«Օրենսդրական նախաձեռնություն պիտի լինի՝ չծառայած տղամարդը չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել». Վիտալի Մանգասարյան
ԱՀՏԱ (զամպալիտ) ինստիտուտը պետք է է՛լ ավելի ուժեղացնել, կարծում եմ՝ դա խնդրի մասնակի լուծում կլինի, սա իրականում ամենակարևոր պաշտոնն է, այս գործառույթն իրականացնողը պետք է առավելագույն տեղեկության տիրապետի անձնակազմի մասին, սկսած սիրած աղջկանից՝ մինչև քրոջ ընկեր կամ ուզող: 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում հաճախակի դարձած ոչ մարտական կորուստների փաստին:
«Խնդրի կարճատև լուծում կլինի նաև, եթե գումարտակի զամպալիտը 1-2 օգնական ունենա: Պետք է սպաների կադրային մեծ բազա ունենալ, որ կարողանանք բարոյահոգեբանական գծով պատասխանատու ընտրել, այսպես ասած, մեջներից լավագույնին, և այդ պաշտոնը պետք է էլ ավելի գրավիչ դարձնել (ԲՏԱ-ն և հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալը նույն գործառույթն են իրականացնում,- Մ.Պ.)։ Գաղտնիք չէ, որ այն սպան, որը նշանակվում է, ասենք, գումարտակի զամպալիտ, մեծամասամբ այդ հաստիքից էլ զորացրվում է պահեստազոր, աճելու հնարավորություն շատ քչերն են ունենում։ Իսկ խնդրի գլոբալ լուծման համար անելիք ունեն գրեթե բոլոր գերատեսչությունները, մասնավորապես՝ կրթական ոլորտի պատասխանատուները»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ սպան պետք է առավելագույնս պաշտպանված լինի, այդ թվում՝ օրենսդրական առումով, որտեղ, բնականաբար, անելիքներ ունի հենց օրենսդիրը:
«Պետք է օրենսդրական լծակներն օգտագործել՝ առնվազն երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից սպայական գործը քարոզելու համար: Օրինակ, ունենք «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում վերջին շրջանում։ Այդ ծրագրով մենք մասնակի լուծում ենք ցածր օղակի հրամկազմի խնդիրը։ Լավ կլիներ, եթե ԱԺ ամբիոնից որևէ չծառայած պատգամավոր բանակին առնչվող թեմայի շուրջ մի օր իր խոսքը կառուցելիս սկսեր հետևյալ նախադասությամբ. «Ես վատ եմ զգում, որ չեմ ծառայել բանակում»: Կամ օրենսդրական նախաձեռնություն լինի՝ չծառայած տղամարդը կամ արական սեռի ներկայացուցիչը չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել՝ նախարար, մարզպետ, պատգամավոր և այլն: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որ նմանօրինակ նախաձեռնություններով լուծում ենք գոյության խնդիր»,- շեշտեց Վիտալի Մանգասարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ ռազմական ուսումնական հաստատություններում կուրսանտների թիվն ավելանա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, թե զինվորիների մոտ քրեական ենթամշակույթի տարրեր են նկատվում, քանի որ նրանք չեն ցանկանում իրենց վարտիքները սահմանված կարգով լվանալ լվացքի մեքենայով, ռազմական փորձագետը նախ նշեց, որ անգամ տան պայմաններում առանձին-առանձին ենք ներքնաշորերը լվանում:
«Ես վարչապետի արտահայտած մտքի հետ համակարծիք չեմ: Ամեն վաշտում մեկ լվացքի մեքենա է, իսկ վաշտում մինչև 60 հոգի մարդ կա: Ըստ իս՝ այդ խնդրի լուծումը շատ պարզ է. ամեն բաղնիք գնալուց առաջ զինվորներին տալիս ենք նորը։ Կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլինի, եթե ամեն շաբաթ մի քիչ ավելի ցածր որակի ներքնաշոր տանք, քան 6 ամսվա համար՝ 3-4 հատ բարձր որակի։ Իհարկե, եթե հնարավորություն ունենք ամեն շաբաթ բարձր որակի տալու, ավելի լավ»,- ասաց մեր զրուցակիցը: