Ռուբեն Մելիքյանի խորհուրդը՝ Լիլիթ Մակունցին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Ոչ»-ի շտաբ չձևավորելուն, նշեց, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քարոզարշավին, թե՞ ոչ։
«Ինձ համար այս հարցը բոլորովին այլ դաշտում է գտնվում, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական, քաղաքական իրադարձությանը։ Չնայած, պաշտոնապես հայտարարել է, որ քարոզ չի իրականացնելու, այդուհանդերձ, այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում բոյկոտի կամ չմասնակցելու, դրանով իսկ անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզ, այս դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են»,- նշեց Լիլիթ Մակունցը։
168.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով այս բնորոշմանը՝ նշեց, որ գոյություն ունի «Ոչ»-ի քարոզչական կողմ, շտաբ հասկացությունն այստեղ իրավաբանորեն ճիշտ չէ, շտաբն ընդամենը կազմակերպական կողմ է։
««Ոչ»-ի քարոզչական կողմը, որը ներկայացնում ենք մենք, մտադրություն չունենք բառիս բուն իմաստով շտաբներ բացել։ Ինչ վերաբերում է «Այո»-ի քարոզչական կողմին, ապա նրանք հայտարարել են, որ շտաբներ են բացելու։ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ նկատի ունի տիկին Մակունցը. եթե նա նկատի ունի շտաբ՝ բառիս դասական իմաստով, ապա «Ոչ»-ի շտաբ, որպես այդպիսին, չկա, գոյություն ունի «Ոչ-ի քարոզչական կողմ, որը ներկայացնում ենք մենք»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը։
Ինչ վերաբերում է Մակունցի դիտարկմանը, որ իր համար անհասկանալի է, թե ինչու «Ոչ»-ի կողմնակիցները քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են, Ռուբեն Մելիքյանը Լիլիթ Մակունցին խորհուրդ տվեց ընթերցել իրենց հայտարարությունը, որտեղ շատ հստակ նշված է, թե ինչու են այդ քայլին դիմել և ինչ հանձնառություն են ստանձնում, և որն է նպատակը։