Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր համագործակցության արդյունքում առաջիկա մենամարտը կանցկացնի Դետրոյթում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր պրոմոութերական ընկերության հետ է համագործակցում և մարտին նախատեսված մենամարտ ունի։

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավագյանը։ «Պայմանագիր եմ ստորագրել ամերիկյան «Salita promotions» ընկերության հետ։ Մարտի 13-ին կկայանա առաջին մենամարտը՝ իմ մրցակիցը կլինի դոմինիկացի Դագուբերտո Ագուերոն (15-0-0), ով անպարտելի է։ Այս մենամարտից մեծ ակնկալիքներ ունեմ նշեց բռնցքամարտիկը։

Խոսելով մրցակցի մասին՝ հայ բռնցքամարտիկը շեշտեց, որ նա տեխնիկապես զարգացած է, ունի հարուստ սիրողական բռնցքամարտի պատմություն։ Ավագյանը փաստեց, որ 3 մարտ հաջող անցկացնելուց հետո մեծ է հավանականությունը չեմպիոնական մենամարտ ունենալու։ «WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում International Silver գոտին հետ եմ հանձնել, քանի որ չունեի պրոմոութերական կազմակերպություն և մեծ ծախսեր կպահանջվեին ՝ մոտ 55․000 ԱՄՆ դոլար գոտու պաշտպանության մենամարտ անցկացնելու համար։ Դադարեցնելով «Punch boxing» պրոմոութերական ընկերության հետ համագործակցությունը և թողնելով այս գոտին՝ գնում եմ ավելի մեծ գոտու հետևից»,- ասաց Ավագյանը։

Վերջինս փաստեց, որ Հայաստանում մարզվելու ընթացքում նրան այդ հարցում օգնում է բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը և մարզիչ Կարեն Աղամալյանը։ Առաջիկայում Ավագյանը կաշխատի Թայսոն Ֆյուրիի հետ համագործակցող մարզչի հետ։ Արամ Ավագյանը մինչ այս պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 10 մենամարտ և չի կրել ոչ մի պարտություն։ Հաջորդ մենամարտը կկայանա ԱՄՆ Դետրոյթ քաղաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս