պետք է վաղուց հրաժարական տային, ոչ միայն՝ որովհետև դա պահանջում է հասարակական ընդհանուր մթնոլորտը, այլ նաև՝ նրանք չունեն և չեն ունեցել հասարակական վստահությունը: Բայց միևնույն ժամանակ՝ դեմ եմ խնդիրն այս կարգով լուծելուն և լուրջ պետական խնդիրը նեղ անձնական խնդրի վերածելուն: Երկրորդ՝ ես այն համոզմանն եմ, որ այդ և այլ խնդիրներին պետք էր անդրադառնալ հեղափոխությունից անմիջապես հետո՝ նոր Սահմանադրության ընդունմամբ»:
Նրա խոսքով՝ պետք է նոր Սահմանադրություն ընդունել, ոչ թե փոփոխություններ անել, որովհետև գործող Սահմանադրությունը կեղծված է. «Այս Սահմանադրությամբ չի կարելի նոր քաղաքական համակարգ և նոր Հայաստան կառուցել: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ավելի շատ վարակված ենք քաղաքական կորոնավիրուսով»:
Սահմանադրական բարեփոխումների ներկա կազմը Նարինե Մկրտչյանին հույս չի ներշնչում, թե կլինեն փոփոխություններ. «Նախ և առաջ, Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, այն պետք է գրեն իրավաբանները, բայց քաղաքական այն պատվերի հիման վրա, որը պետք է տա քաղաքական կուսակցությունը, քաղաքական իշխանությունը: Սահմանադրությունը նեղացնել և հասցնել իրավական մակարդակի, ճիշտ չէ, որովհետև նախ և առաջ՝ դա լուծում է քաղաքական համակարգի կայացման խնդիրը: Այդ իսկ պատճառով՝ այդ կազմը, որ հավաքվել է, հասարակությանը հիմնականում անհայտ մարդկանց և իշխանության քաղաքական ուղեգծում տեղավորված մարդկանց համախումբ է, որը խոսում է այն մասին, որ իշխանությունը ցանկություն չունի նոր Սահմանադրություն ընդունելու: Եթե բավարար հասարակական ճնշում լինի, Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի ընդառաջել: Այդ պատճառով ես կողմնակից եմ, որ այս քարոզարշավն ակտիվ բոյկոտվի, ընդ որում՝ այդ բոյկոտը նրանց ավելի է անհանգստացնում, քան պարզապես «ոչ»-ը: Քարոզարշավը պետք է օգտագործել՝ իշխանություններին պարտադրելու նոր Սահմանադրություն: Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում փոխել Հայաստանը, ապա մենք դա պետք է փոխենք»:
Նա նկատեց՝ ՍԴ այն կազմը, որին ուզում է բերել Նիկոլ Փաշինյանը, հավատ չի ներշնչում, որ նրանք անկախ պետք է լինեն. «Ընդհանրապես, կազմավորման օրվանից ՍԴ-ն հայտնվել է տվյալ օրվա իշխանության գրպանում: Սա ՍԴ չէ, սա գրպանի դատարան է եղել, բայց այն փոխելու մեթոդներն ինձ համար ընդունելի չեն: Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանն է իրեն վստահելի, իր քաղաքական որոշումները վավերացնող կազմ փորձում ձևավորել: Համենայնդեպս, ես չեմ տեսնում դաշտում այնպիսի անձինք, որոնք հենց նրա թիմում որևէ հարցում լրջորեն առարկում են նրան»:
ՄԱԱ նախագահի խոսքով՝ մամուլը հիմա ավելի ազատ է, քան նախկինում, բայց ըստ նրա՝ հիմա էլ բազմակարծությունն է մերժվում. «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք մենք հեռուստաեթերում չէինք տեսնում գործող իշխանություններին արմատական ընդդիմադիր դեմքեր, այսինքն՝ նրանք կարող էին հայտնվել, բայց դա ավելի շատ դրվագային էր: Հիմա կան արմատական տրամադրված հեռուստաընկերություններ, որոնք նաև ապահովում են իշխանության մատուցած տեղեկատվությանն այլընտրանքային տեղեկատվություն, որն ինձ համար շատ կարևոր է: Երկրորդ՝ ամեն դեպքում ապահովվում է նաև բազմակարծությունը: Մի փոքր ավելի բևեռացված լրատվական դաշտը հետևանք է իշխանության վարած միակողմանի քարոզչության, ինչին վերածվում է Հ1-ը: Այսինքն՝ բան չի փոխվել Հ1-ի և դրանից օգտվողների կյանքում: Բայց կա այլ վտանգ՝ մերժելու բազմակարծիք հասարակությունը, ընդ որում՝ մերժել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հրահանգով, այլ հասարակությանն այնպիսի ազդակներ են տրվում, որ սկսում են ուղղակի ոչնչացնել իշխանությունից տարբերվող կարծիքը և ամեն ինչ դիտարկում են սևի և սպիտակի տիրույթում: Օրինակ՝ ես լրջորեն մտահոգված եմ իրականացվող քաղաքական կուրսով, և այդ բազմակարծության մերժումը, ի վերջո, կարող է հանգեցնել մենիշխանության»:
Վերջին շրջանում քննարկվում են նաև պետական բարձր օղակներում ղեկավար անձանց պարգևավճարների չափերը: Օրինակ՝ մամուլը գրում է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար, կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Զարուհի Բաթոյանը 8 ամսվա ընթացքում ստացել է 30.000 դոլար պարգևատրում, և այլն: Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա օրենքի կոպիտ չարաշահում է, հանցագործություն: Հետաքրքրվեցինք՝ արդյոք կոպիտ չէ՞ իր գնահատականը, արդյո՞ք նախարարները չպետք է բարձր վարձատրվեն, պարգևավճարներ ստանան:
«Հաշվի առնելով Հայաստանի սոցիալական վիճակը, երբ շատ բան չի փոխվել նաև հեղափոխությունից հետո, և իմ գնահատականը ոչ թե կոպիտ է, այլ իրերն իրենց անուններով կոչել է: Ես վարչապետի փոխարեն՝ ուղղակի կպահանջեի նրանց հրաժարականները, որովհետև չգիտեմ՝ դա վարչապետի հրահանգո՞վ է արվում, թե՞ իրենք իրենց են պարգևատրում: Ի վերջո, արդյունքը մեկն է՝ նրանք ստանում են անհամաչափ բարձր պարգևատրում, որը համադրելի չէ հասարակության մեծամասնության ֆինանսական եկամուտների հետ: Գումարած դրան՝ 700.000 մարդ Հայաստանում համարվում է աղքատ և ծայրահեղ աղքատ, գումարած՝ 40-50 հազարի հասնող կենսաթոշակները, բուհական մտավորականության ցածր աշխատավարձերը, ամբողջ պետական համակարգում ներգրավվածների ցածր աշխատավարձերը, պետք է ասեմ, որ դա օրենքի խախտում է: Որևէ օրենք թույլ չի տալիս, որ իրենք իրենց աննախադեպ պարգևատրեն, հատկապես, որ նրանց աշխատանքի արդյունքը փայլուն չէ: Չի կարելի հայտարարել՝ պայքար կոռուպցիայի դեմ, բայց բյուջեն սարքել սեփական բարեկեցության աղբյուր… Սոցիալական հարցերի նախարարուհին, որ պետք է զբաղվեր հասարակության սոցիալական հարցերով, զբաղված է իր սոցիալական խնդիրները լուծելով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում