«Խաղաղություն մուրա՞լ, այն էլ ումից՝ Ալիևի՞ց, թուրքի՞ց, ադրբեջանցիների՞ց: Դա մեզ սազական չէ». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի պնդմամբ, ադրբեջանցիների վերաբնակեցումն ազատագրված տարածքներում մեծ պատերազմի պատճառ կարող է դառնալ:
«Ադրբեջանցիներին բերելով մեր պատմական, ազատագրված տարածքներ, տալիս ենք բոլոր հնարավորությունները, որ ցանկացած ժամանակ կարող է նորից լայնածավալ, մեծ պատերազմ սկսվի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գևորգյանը՝ ակնարկելով, որ բանակցային նոր փուլի համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
Ըստ նրա՝ երկրի ղեկավար պիտի լինի մեկը, ով կարողանում է հաղթողի դիրքից խոսել, հատկապես, երբ հաղթող կողմը պատերազմում դու ես եղել, քո բանակն է հաղթանակած:
«Խաղաղություն մուրա՞լ, այն էլ ումից՝ Ալիևի՞ց, թուրքի՞ց, ադրբեջանցիների՞ց: Դա մեզ սազական չէ: Իսկ այս հանդիպումը (Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպում:- Մ.Պ.) նման էր կոնկրետ խաղաղություն մուրալուն: Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են: Իսկ մենք պարտադրել ենք, և հարկավոր էր, որ հիմա երկրի թիվ մեկ պատասխանատուն կարողանար այդ դիրքերից խոսել: Որ մեր թիվ մեկ պատասխանատուն ասեր՝ եթե դուք ցանկանում եք, որ բանակցությունների միջոցով կոնֆլիկտի լուծմանը հասնենք, մենք՝ որպես հաղթող կողմ, պիտի ասենք, թե ինչ է հարկավոր, իսկ մեզ հարկավոր է, որ դուք ճանաչեք Արցախի Հանրապետությունը, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվի»,- ընդգծեց ռազմական գործիչը՝ պնդելով, որ մեր ամուր դիրքերը մսխվում են. Փաշինյանը գնում է ԼՂ խնդրի լուծման փուլային տարբերակի:
Հանդիպմանը ներկա «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ Շահե Աճեմյանը հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ԼՂ հարցով եկավ և դրանով էլ հեռացավ, ուստի չի բացառվում, որ ԼՂ հարցը պատճառ դառնա նաև Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
«Նիկոլն էլ կարա գնա ԼՂ հարցով, բարով երթա: Այսինքն՝ մինչև կանցնեն փուլայինի, նա ժամանակ չի ունենա ղեկավարելու Հայաստանը: Երկրորդ՝ քանի դեռ պատերազմող երկիր է Հայաստանը, նրա ղեկավարը պիտի լինի պատերազմի միջով անցած մարդ, բայց այսօր լոտոյի, կայծակի նման մեր գլխին եկել է մի անձնավորություն, որի ականջի մոտ մի «ռումբ» չի պայթել»,- եզրափակեց Աճեմյանը: