«Թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն արդեն մեկնարկել է, սակայն այս պահին ոչ թե հանրային քարոզարշավ, այլ Երևանի համայնքներում և մարզերում հանդիպումների տեսքով աշխատանքներ են իրականացվում։
«Ինչ վերաբերում է քարոզարշավի ընդհանուր պլանին, կարծում եմ՝ առաջիկայում «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը ասուլիս կհրավիրի և հանգամանալից կներկայացնի, թե ինչ ենք պատրաստվում անել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է «Ոչ»-ի շտաբ չձևավորվելուն, Լիրլիթ Մակունցը նշեց, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քարոզարշավին, թե՞ ոչ։
«Ինձ համար այս հարցը բոլորովին այլ դաշտում է գտնվում, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական, քաղաքական իրադարձությանը։ Չնայած, պաշտոնապես հայտարարել է, որ քարոզ չի իրականացնելու, այդուհանդերձ, այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում բոյկոտի կամ չմասնակցելու, դրանով իսկ անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզ, այս դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են»,- շեշտեց Լ. Մակունցը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամբողջ գործընթացը իրավական և սահմանադրական է, քանի որ հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու Սահմանադրական դատարանի այն մոդելը, որը հաստատվել է 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով նախագիծը չուղարկելու վարչապետի բնորոշմանը, Լիլիթ Մակունցը նշեց, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության նախագիծը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի այն մոդելով, որն այսօր կա, չի գործում, և այդ նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, և ստացել է դրական եզրակացություն։
«Այն, ինչ մենք նախատեսում ենք փոխել՝ վերականգնելն է այն մոդելը, որն արդեն Սահմանադրությամբ, 2015 թվականի փոփոխություններով հաստատվել է, և որն այս պահին չի գործում, չի գործում այն ՍԴ-ն, որի մոդելը հաստատել է միջազգային կառույցը։ Մենք դեռևս այս առումով վերջնական քաղաքական որոշում չունենք և մենք դեռ ժամանակ ունենք որոշում կայացնելու, բայց այստեղ մի փոքր տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք մի փաթեթի հետ, որն արդեն հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգնում ենք հավանության արժանացած այդ փաթեթը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում