Տաթևիկ Ռևազյանի անհաջող մանյովրը
168.am-ն օրեր առաջ գրել էր, որ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերևս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով ծառայություններ, ինչը չի գործելու «Ryanair» և «Wizz Air» ավիաընկերությունների դեպքում:
Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, մեզ հետ զրույցում պնդել էր, որ իրենց բոլոր խնդիրները կապված են «Ռյան Էյրի» հետ:
Ասվածից, ըստ էության, պարզ էր դառնում, որ, բացի 10.000 դրամ տուրքից, որ լոուքոսթերները չէին վճարում, այլ արտոնություն էլ է տրված նրանց: «Օդանավակայանը նոր կարգ է սահմանել, որ նոր ուղղությունների համար տրամադրում է մեծ զեղչեր: Բայց խնդիրն այն է, որ, բացի լոուքոսթերներից, նոր ուղղություն բացող չի լինելու: «Air France»-ի բազան «Շառլ դը Գոլ» օդանավակայանն է, «Աերոֆլոտինը»՝ Շերեմետևոն, «Ավստրիական ավիաուղիների» բազան Վիեննայի օդանավակայանն է, և միայն լոուքոսթերներն են, որ ամբողջ Եվրոպայով ցրված բազաներ ունեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ նոր ուղղություն կարող են բացել միայն լոուքոսթ ընկերությունները»,- նշել էր Արարատ Մուրադյանը:
Ըստ նրա՝ իրենց էլ կարող են նույն զեղչը տրամադրել, եթե նոր ուղղություն բացեն, բայց ո՞վ կհամարձակվի լոուքոսթի առկայության դեպքում նման ռիսկի գնալ:
«Տարոմ» ավիաընկերության՝ շուկայից դուրս գալու լուրը, փաստորեն, լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, և, թերևս, հենց այդ պատճառով էլ այսօր այդ հարցը 2 անգամ տրվեց ՀՀ Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Կարեն Սիմոնյանին և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր, թե որքանո՞վ կապ ունի այդ ավիաընկերության՝ մեր շուկայից դուրս գալը մեր ավիացիոն քաղաքականության հետ, և արդյո՞ք վտանգ կա, որ այլ դասական ավիաընկերություններ նույնպես կկանգնեն այդ խնդրի առաջ:
««Տարոմի» հիմնական խնդիրը, թե ինչո՞ւ է նա շուկայից դուրս եկել, Հայաստանի հետ փոխկապակցված չէ: Դա իր ֆինանսական խնդիրների հետ է կապված, և, որ ինքն իր ղեկավարությունը փոխել է արդեն 6 անգամ մեկ տարվա ընթացքում: Եվ միայն Հայաստանի հետ կապված չի, Վրաստանի հետ էլ է կապված»,- ԱԺ-ում ի պատասխան հարցերի՝ ասել է Տաթևիկ Ռևազյանը:
ՀՀ ավիացիոն քաղաքականության պատասխանատուն, թերևս, առանց անուն տալու, բայց անդրադառնալով մեր հրապարակմանը, ասաց, որ այդ հոդվածը շատ թերի հոդված էր, որովհետև այդտեղ ընդհանրապես որևէ հիմնավորում չկար:
«Այդ անձը, որ ներկայացել է՝ որպես «Տարոմի» կողմից, իրավասու չէր «Տարոմի» կողմից ընդհանրապես խոսել, և դրա համար մենք ուղիղ կապի մեջ ենք եղել իրենց կոմերցիոն տնօրենի հետ, այսինքն՝ դեսպանատան միջոցով: Եվ իրենք նամակ են մեզ ուղարկել, որտեղ հիմնավորել են՝ ինչի են դուրս եկել շուկայից, և այլն»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ «Ռյան էյրի» մուտքով մրցակցությունն է բարձրացել, բայց այդ մրցակցությունը միայն այստեղ չի բարձրացել, այլ նաև՝ Վրաստանում և Ռումինիայում:
Տաթևիկ Ռևազյանի հայտարարություններին անդրադառնանք հերթով:
168.am-ի հետ զրույցում «Տարոմ» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը շեշտեց, որ Տաթևիկ Ռևազյանի կարծիքն իր սուբյեկտիվ կարծիքն է, ինքը հայտնել է ոչ թե «Տարոմի» պաշտոնական, այլ իր անձնական կարծիքը, ինչի իրավունքն ինքն ունի, և, որ իր կարծիքը նույնական է իր գործընկերների կարծիքի հետ:
Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահը լավ կանի, որ մեկ անգամ էլ կարդա մեր հրապարակումը, և կհամոզվի, որ այնտեղ որևէ տող կամ բառ չկա, որտեղ ասվում է, որ Արարատ Մուրադյանը ներկայացնում է ռումինական ավիափոխադրողի պաշտոնական կարծիքը:
Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին ու ղեկավարության փոփոխությանը, ռումինական ավիափոխադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ յուրաքանչյուր ընկերություն իր խնդիրներն ունի և իր գործունեությունը ծավալում է՝ հընթացս լուծելով դրանք:
«Ի՞նչ կապ ունի՝ այնտեղ ղեկավա՞ր է փոխվել, թե՞ չի փոխվել: Ղեկավարության փոփոխությունը չպիտի ազդի ընկերության քաղաքականության վրա: Համակարգն աշխատում է: Իհարկե, կարող է ընկերությունը խնդիրներ ունենալ, բայց յուրաքանչյուր ավիաընկերություն միշտ էլ լուծում է դրանք: Մեր երկրի ղեկավարությունը փոխվել է, բայց միջազգային քաղաքականությունը գնում է, միջպետական բոլոր պայմանագրերը կատարվում են: Ի՞նչ կապ ունի, որ նոր ղեկավար է փոխվում»,- ասաց Արարատ Մուրադյանը:
Վերջինս շեշտեց, որ Վրաստանի շուկայից դուրս գալու պատճառները մեր իրողության հետ առնչություն չունեն:
«Վրաստանից ուղևորահոսքը ահագին քիչ էր, որովհետև այնտեղ թուրքական և այլ ավիաուղիներն են աշխատում, ու այնտեղ կարող է հոսքը քիչ լինել: Ես տեղյակ եմ, որ, օրինակ, Թբիլիսի-Բուխարեստ չվերթի ուղևորահոսքը մերի համեմատությամբ ահագին քիչ էր: Մենք շատ լավ ենք աշխատել»,- ասաց Ա. Մուրադյանը:
Նա պնդեց, որ արտոնություններն ու պայմաննները, որ Հայաստանում տրված են լոուքոսթ ընկերություններին, անհավասար պայմաններ են ստեղծում մնացածի համար, և դասական ավիաընկերությունների համար շահավետ չէ նոր չվերթ բացելը, որ իրենց համար էլ այդ պայմանները գործեն:
«Տարոմի» պաշտոնական ներկայացուցիչը նաև ասաց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքն առհասարակ ոչ ոքի չի հետաքրքրում:
«Մի անգամ ենք հրավիրվել Կառավարություն քննարկման: Ներկա են եղել ոլորտի ներկայացուցիչների մի մասը միայն, ովքեր բոլորն էլ դեմ են եղել այն արտոնություններին, որոնք, փաստորեն, գործելու էին միայն լոուքոսթ ընկերությունների համար, սակայն ոչ մի արձագանք չեղավ»,-ասաց Մուրադյանը:
Արարատ Մուրադյանն ասաց նաև, որ դեռ քննարկվում է՝ կթռչե՞ն իրենք, թե՞ ոչ, «Տարոմը» դեռ հստակ որոշում չունի, այնինչ Տաթևիկ Ռևազյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ «Տարոմից» նամակ է ստացել, որտեղ ավիաընկերությունը հիմնավորում է, թե ինչո՞ւ է շուկայից դուրս եկել:
Ինչ վերաբերում է մեր հոդվածի՝ թերի ու չհիմնավորված լինելուն, պետք է նշենք, որ Տաթևիկ Ռևազյանն այսօր բոլոր հնարավորություններն ուներ լրացնելու այն, այդ հնարավորությունն ունեցել է նաև հրապարակմանը հաջորդած օրերի ընթացքում, կարող էր հերքել, պարզաբանում ներկայացնել, ինչը չի արել:
Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահը կարող էր գոնե այսօր ԱԺ-ում փարատել բոլոր կասկածները, պատասխանել այն հարցին, թե, ի վերջո, իրականում ի՞նչ արտոնություններ են տրված լոուքոսթ ընկերություններին, և ինչո՞ւ դասական ավիաընկերությունները չեն կարող դրանցից օգտվել (ի դեպ, հրապարակման մեջ շատ մանրամասն գրված է այդ մասին), ինչը շրջահայացորեն շրջանցեց:
Տաթևիկ Ռևազյանը, որպես հիմնավորում, որ արդարացված է լոուքոսթ ընկերությունների մուտքը նաև պետբյուջեի համար ֆինանսական շահավետության տեսանկյունից, կարող էր վերլուծություն ներկայացնել, օրինակ, թե քանի օտարերկրացի է լոուքոսթով որպես զբոսաշրջիկ այցելել Հայաստան, քանի օր են մնացել, միջինը որքան գումար են ծախսել:
Կարող էր, ի դեպ, ասել, թե ինչո՞ւ մեր ուղևորները մնացին Միլանում, և կարո՞ղ էր արդյոք նման բան տեղի ունենալ դասական ավիաընկերությունների հետ:
Կամ կարող էր անդրադառնալ այն փաստին, թե ինչո՞ւ է «օդը կանգնում» օդանավակայանում «Ռյան Էյրի» վայրէջքի ժամին…
Շատ բաների կարող էր անդրադառնալ Տաթևիկ Ռևազյանն այսօր Ազգային ժողովում, բայց չօգտվեց այդ «հնարավորությունից», իսկ մերկապարանոց հայտարարություններ բոլորն էլ կարող են անել. առանձնապես դժվար բան չէ: