Ամուսնալուծությունների հավանական պատճառները. պարզաբանում է Սեքսոպաթոլոգ-հոգեթերապևտը
«Առանց կոնֆլիկտի ընտանիք չկա». պնդում է սեքսոպաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով, եթե փոքրիկ վիճաբանություններ, կոնֆլիկտներ չեն լինում, ուրեմն ընտանիքում տիրում են սառը հարաբերություններ:
«Կոնֆլիկտը մարդու ցանկությունների և հնարավորությունների անհամատեղելիությունն է, երբ մի բան ցանկանում են անել ու չեն կարողանում, ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ: Կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառը սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունն է, երբ մարդիկ չեն կարողանում «իրար հետ լեզու գտնել»: Սոցիալ-հոգեբանականի մեջ մտնում են բնակարանային պայմանները, ֆինանսական խնդիրները, երբ ամուսինը գնում է աշխատանքի ու փող չի բերում տուն: Կոնֆլիկտների առաջացումը կախված է նաև ընտանիքում երեխաների առկայությունից, ինչքան ընտանիքում երեխաները շատ են, այնքան կոֆլիկտները քիչ են, չեմ ասում՝ չկան, բայց քիչ են, դա ապացուցված է: Կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառներից մեկը նաև սեռական բնույթի խնդիրներն են»,- ասաց Զաքարյանը:
Սեքսոպաթոլոգ-հոգեթերապևտի խոսքով՝ էական նշանակություն ունի զույգի տարիքային տարբերությունը: Գրեթե նույն տարիքի ամուսինների մոտ կոնֆլիկտներն ավելի հաճախ հանդիպող երևույթ են.
«Աղջիկներն ավելի շուտ են հասունանում, մինչև 20 տարեկանում արդեն վերջանում է աղջիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեֆիզիկական ձևավորումը: Տղամարդկանց մոտ այդ շրջանն ավարտվում է 25 տարեկանում: 20 տարեկան տղան եթե ամուսնացավ 20 տարեկան աղջկա հետ, առաջանում է կոնֆլիկտ հենց առաջին օրվանից, քանի որ դեռ ավարտված չէ տղամարդու զարգացումը՝ սեռական, հոգեկան, մարմնի սոմատիկ զարգացումը: Զույգում լինում է աղջիկ, որն արդեն իր զարգացման գագաթնակետին է, և տղա, որը չի պատկերացնում կյանքը, ամուսնական հարաբերությունները: Մենք խորհուրդ ենք տալիս փոքր տարիքում ամուսնացողներին ապրել մեծերի հետ, որ կարողանան խորհրդով օգնել»:
Մարատ Զաքարյանի խոսքով՝ 18 տարեկան աղջիկները պետք է ընտրեն իրենցից 4-5 տարի մեծ տղաների, իսկ օրինակ՝ 30 տարեկան աղջիկները՝ 7-8 տարի մեծ տղամարդկանց: Մասնագետը պնդում է, որ բացառություններ միշտ լինում են: Իսկ ամուսնական ո՞ր տարում են ավելի հավանական բաժանությունները.
«Կոնֆլիկտները լինում են հիմնականում առաջին տարում, քանի որ մարդիկ իրար հետ նոր ծանոթանում են, կարող են 5-6 տարի շփվել, ամուսնանալ, հաջորդ օրը բաժանվել: Երկրորդ շրջանը 5-րդ տարին է, երբ իրար բավական ճանաչում են, երեխա կամ երեխաներ կան ընտանիքում, սկսում են սառել իրար նկատմամբ՝ սեռականապես և հոգեպես: Մյուսը 15-20 տարվա ամուսնություններն են, երբ կարծես ամեն ինչի հասել են, բայց իրարից սառել են: Կոնֆլիկտներ հանդիպում են նաև ծերացման շրջանում՝ 60-70 տարեկանում: Տղամարդիկ դառնում են գերգրգռված, փնթփնթան, ավելի նյարդային, նևրոտիկ գանգատներ են ունենում, անքնություն է առաջանում: Այս դեպքում կոնֆլիկտի պատճառ կարող է դառնալ անգամ այն, թե ճաշը աղի էր, թե անալի»:
Մասնագետը պնդում է՝ լինում են դեպքեր, երբ լավագույն լուծումը բաժանումն է, հակառակ դեպքում «ամուսինները կարող են իրար ինֆարկտի կամ ինսուլտի հասցնել»: Ընտանեկան կոնֆլիկտներում, ըստ Զաքարյանի, ամենաշատը տուժում են երեխաները, որոնց հոգեկան առողջության վրա մեծ հետք են թողնում այդ տրավմաները:
«Երեխան կարող է չհիշել, թե, ասենք, 6 տարեկանում ի՞նչ է կերել, բայց կարող է հիշել, որ հայրը եկել է տուն և խփել է մորը»: