Սահմանված է, որ մինչև 2023 թվականը ներառյալ՝ պետք է նախադպրոցական հաստատություններ հաճախեն 6 տարեկան երեխաների 70 տոկոսը, հիմա ունենք 40 տոկոս». ԿԳՄՍ նախարար
Խորհրդարանում ընթանում է «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները ՀՀ-ում» ընդլայնված աշխատանքային քննարկումը, որին մասնակցում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և բազմաթիվ նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ օրենքի նախագծի շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այժմ էլ եթե լինեն առաջարկներ նախագծի հետ կապված, դրանք հաշվի կառնվեն:
«Այժմ մենք ունենք անկատար գործող օրենք, որն ըստ էության ոլորտը չի կարգավորում կամ գրեթե չի կարգավորում, և մեզ անհրաժեշտ է համապարփակ նախագիծը, որը կներառի այն խնդիրների լուծումը, որոնց բախվում ենք ամենօրյա ռեժիմով: Երևանի ավագանիում աշխատելու ընթացքում բավականին երկար զբաղվել եմ նախադպրոցական ուսումնական հաստատություններով և առաջ էի քաշում այն խնդիրները, որոնց բախվում էի: Կառավարության ծրագրով սահմանված է, որ մինչև 2023 թվականը ներառյալ՝ մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ նախադպրոցական հաստատություններ կհաճախեն 6 տարեկան երեխաների 70 տոկոսը, հիմա ունենք 40 տոկոս»,- նշեց նախարարը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ այն սերունդը, որի համար նախատեսված է այս օրինագիծը, վերջնականապես վերափոխելու է երկիրը, քանի որ հիմքից լավ ճանապարհի վրա են դնում նրանց կրթական գործընթացը:
«Այսօր բախվում ենք իրողության, որ նախադպրոցական մասնավոր կրթական հաստատությունների հանդեպ պետությունը թույլ վերահսկողություն ունի: Չափորոշիչների հստակություն պետք է լինի և հասանելիություն: Ի՞նչ արդյունքներ կունենանք օրինագծի ընդունումից հետո. Օրինակ՝ նախադպրոցական կրթության ոլորտում իրավահարաբերությունների հստակեցում, պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, ներառական նախադպրոցական կրթության ընդունում և այլն»,- շեշտեց նա:
Նա նաև ընդգծեց, որ այժմ նախադպրոցական տարիքի գյուղաբնակ և քաղաքաբնակ երեխաների համար պայմանները հավասեր չեն, պատճառներից մեկն էլ քաղաքային տնտեսության և համայնքի տնտեսության գարգացման տարբերությունն է.
«Մշակել ենք մոդելներ, որոնք թույլ կտան համայնքին՝ ըստ հնարավորությունների՝ իրականացնելու նախադպրոցական կրթական ծրագրեր: Այս տարվա սեպտեմբերին 18 նախակրթարանի բացում է նախատեսվում: Գործընթացը նպաստավոր է ոլորտի զարգացման համար: Օրենքի ընդունումից հետո նախարարությունն էլ, իր հերթին՝ նոր գործիքներ կստանա ոլորտը կարգավորելու»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը: