Նիկոլ Փաշինյանը չգիտի՞՝ ինչ է մամուլի ազատությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել՝ երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն: ՀՀ պատմության մեջ երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել: Եվ Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ»:

Եթե Նիկոլ Փաշինյանը մամուլի ազատության ցուցանիշ ասելով՝ նկատի ունի Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում նշված 8-րդ հորիզոնականը, ապա այնտեղ խոսքն առցանց ազատության ոլորտի մասին է, ոչ թե մամուլի ազատության: Զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Առցանց ազատության հիմնական չափանիշերը երեքն են. առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և առցանց իրավունքների խախտում, այդ թվում՝ հսկողություն անձանց առցանց գործունեության վերաբերյալ, կամ այդ գործունեության հետևանքով քրեական և այլ հետապնդում: Ոչ մի խոսք մամուլի ազատության մասին:

Որոշ փորձագետների դիտարկմամբ՝ մամուլի նկատմամբ ճնշումներ հետհեղափոխական Հայաստանում եղել են՝ մատնացույց անելով հետևյալ դեպքերը.

Yerevan-Today-ի դեպքը, երբ ուժայինները խուզարկեցին լրատվական կայքի խմբագրությունը, ապա առգրավեցին կայքի համակարգիչները:

Այնուհետև ուժայիններն այցելել էին News. am-ի և  Aysor.am-ի խմբագրություններ:

Մեկ այլ օրինակ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջը՝ Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» ակումբի վրա հարձակումը: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվողները ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել:

Մամուլի նկատմամբ հաջորդ հարձակումը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության դեպքն է, երբ անհայտ անձինք ներխուժել են օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել գույքը:

Այս բոլոր դեպքերի վերաբերյալ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն չի արել, իսկ 2019թ. տարեվերջին լրագրողների ընդունելությանը հայտարարել էր. «2018թ․ տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ։ Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ է դրվել այդ հայտարարությունը և պնդումը․․․ Լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներ կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքեր․․․ Ցավոք, այդպիսի դեպքեր են արձանագրվել, և ընթանում է քննություն, և ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Կարող եմ ընդամենը մի բան ասել, հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթները ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից։ Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում»։

Մամուլի ազատության վերաբերյալ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր 2019թ. ապրիլի 18-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանը 2018թ. 19 կետով բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում:

Իսկ 2019թ. զեկույցը դեռևս չի հրապարակվել:

Առաջին անգամ չէ, երբ վարչապետը նման անճշտություններ է թույլ տալիս իր խոսքում, բազմաթիվ են օրինակները, երբ Նիկոլ Փաշինյանը խմբագրում է իր իսկ ֆեյսբուքյան էջում արված գրառումները: Հայոց պատմության և Արցախի վերաբերյալ վարչապետի թույլ տված անճշտությունների վերաբերյալ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանից 168.amհետաքրքրվել էր, թե դա Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ թիմի թերացումն է, ինչին ի պատասխան՝ նա ասել էր, որ պատմական նյուանսների հետ կապված պետք է ավելի ուշադիր լինել, բայց որևէ անճշտություն չի տեսնում:

Իսկ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ մեր նույն հարցին ի պատասխան՝ ասել էր, որ որևէ խնդիր չի տեսնում. «Թերացում չէր, փոքր վրիպակ էր, որը կարգավորվել է»:

Տեսանյութեր

Լրահոս