Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվի, անգամ, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիրները. ադրբեջանագետ
«Սա համաշխարհային մասշտաբի խայտառակություն էր, ավելի մեծ խեղկատակություն պատկերացնելը դժվար էր». «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը այսպես է նկարագրում փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մեղմ ասած՝ լարված ընտրություններում, որի ընթացքում սրտի անբավարարությունից մահացավ երկու դիտորդ, շատերը ծեծի ենթարկվեցին, եղան բաց քվեարկություններ ու ակնհայտ լցոնումներ, հաղթեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:
«Ընտրություններ եզրույթը չի համապատասխանում այդ իրականության նկարագրմանը: Ուղղակի դիկտատորը հրամայեց, որ խորհրդարանի կազմը պետք է որոշ չափով թարմացվի, ավելի ստրկամիտները հայտնվեն Մեջլիսում, և գործող դիկտատորի կամակատարների քանակն ավելանա»,- ասաց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանագետը պնդում է՝ տեղի ունեցածը հսկայական պարտություն էր Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների համար, իսկ իշխող կուսակցությունը հասավ իր նպատակին՝ ամրապնդեց Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ իրենց երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դիրքերը, որը հավակնում է ամուսնուց հետո զբաղեցնել նրա պաշտոնը:
«Իրականության մեջ այս գործընթացը միայն սկիզբն է, և մենք պետք է ուշի ուշով հետևենք իրադարձություններին: Ինչքան էլ չթվա հեշտ ու պարզ իշխանության փոխանցումը Ալիևից Ալիևային, դա չի կարող անցնել առանց հսկայական ցնցումների, ադրբեջանական կլանային էլիտաները պատրաստ չեն, որպես ազգի լիդեր՝ Մեհրիբան Ալիևային դիտարկելուն: Որոշ ուժեր կփորձեն գահընկեց անել նոր երկրի ղեկավարին, երկիրը նաև մահմեդական է, կին՝ որպես երկրի նախագահ, ոչ բոլորն են պատրաստ տեսնել, շատերն էլ պատրաստ են օգտվել դրանից: Երբ իշխանության տրանզիտը լինի, փաստացիորեն Ադրբեջանում սպասվում են ներքաղաքական ներիշխանական վերադասավորումներ ու լարվածության աճ»,- ասաց ադրբեջանագետը:
Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները կազդեն նաև ղարաբաղյան հարցի կարգավորման վրա՝ վստահեցնում է Գրիգորի Այվազյանը: Հայերին ձեռնտո՞ւ է այն իրավիճակը, որը ենթադրաբար կստեղծվի Ադրբեջանում՝ նախագահական ընտրություններից հետո:
«Մի կողմից՝ մեզ ձեռնտու է, որ Ադրբեջանը մտնի անկայունության փուլ, մյուս կողմից՝ մեզ համար դա վտանգավոր է, որովհետև գործող ռեժիմը միշտ փորձում է մեծ զանգվածների դժգոհությունը, արդար դժգոհությունը շեղել ղարաբաղյան ճակատում: Այս պարագայում նույն ճանապարհը կհետևի, և եթե ոմանք կարծում են, որ, երբ կինը գա իշխանության, հայ կանայք ադրբեջանցի կանանց հետ ինչ-որ հարց կլուծեն, ասեմ՝ բոլորովին այդպես չէ: Մեհրիբանը այս պարագայում ավելի բիրտ քաղաքականություն կվարի, որպեսզի ամրապնդի սեփական հեղինակությունը: Սահմանին արժե ակնկալել լարվածության աճ»,- պնդում է Այվազյանը:
Ադրբեջանագետը վստահեցնում է՝ Ադրբեջանում իրենց ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի են պատրաստում, իսկ հայ-ադրբեջանական համատեղ բնակավայրերի մասին խոսակցություններն առհասարակ աբսուրդ է որակում: Այվազյանի խոսքով՝ Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվի, անգամ, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիրները.
«Եթե ինչ-որ մղձավանջի պարագայում Ադրբեջանում իշխանության գան ընդդիմադիր «Մուսաֆաթ»-ը, կամ «Ժողովրդական ճակատ»-ի ռեինկարնացիաները, նրանք ավելի ազգայնական են, մարդակեր և մարդատյաց: Այստեղ մենք ընտրություն չունենք լավի ու վատի միջև, այստեղ ընտրություն է վատի ու ահավորի միջև: Ադրբեջանական պետության պահպանումն այս տեսքով մեր երկրի համար մշտնջենական վտանգ կարող է լինել, դամոկլյան սուր»:
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը խորհուրդ է տալիս կապեր հաստատել Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ՝ թալիշներ, լեզգիներ, քանի որ, ըստ ադրբեջանագետի, մեր ճակատագրերն ու շահերը համընկնում են: