«Երբ օլիգարխը դառնում է բիզնեսմեն, ընտրակեղծիքն էլ դառնում է ժողովրդի ձայն». Միհրդատ Մադաթյան
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը չի հավատում, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Այո»-ի ճամբարն օրինական ճանապարհով կարողանալու է անհրաժեշտ ձայներ հավաքել: Նա պնդում է, որ արդեն վարչական ռեսուրսի օգտագործման մասին ինֆորմացիաներ է ստանում:
«Նիկոլն ասում էր՝ թաղային հեղինակությունները, օլիգարխներն օգնում են նախկին իշխանություններին ընտրությունների ժամանակ, հետո Դավիթ Սանասարյանը մի քիչ նեղված ասաց՝ էդ թաղային հեղինակություններն են օգնել Ալեն Սիմոնյանին ընտրվել, դա ես չեմ ասում, Դավիթ Սանասարյանն է ասում: Հիմա ես, չգիտես ինչու, մտածում եմ, որ այս հանրաքվեն Նիկոլը փորձելու է անցկացնել թաղային հեղինակությունների, օլիգարխների, նախկին զզվելի, գող-ավազակ հարուստների շնորհիվ:
Քանի որ Հայաստանը փոքր է, մենք արդեն սկսել ենք լսել, թե ինչպես են նախկին օլիգարխներ, այժմ՝ խոշոր սեփականատերեր, իրենց աշխատողներին ասում՝ կգնաք՝ «Այո» կասեք, չեն կարողանում ասել, թե ինչին, որովհետև չգիտեն, բայց ասում են՝ կասեք «այո»: Ի՞նչ է փոխվել, ոչ մի բան»:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն էլ է մասնակցելու «Այո»-ի քարոզարշավին: Մ. Հարությունյանի կարծիքով՝ այս հանրաքվեն հենց Նիկոլ Փաշինյանի համար էլ կազմակերպվել է.
«Կարծում եմ, որ այս ամբողջ շոուի նպատակը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը միտինգների մասնակցելու հնարավորություն ունենա, բարձրանա, խոսի, իր համար կայֆը դա է, գնա, հանդիպի: Բայց մի բան հաշվի չի առել, որ այս անգամ ժողովրդի հետ հանդիպումն առաջվանը չի լինելու, ժողովուրդն ասելու է՝ «ընգեր, բա խի՞ մենք լավ չենք ապրում»: Ինքն առաջվա ընդիմադիր, ամեն ինչից խոսող Նիկոլը չի, ինքը պետք է պատասխաններ տա: Հարցադրումները փոխվելու են, սա իր համար ուսուցողական է լինելու»:
Մենուա Հարությունյանի պնդմամբ, եթե հանրաքվեում «Այո»-ն չհաղթեց, հաջորդ օրը ընդդիմադիր կուսակցությունները Նիկոլ Փաշինյանին անվստահություն են հայտնելու:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ևս մտավախություն ունի, որ ընտրակեղծիքներ լինելու են հանրաքվեի ժամանակ:
«2019-ին ժողովրդի մեծամասնությունը չգիտեր, թե ի՞նչ է ՍԴ-ն և ինչո՞վ է զբաղվում: Հիմա դրա հարցը դրել ենք հանրաքվեի, ավելին՝ եթե հիմա գնանք, օրինակ, Մարալիկ և հարցնենք, թե սա ինչ հանրաքվե է, չգիտեն մարդիկ, բայց այդ կարծիքով հարց է լուծվում:
Այն, որ հանրաքվեն իրավախախտումներով է տեղի ունենում, դա նորություն չէ, նրանք իշխանության գլուխ էլ են եկել իրավախախտումներով, Սահմանադրություն տապալելու փորձերով՝ ամեն ինչ հիմնավորելով մի գաղափարով, որի անունն է՝ «ժողովրդի ձայն»: Ընտրակեղծիքներ էլ են անելու, անունը դնելու են «ժողովրդի ձայն», երբ օլիգարխը դառնում է բիզնեսմեն, ընտրակեղծիքն էլ դառնում է ժողովրդի ձայն: Դա մի էյֆորիկ գաղափար է, որը ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե դա ո՞ւմ ձայնն է: Եթե դա այն հայհոյող տատիկների կամ գլենդելահայերի ձայնն է, ապա իրենք իմ երկրի հետ գործ չունեն: 2 տարի թող գային Երևանում ապրեին, մի հատ իրենց մաշկի վրա զգային այդ ամեն ինչը, ոչ թե տաք-տաք համբուրգերներ ուտեին ու սկսեին հայհոյել»,- ասաց հոգեբանը:
Մադաթյանի խոսքով՝ անիմաստ գործընթաց է տեղի ունենում, սին օրակարգ է: Նա պնդում է՝ սա արվում է ավելի կարևոր հարցերից շեղելու համար: Մենուա Հարությունյանն էլ առաջարկում է՝ եթե ՍԴ հարցը դրվում է հանրաքվեի, ապա այդ տարբերակով այլ հարցեր ևս լուծեն.
«Եկեք հանրաքվեի դնենք, թե ժողովուրդը կողմ է, որ Փաշինյանն իր թայֆային միլիոնավոր դոլարների պարգևավճարներ տա, որ իր կյանքը շքեղացնի, որ պաշտոնները բաժանի իր թայֆայի մեջ: Եկեք սենց հարցեր դնենք, տեսնենք՝ ժողովուրդը կո՞ղմ է, որ բալային համակարգ դնեն, երբ Փաշինյանը իշխանության էր գալիս՝ ասելով՝ գալիս եմ՝ արագաչափերը փակեմ: Հայաստանի քաղաքացին և քաղաքական ուժերը պետք է ձևակերպեն հետևյալ հարցը՝ դու հիմա կարողանո՞ւմ ես ներդրում բերել, կարողանո՞ւմ ես տնտեսությունը զարգացնել, որ լավ ապրենք, եթե այո, ապա մնա, արա, եթե ոչ, ապա սահմանադրական հանրաքվեդ էլ վերցրու, գնա, հո կրակը չե՞նք ընկել քո ձեռքը»: