Բաժիններ՝

«Հայրենադարձի աչքերով»

24 տարեկան Սարիկ Սևադային (Սևադա Սաֆարյան) գիրք գրել «ստիպել» է նախկինում  Սփյուռքի նախարարությունում աշխատելու հանգամանքը: Նախարարությունում աշխատելու տարիներին նա մի քանի վարչություններ է փոխել, իսկ վերջում աշխատել է «Հայերն այսօր» պարբերականում՝ որպես լրագրող, ու 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերից հետո պարբերականի համար սկսել է հարցազրույցներ անել Հայաստան եկած հայրենադարձների հետ: Հետո հասկացել է, որ նոր հայրենադարձները, իր իսկ խոսքով, զգացական առումով ոչինչ չեն կարող փոխանցել մարդկանց, ու որոշել է ուսումնասիրել հայրենադարձների մեծ ցանկն ու այնտեղից ընտրել է 30 հայրենադարձի՝ 18 երկրից, ու սկսել է գրել «Հայրենադարձի աչքերով» գիրքը:

«Ընտրեցի հիմնականում կայացած հայրենադարձների՝ այն առումով, որ իրենք կայացած են թե՛ իրենց մասնագիտական առումով, հանրության շրջանում շատ հայտնի են, իրենց ոլորտում են հայտնի, թե՛ գործարար ոլորտի մարդիկ են, թե՛ հասարակական և մշակութային գործիչներ: Ընտրեցի ու սկսեցի իմ հարցազրույցների շարքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարիկ Սևադան՝ նշելով, որ հայրենադարձներից «լավ առումով ծաղկաքաղ է արել» ու ստացել մի աշխատանք, որում կերպարները բավական տարբեր են:

Գրքում ընդգրկված են մարդիկ, որոնց Հայաստան է բերել սերը, ովքեր եկել ու սիրահարվել են Հայաստանին, ովքեր հանգստություն են գտել Հայաստանում, ու որոշել են բնակություն հաստատել իրենց պապերի ապրած երկրում: Գրքում ներկայացված են գործարար կանանց և տղամարդկանց, երաժիշտների հաջողված պատմություններ:

Գրքում հիմնականում գործարար մարդկանց հաջողության պատմությունները ներառելով՝ Ս. Սևադան ցանկացել է ցույց տալ սփյուռքի երիտասարդությանը, որ կա հայրենադարձություն, ու դա հաջողված գործընթաց է:

Հեղինակի համար հայրենադարձն այն մարդն է, ով ազգությամբ հայ է և որոշում է վերադառնալ հայրենիք:

«Անխտիր բոլորին տալիս եմ նույն հարցը՝ ո՞վ է իրենց համար հայը: Կարծում եմ՝ դրանից արդեն երևում է իրենց տեսակը և այն, թե նա ինչպես է վերաբերվում հային ու Հայաստանին: Սկզբից մտածում էի գրել երրորդ դեմքով: Հետո հասկացա, որ այդպես ընթերցողին մինչև վերջ չեմ հասցնի տվյալ հայրենադարձի խոսքը, դրա համար որոշեցի, որ գիրքը լինի հարցազրույցների տեսքով»,- մեզ հետ զրույցում ասաց հեղինակը:

Գրքում միայն դրական պատմություններ չեն նկարագրված: Այստեղ նաև առաջ են քաշված մի շարք դժվարություններ, մտահոգություններ, որոնք ուղեկցել են հայրենադարձներին:

«Հանրությունը նրանց միայն որպես հաջողակների գիտի, սակայն իրենց կյանքի պատմությանը ծանոթանալիս՝ տեսնում ենք, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնել այդ մարդիկ, ինչ մտահոգություններ ունեն ներկայիս Հայաստանի մասին, ու ինչքան է հեռու ներկայիս Հայաստանն իրենց երազած Հայաստանից»,- ասաց Ս. Սևադան՝ նշելով, որ իր որոշ հերոսների համար իրենց երազած Հայաստանը շատ մոտ է, մյուսների համար՝ երազած Հայաստանը տեսնելուց դեռ տարիներ են բաժանում:

Նրա խոսքով՝ եթե 1990-ականներին հայրենադարձների հիմնական դժվարությունը մենթալիտետն է եղել, ապա այսօր հիմնական մտահոգությունը երթևեկությունն է ու դժբախտ պատահարների ավելացող թիվը:

Հեղինակը գիրքը վերնագրել է «Հայրենադարձի աչքերով», որովհետև հայրենադարձների հետ շփումն անգամ 24 տարի Հայաստանում ապրած հային է ստիպել երկրին այլ աչքերով նայել:

«Շփվելով 30 հայրենադարձի հետ՝ ես սկսեցի այլ աչքերով նայել Հայաստանին: Հայաստանաբնակներս Հայաստանը տեսնում ենք մեր աչքերով, գիտենք բացերը, առավելությունները: Սակայն, երբ նայում ենք հայրենադարձի աչքերով՝ մեզ համար Հայաստանը երազանքներով դրախտավայր է թվում: Սա ռոմանտիզմ չէ, իսկապես իրենց պատկերացմամբ՝ քեզ թվում է, թե դրախտում ես»,- ասաց հեղինակը:

«Հայրենադարձի աչքերով» գիրքը շահույթ չի հետապնդում, վաճառքի ենթակա չէ: Հիմնական նպատակն այն նաև սփյուռքի հայ համայնքներին ուղարկելն է: Այս պահին արդեն պայմանավորվածություն կա գիրքը 12 հայ համայնքի ուղարկելու շուրջ: Բանակցություններ են ընթանում նաև գիրքն արևմտահայերենով թարգմանելու ուղղությամբ, քանի որ սփյուռքի հիմնական մասը հակված է արևմտահայերեն կարդալուն:

Սարիկ Սևադան պատրաստվում է 2020 թվականին անդրադառնալ 50 հայրենադարձի՝ սփյուռքին պատմելով մյուսների հաջողությունների ու ունեցած խնդիրների մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս