Սա ռումբ է. եթե ռևանշներ տեղի ունենան, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու. բանավեճ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասին խոսելիս նախ պետք է հիշել մի շատ պարզ հարց՝ Ազգային ժողովը որոշել է X հարցը տանել և դնել ՀՀ քաղաքացիների դիմաց՝ նրանց կամքը ճշտելու համար, իսկ ՀՀ քաղաքացիները որևէ կերպ իրենց կամարտահայտությունը չեն կարող սահմանափակել որևէ իրավական ակտով և այդ թվում՝ Սահմանադրությամբ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կազմակերպված բանավեճի ընթացքում ասաց պատգամավորը։
Բանավեճին մասնակից իրավապաշտպան Արսեն Բաբայանը, որը համամիտ չէր պատգամավորի տեսակետի հետ, նշեց, որ բոլոր հարցերը հնարավոր չէ տանել և դնել հանրության առաջ և ասել՝ հանրություն՝ որոշում ընդունի։
«Որովհետև մի օր այդ նույն հանրությունը կարող է ձեր առաջ պահանջ դնել, որ՝ այ, իմ նվազագույն աշխատավարձը դարձրու 1 միլիոն դրամ, կամ կարող է որոշել, որ սպանությունն այլևս հանցագործություն չէ, հետևաբար՝ հանրության կարծիքը հարցնելու գործընթացներն իրավական պետության անվտանգության երաշխքներն են»,- ասաց Բաբայանը։
Տիգրան Ուլիխանյանը հակադարձեց, որ Արսեն Բաբայանի մատնանշած հանրությունը չի կարող ցանկանալ, որ սպանությունն այլևս հանցագործություն չէ, կամ անմեղության կանխավարկածը պետք է խախտվի։
«Հայ հանրությունն այդպիսի որոշում չի կարող կայացնել և չի կայացնի։ Ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչպես ենք որոշել, թե որ հարցն ենք ներկայացնում հանրության դատին, ապա պետք է ասեմ՝ որոշում ենք՝ ըստ առաջնայնության»,- ասաց Ուլիխանյանը՝ նշելով, որ դրել են այնպիսի մի հարց, որի արդյունքում Սահմանադրական դատարանը պետք է բերվի առնվազն չվարկաբեկված վիճակի։
Չհամաձայնելով Տիգրան Ուլիխանյանի դիրքորոշումների հետ՝ Արսեն Բաբայանը նշեց, որ օրվա իշխանությունն այսօր առաջարկում է Սահմանադրության մեջ փոխել այն հոդվածը, որն անելու հնարավորություն չեն ունեցել անգամ նախկին իշխանությունները՝ Հանրապետական կուսակցությունը։
«Եթե 213 հոդվածը չլիներ, Հանրապետականը հնարավորություն էր ունենալու բերել և նշանակել իր դատավորներին, այն, ինչ փորձում է անել օրվա իշխանությունը։ Այս հանրաքվեի որևէ ելք մեծ վտանգ է ՀՀ-ի համար, սա ռումբ է՝ դրված ՀՀ-ի տակ։ «Այո»-ի պարագայում հաջորդ իշխանությունն է հնարքներ կիրառելով՝ իր դատավորներին նշանակելու։ Մտածե՞լ եք ձեր ապագա հետևորդների մասին, բա որ ռևանշնե՞ր տեղի ունենան՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու։ «Ոչ»-ի դեպքում հանրությունը տեսնելու է, որ այս իշխանությունն այլևս չի վայելում հանրության վստահությունը։ Այդ դեպքում մենք պատրա՞ստ ենք ամեն տարի իշխանափոխություն անել։ Ես համաձայն չեմ, որ ձեր իշխանությունը տարին մեկ փոխվի, դուք պետք է մնաք»,- ասաց Բաբայանը։
Արձագանքելով Արսեն Բաբայանին՝ պատգամավոր Ուլիխանյանը նկատեց, որ հանրաքվեով չի կարող խոսվել սահմանադրական կարգի տապալման մասին. հանրաքվեով իշխանությունը ցանկանում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը լինի այնպիսին, ինչպիսին պետք է լիներ 2035 թվականին, ու ավելի վաղ այդպիսին դառնալու հնարավորություն չկա, հետևաբար՝ հանրաքվեի ժամանակ քաղաքացուն փորձելու են հենց այս մտահոգությունը հասցնել։
Ինչ վերաբերում է ընդդիմախոսներին հուզող այն հարցին, թե ինչո՞ւ Սահմանադրական դատարան չի ուղարկվում հանրաքվեի մասին որոշումը՝ սահմանադրականությունը ստուգելու համար, Ուլիխանյանը նշեց, որ ՍԴ դատավորները չեն կարող իրենց վերաբերյալ որևէ հարցի քննարկման մասնակցել և այս հարցում ունեն կաշկանդվածություն։
Ի պատասխան՝ Բաբայանը նկատեց. «Դուք ուղարկեք, թող ՍԴ դատավորները չքննեն, ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև խնդիրը ոչ թե դատավորներին է վերաբերում, այլ 213 հոդվածի սահմանադրականությանը։ Դուք ասում եք՝ թքած Սահմանադրության վրա»։
Տիգրան Ուլիխանյանը խոսեց նաև դատավորների անփոխարինելիության մասին և նշեց, որ դատավորները չեն կարող լինել բացարձակ անփոխարինելի, և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող պաշտոնավարել՝ ի հեճուկս ՀՀ քաղաքացիների։
«Ցանկացած պաշտոնյա պետք է իմանա, որ ինքն ունի որոշակի անկախություն, բայց անկախ չի կարող լինել ժողովրդի կամքից, ու հենց այդ կամքը պետք է իրականացվի։ ՀՀ-ում չի կարող լինել որևէ պաշտոնյա, որը վերահսկելի չէ»,- ասաց Ուլիխանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում