«Ճամբարներ են ձևավորում, որ հետո դրանք իրար վրա ցեխ շպրտեն, հայհոյանքներով ու լուտանքներով թաղեն միմյանց». Սուրեն Սահակյան

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն ասաց, որ էական նշանակություն չի տալիս նրան, թե որքանով են սահմանադրական փոփոխության հանրաքվեի նշանակման ընթացակարգերը պահպանվել, և բերեց օրինակ.

«Ընթացակարգերը չեն պահպանվել, բայց դա նույնն է, որ, երբ հիվանդին պետք է շտապ վիրահատել, բժշկին նախատեն, որ բախիլները չի հագել: Ես կողմ չեմ, որ շտապ կարգով փոփոխություն տեղի ունենա, ես կողմ եմ համակարգային փոփոխությունների, որ երկար և հիմնավոր դրանք լինեն, միաժամանակ դեմ չեմ, որ, եթե այսքան ուշացրել են, միանգամից ու այսպես տեղի ունենա»:

Հարցին՝ ինչո՞ւ ՍԴ չուղարկվեց այս որոշումը՝ պարզելու համար այդ ընթացակարգերի սահմանադրականությունը, նա այսպես պատասխանեց.

«Հանրաքվեն նրա մասին է, որ նախկինում ընտրված 7 դատավորները չշարունակեն պաշտոնավարել: Ու բերվում է դրա հիմքերը, որ իրենք հանցագործություններ են կատարել, մասնակցել են այդ հանցագործություններին, նվազագույնը լռել են, երբ այդ հանցագործությունները կատարվում են: Հիմա երբ դու ուղարկում ես այդ մարդկանց, որ որոշում կայացնեն՝ կքննվի՞ հարցը, որ իրենք հանցագործ են, թե՞ ոչ, այդտեղ շահերի բախում կա»:

Հետաքրքրվեցինք՝ որևէ հանցագործություն ապացուցվա՞ծ է, դատարանի որոշում կա՞: «Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ մեզ մոտ ընտրակեղծիքներով են ձևավորվել կառավարման համակարգ, օրենսդիր մարմին, նախագահի ինստիտուտը, և այլն: Սահմանադրական դատարանը կոչված է սահմանադրական արդարադատություն իրականացնել: Քաղաքացիները դիմել են ՍԴ, որ նման բաներ են տեղի ունենում, և մեծամասամբ հենց այս կազմով էլ համալրված՝ ՍԴ-ն դրան չտեսնելու է տվել: Մեր ներկայիս Սահմանադրությունն ամեն քայլափոխի քաղաքական ճգնաժամի է հանգեցնում: Մեր քաղաքական օրակարգի առաջին հարցերից մեկը հենց Սահմանադրության փոփոխությունն է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Դիտարկմանը՝ խոսվում է ընտրակեղծիքների մասին, այդ դեպքում ԿԸՀ-ի հարցն ինչո՞ւ չի դրվում, նա այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, ես պետական կառավարման լծակներին տիրապետողների հետ քիչ առնչություն ունեմ»:

Նա նշեց, որ օբյեկտիվ է, որ, երբ դրվում է ՍԴ հարցը, դրվի նաև ԿԸՀ-ի և Գլխավոր դատախազի հարցը. «Ընդհանրապես, կարելի է հարցադրում անել, թե նախկին քաղաքական համակարգն ինչո՞ւ է վերարտադրվում: Ըստ էության, կուսակցության և անձանց փոփոխություն է տեղի ունեցել, մնացած ամեն ինչ՝ զուտ ընթացակարգային, իրավական առումով, նույնն է: Ես չգիտեմ՝ ինչու այդ հարցը չեն դնում, բայց ԿԸՀ-ն այս պահին արմատական բարեփոխումները, որոնք մենք պահանջում ենք, հնարավորություն չունի չթողնելու, իսկ ՍԴ-ն ոչ միայն  ունի հնարավորություն՝ չթողնելու, այլև կիրառում է իր այդ հնարավորությունները: Մասնավորապես, այդ վեթինգի հարցը երբ մերժեցին, դրանով կառավարող ուժին հնարավորություն տվեցին ասելու, որ իրենք ուզում էին անել, ՍԴ-ն չթողեց»:

Հարցին՝ եթե ՍԴ 7 դատավորը հեռանան, իր նշած սահմանադրական ճգնաժամը լուծվելո՞ւ է, նա պատասխանեց. «Կախված նրանից, թե ինչ սկզբունքով կձևավորվի նոր ՍԴ-ն: Այս հանրաքվեն 7 հոգու հեռանալու մասին է, հետո ասել են, որ նոր հանրաքվե կլինի՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված»:

Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին, և ընդհանրապես որևէ ճամբարում իրենց  չեն տեսնում, դրան ի պատասխան՝ իշխանական խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ ճգնաժամը կամ հանգուցալուծվելու է, կամ ոչ»։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր չէ այս հարցում չեզոքություն պահպանել:

«Մեզ մղում են դրան, ճամբարներ են ձևավորում, որ հետո դրանք իրար վրա ցեխ շպրտեն, հայհոյանքներով ու լուտանքներով թաղեն միմյանց: Ես ասում եմ, որ այո, Հրայր Թովմասյանը և այն բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են պետության զավթմանը կամ լուռ հետևել են, պետք է հեռանան, բայց այս փուլում, որ «Այո»-ն ակնհայտ մրցակցային դիրք ունի, ոչ ոք չի կարողանում ստանձնել «Ոչ»-ը՝ այդ հայհոյանքների տեղատարափի տակ մնալու մտավախությունից ելնելով, ապա ճիշտ չէ, որ դու՝ քո գրառմամբ, կամ Նիկոլ Փաշինյանը՝ իր ԱԺ ելույթով, դավաճաններ և նվիրյալներ ասի: Դա հանրային համերաշխության մթնոլորտը խաթարում է, տեղից էլ այն մի լավ վիճակում չէր, հիմա մի հատ էլ նոր գիծ է քաշվում»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված իր մոտեցումը միջազգային կառույցների նկատմամբ, քանի որ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառում էր կատարել.

«Բուքիքիոն 2009-ից Վենետիկի հանձնաժողովի ղեկավարն է, որը հաստատել է Հրայր Թովմասյանի գրած սահմանադրությունը։ Ես կարո՞ղ եմ կասկածով վերաբերվել նրա մասնագիտական որակներին կամ անաչառությանը, եթե դրական եզրակացություն է տվել մի բանի, որը մեզ ամեն քայլափոխի քաղաքական ճգնաժամի է հանգեցնում»:

Ի պատասխան՝ նա ասաց, որ անկախ նրանից, թե միջազգային կառույցներն ինչքան էլ հեղինակավոր են, նրանք չպետք է միջամտեն այլ երկրների ներքին գործերին. «Եթե նրանց կարծիքն են հարցրել, ապա կարող են կարծիք հայտնել: Իրականում կարծիք հայտնել են, և դա իմ քննադատության մասն էր, որ ամեն հարց, որպեսզի դու լեգիտիմություն ստանաս, ուղարկում են Վենետիկի հանձնաժողով, որ ասեն՝ տեսեք, Բուքիքիոն ասել է՝ լավ է, ուրեմն՝ ձայններդ կտրեք բոլորդ: Նա նախկիններն էլ էին անում, ներկաներն էլ են անում»:

Դիտարկմանը՝ բայց մենք անդամակցում ենք այդ միջազգային կառույցներին, նա այսպես արձագանքեց. «Ես կարող եմ ինքս որոշել, թե ինչ եմ անում ու ոնց եմ անում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս