Որո՞նք էին Ալեքսանդր Սպենդիարյանին Օպերայի բակում հուղարկավորելու պատճառները

Մեզանից շատերն ամեն օր քայլում են Օպերայի տարածքով, տեսնում են բակում տեղադրված Ալեքսանդր Սպենդիարյանի ու Հովհաննես Թումանյանի արձանները։ Տեսնում ենք նաև, որ տարածքը վերածվել է խաղավայրի, փողոցային հսկա մի խանութի։ Շուրջբոլորը սրճարաններ են, զվարճանքի վայրեր։ Եվ այս քաղաքային աղմուկի ու զվարճության մեջ՝ Օպերայի բակի անկյունում, կա մի շիրիմ․ դա Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։ Գերեզմանի ճիշտ թիկունքում սրճարան կա։ Կողք կողքի երկու տարբեր իրականություններ են, երկու տարբեր ժամանակաշրջաններ ու արժեքներ։ Երբեմն գերեզմանի տարածքում աղբ է կուտակվում, կամ այնտեղ պատահաբար հայտնվում են մարդիկ, ովքեր մի քանի վայրկյան ուշադիր կարդում են, թե ում շիրմաքարն է, և լուռ հեռանում։ Ւսկ Սպենդիարյանը մարդ էր, անհատ, ով շփվում էր Մաքսիմ Գորկու, Անտոն Չեխովի և Լև Տոլստոյի հետ։ Մեր օրերում տրամաբանություն չկա, թե ինչո՞ւ է մեծ կոմպոզիտորի աճյունը հենց այստեղ՝ Օպերայի բակում։ Սակայն, երբ թերթում ենք պատմության էջերը, հասկանում ենք, թե ինչո՞ւ որոշվեց Սպենդիարյանին հուղարկավորել հենց այստեղ։

1928 թվականին ԽՍՀՄ-ում նշվում էր Մաքսիմ Գորկու ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Սպենդիարյանը, ով մտերիմ էր Գորկու հետ, ղեկավարեց հոբելյանական համերգը։ Խորհրդանշական կերպով դա եղավ Սպենդիարյանի վերջին համերգը։ Նույն թվականի մայիսի 7-ին կոմպոզիտորը մահացավ։ Սպենդիարյանի մահվան օրը ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որն էլ որոշեց Սպենդիարյանին հուղարկավորել հենց այդ տարածքում։ Հանձնաժողովում այնպիսի մտավորականներ էին, ինչպիսիք են՝ Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք։ Պահպանված է գրությունը, որում նշված է հանձնաժողովի կազմը, որ բաղկացած էր 17 հոգուց․

«Հ․Ս․Խ․Հ․ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի կարգադրիչ․ 1928 թվական, մայիսի 7

Հանրապետության ժողովրդական արտիստ Ա․ Սպենդիարյանի թաղման համար ընտրել հատուկ հանձնաժողով հետևյալ կազմով՝ Ա․Մռավյան (նախագահ), Ռ․ Դաշտոյան (նախագահի տեղակալ), Յե․ Խոջամիրյան, Ա․ Տեր-Ղևոնդյան, Վ․Ղորղանյան, Դ․Դեմիրճյան, Վ․Սամվելյան, Ա․Թամանյան, Թ․Զաքարյան,Պրոֆ․ Հ․Բեդելյան, Ս․Մելիքյան, Վ․Մամիկոնյան, Գ․Վանանդեցի, Մ․Սարյան, Ա․Իսահակյան, Սպ․Կամսարական, Ս․Հակոբյան»։

Սակայն հանձնաժողովի որոշման հիմքում կային մի քանի պատճառներ, որոնցով էլ պայմանավորված էր կոմպոզիտորին հենց այդ վայրում հուղարկավորելու որոշումը։

Նախ՝ ամենակարևոր փաստն այն էր, որ ներկայիս Օպերայի տարածքում ժամանակին կար մատուռ՝ «Գեթսեմանի» մատուռը։ Մատուռի շուրջ եղել է հին Երևանի գերեզմանոցներից մեկը։ 1926 թվականին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն։ Նույն թվականի նոյեմբերից սկսվում է տարածքի հողակտորների օտարումը։ Այնպես ստացվեց, որ Օպերայի շենքի կառուցման ժամանակ չէին կարող շրջանցել մատուռը, և Թամանյանը որոշում է քանդել մատուռը։ Քանդվում են նաև տարածքի գերեզմանները։ Մատուռի քարերը համարակալվում են, որպեսզի հետագայում այն վերակառուցվի։ Մատուռը քանդվում է 1929 թվականին, և այդ ժամանակ Սպենդիարյանն արդեն հուղարկավորված էր։ Մյուս կողմից՝ այդ տարիներին Երևանում չկար պանթեոն, որտեղ կարող էին հուղարկավորել կոմպոզիտորին։ Պանթեոնը կառուցվեց միայն 1936 թվականին։ 1933 թվականին Օպերային թատրոնում ներկայացվում է առաջին օպերան՝ Սպենդիարյանի «Ալմաստը»։  Եվ այդ թվականների համար հարիր էր, որպեսզի հայազգի մեծ կոմպոզիտորի աճյունը լինի հենց իր անունը կրող թատրոնի տարածքում։

Ժամանակակիցները նշում են նաև, որ Սպենդիարյանի ամենամտերիմ ընկերը` Ալեքսանդր Թամանյանը, Սպենդիարյանի մահվանից հետո պատշաճ տեղ էր փնտրում  հուղարկավորության համար։ Գեորգի Բուդաղյանն էլ իր հուշերում նշում է, որ, երբ Օպերայի շուրջբոլորը մետաղներով ցանկապատեցին, այդ ժամանակ կոմպոզիտորի շիրիմը տեղափոխվել է դեպի կենտրոն։ 1971 թվականին, երբ նշվում էր կոմպոզիտորի 100–ամյակը, փոխվեց նրա շիրմաքարը։ Վերլուծելով և համադրելով վերոնշյալ այս բոլոր հանգամանքները՝ հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ Սպենդիարյանը հուղարկավորվեց Օպերայի բակում, և նրա աճյունը մինչ օրս մնում է այնտեղ։ Թերևս, այդ տարիներին, այդ ժամանակաշրջանում Օպերան ուներ իր ուրույն տեղը, այն քաղաքի համար առաջին մշակութային կենտրոնն էր, տարածքն ու մթնոլորտը շնչում էին արվեստով, իսկ այժմ…

Իսկ այժմ Օպերան դարձել է ուղղակի կառույց, որով ապրում են միայն որոշ մարդիկ, իսկ Սպենդիարյանը մարդ է, ում պատկերով ու անվամբ կա քանդակ, որտեղ էլ մարդիկ հաճախ ժամադրվում են։ Թերևս, հիմա քչերն են լսում Սպենդիարյանի «Էնզելին» և հիանում նրա հանճարով։ Ժամանակներն են այսպիսին…

Հոդվածը կազմելիս լուսանկարներ և տեղեկություններ տրամադրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։

Զ․Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս