«Ինքս չեմ կարծում, որ ֆեյք նյուզի դեմ պետք է պայքարել. այն մարդկության ողջ պատմության ընթացքում ուղեկցել է մեզ, և այսօր պարզապես ֆեյք նյուզ արտադրողներն են շատացել». Արմեն Մինասյան
«Միանշանակ համաձայն եմ, որ որոշակի պրոցեսներից հետո ահագնանալու են հետապնդումները՝ կապված ազատ խոսքի և մամուլի ազատության հետ, բայց որպեսզի անելիքները ճիշտ որոշենք կամ առնվազն օրակարգը ձևակերպենք, կարծում եմ, պետք է նախ՝ իրավիճակը ճիշտ ախտորոշել, իսկ այն իմ պատկերացմամբ՝ հետևյալն է: Կան խնդիրներ, որոնք կապված են բուն հայաստանյան սոցիալ-քաղաքական պրոցեսների հետ, և կան խնդիրներ, որոնք գլոբալ թրենդների մեջ են տեղավորվում»,- ասաց մեդիափորձագետ, քաղաքագետ Արմեն Մինասյանը ՀԺՄ-ի կողմից կազմակերպված, մամուլի խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ գլոբալ խնդիրները 2 մեծ խմբի են բաժանվում, և դրանցից մեկը ֆեյք նյուզի խնդիրն է, որի դեմ պայքարը եզրափակվում է խոսքի ազատության սահմանափակմամբ:
«Ինքս չեմ կարծում, որ ֆեյք նյուզի դեմ պետք է պայքարել: Իմ տպավորությամբ՝ այն մարդկության ողջ պատմության ընթացքում ուղեկցել է մեզ, և այսօր պարզապես ֆեյք նյուզ արտադրողներն են շատացել»,- ասաց Արմեն Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանը չպետք է գնացքից առաջ կանգնի ու այստեղ ինքնուրույն լուծումներ փնտրի:
Արմեն Մինասյանը կարծում է, որ այս խնդիրն այսօր ավելի շատ շահարկվում է՝ քողարկելով իրական նպատակները:
Երկրորդ խնդիրը, որի պրոյեկցիան Հայաստանում մենք տեսնում ենք, ըստ բանախոսի, հակառակ տեսակետն ունեցողներին լռեցնելու փորձերն են:
«Խոսում են հակահեղափոխական TV-ների մասին, կամ առանձին լրատվամիջոցներ մեղադրվում են որոշակի հակապետական կամ հակահեղափոխական գործունեության մեջ, բայց միևնույն ժամանակ՝ մենք ունենք իրավիճակ, երբ կազմվում են անցանկալի լրատվամիջոցների, էքսպերտների կամ գործիչների ցուցակներ»,- նշեց Արմեն Մինասյանը՝ հավելելով, որ սա համաշխարհային տենդենց է:
Ինչ վերաբերում է տեղական խնդիրներին, Արմեն Մինասյանն ասաց, որ դրանք կրկին կբաժաներ երկու մեծ խմբի՝ մեդիա ոլորտում օրենսդրական կարգավորումների և մեդիայի ինքնակարգավորումների հետ կապված խմբեր:
«Մենք այսօր կանգնած ենք փաստի առջև, որ չգիտենք՝ ի՞նչ է ԶԼՄ-ն և ի՞նչը ԶԼՄ չի: Չգիտենք՝ ի՞նչն է պաշտոնական ինֆորմացիա, ի՞նչը՝ ոչ: Չգիտենք՝ ի՞նչն է փաստ, ի՞նչն է փաստի մեկնաբանություն»,- նկատեց մեդիափորձագետը:
Որպես արխիվի հետ աշխատող փորձագետ՝ Արմեն Մինասյանը վստահեցնում է, որ ինֆորմացիայի մի զգալի ծավալ պարզապես կորչում է:
«Որևէ մամուլի խոսնակ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է բացառապես սեփական Ֆեյսբուքի էջում, հետո մի օր ինքը խռովում է, Ֆեյսբուքի էջն անջատում է ու գնում է իրենց տուն: Եվ մենք մի հսկայական պաշտոնական ինֆորմացիա պարզապես կորցնում ենք»,- ասաց Արմեն Մինասյանը:
Վերջինս անդրադարձավ նաև մամուլի նկատմամբ ճնշումներին:
«Այդ ճնշումները կան, դրանք կան հարձակումների ձևով, ճնշումներ կան տարատեսակ քրեական գործեր հարուցելու տեսքով, բայց այդ ճնշումները կան նաև խրախուսանքների ձևով: Որևէ մեկն առայժմ ցույց չի տվել, թե հանրային միջոցներն ինչպես են բաշխվում, ենթադրենք, մեդիա ոլորտում, և, պայմանական ասած, սևերը որքանով են օգտվում այդ հանրային միջոցներից»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա՝ չկա նաև հասարակական բանավեճ:
«Այստեղ արդեն խոսվեց, որ մամուլը, իրվապաշտպան կառույցները ճամբարավորված են, դիրքավորված են բարիկադների տարբեր կողմերում, և ոչ միայն մեդիայի, այլև հասարակության ներսում դիալոգ չկա»,- նշեց քաղաքագետը: