«Պատահական չէ, որ Ադրբեջանը Նախիջևանին թողնում է ինքնուրույն զորավարժություն անցկացնել». Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանը Նախիջևանում անցկացնում է ռազմաուսումնական վարժանքներ: Բացի այս, ուսումնական վարժանքներ են սկսվել Ադրբեջանի բուն տարածքում, որոնց անձամբ հետևում է Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը, Նախիջևանի հատվածում սա թողնվել է ինքնավար կառավարությանը: Այսինքն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն իր նպատակահարմարությունից ելնելով է իրականացնում այս զորավարժությունները: 168.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային և ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
– Սա, ըստ էության, միտում է՝ Թուրքիային բերել այս տարածաշրջան: Պատահական չէ, որ Ադրբեջանը թողնում է Նախիջևանին ինքնուրույն զորավարժություն անցկացնել: Սա նշանակում է՝ կա ռազմական մի ուժ, որը վերահսկում է այդ զորավարժությունը: Մեզ համար գաղտնիք չէ՝ Թուրքիան է այդ ուժը, որովհետև անցած տարի սեպտեմբերի վերջին տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններից հետո Թուրքիան իր ամբողջ զինտեխնիկան թողեց Նախիջևանում՝ նպատակ ունենալով հետագայում նմանատիպ զորավարժություն անցկացնել: Եվ այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ զորավարժությունները կամ այդ ռազմական ուսումնական վարժանքները Նախիջևանում Ադրբեջանի վերահսկողությունից անցել են Թուրքիայի վերահսկողությանը: Եվ սա Ադրբեջանի կողմից արված այն բազմաթիվ հայտարարությունների ապացույցն է, որ Թուրքիայի հետ ոչ միայն՝ գործողություններով, այլ՝ մի շարք պայմանագրերով են համագործակցում: Նախիջևանում արդեն իսկ իրականություն է թուրք-ադրբեջանական համագործակցությունը զորավարժությունների շրջանակում: Իհարկե, իրենք այս մասին պաշտոնապես ոչինչ չեն ասում:
– Հաշվի առնելով ասվածը, կարո՞ղ ենք ենթադրել, որ Նախիջևանի թեման այս տարի ևս Ադրբեջանը, Թուրքիան կամ թուրք-ադրբեջանական տանդեմը տեղեկատվական, քարոզչական օրակարգում ակտիվ կպահի: Ինչո՞ւ չէ՝ հնարավո՞ր են սահմանային լարումներ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում:
– Այն, որ Նախիջևանի թեման այս տարի բավականին ակտիվ է լինելու, դա միանշանակ է: Եվ պարզ է, որ Նախիջևանում անցած տարվա համեմատ՝ լինելու են շատ ավելի մեծ զորավարժություններ, ընդ որում, դրանք լինելու են ոչ թե երկկողմ՝ Ադրբեջան-Թուրքիա, այլ եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, քանի որ կան կնքված մի շարք պայմանագրեր: Ընդհանուր առմամբ, այո, 2020 թվականին պետք է ակնկալենք Նախիջևանի հատվածից սահմանային լարվածության ավելացում: Սրա մասին են վկայում նաև այն ինժեներատեխնիկական աշխատանքները, որոնք իրականացվում են սահմանի ամբողջ երկայնքով:
– Նախիջևանի առանձին համազորային բանակի ի՞նչ վերազինումներ են արվում, դիրքերում՝ ինժեներատեխնիկական ի՞նչ տեսակ աշխատանքներ: Եվ հայկական կողմից հակազդող գործողությունները համաչա՞փ են: Այսինքն՝ այսօրվա դրությամբ դիրքային ի՞նչ աստիճանի առավելության մասին կարող ենք խոսել և հօգուտ ո՞ր կողմի:
– Այս հատվածում ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքների գործընթացը սկսվեց 2018-ի հունվարից, որն ամբողջությամբ կարծես թե ավարտին հասավ 2019-ի սեպտեմբերին: Իհարկե, «ամբողջությամբ» բառն այս դեպքում վերապահումով պետք է օգտագործենք, որովհետև ադրբեջանական կամ նախիջևանյան կողմը հայտարարեց՝ Նախիջևանում ավարտին են հասցվել միջդիրքային տարածություններում ինժեներական աշխատանքները, մինչդեռ դրանք հենց հիմա էլ իրականացվում են: Այսինքն՝ այդ ինժեներական աշխատանքները, որոնցով, ըստ էության, դիրքի ճանապարհներն են բարելավվում, միջդիրքային որոշ հատվածներ, կամ իրենց համար փորձում են տեսանելիության դաշտ բացել, հիմա տեղի են ունենում:
Այդ գործողություններն անընդհատ կատարվում են: Եվ այս ֆոնի վրա ասել, թե իրենք ավելի լավ գործողություններ են իրականացնում, կամ մենք թերացել ենք, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև ռազմական գործի մեջ սրանք մշտական գործընթացներ են, մշտապես կատարվող գործողություններ: Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում, որի մասին, իհարկե, բացահայտ չի խոսվում, նախիջևանյան կողմն այսօր ունի որակապես շատ ավելի էֆեկտիվ և որակյալ դիրքային պայմաններ, քան երկու տարի առաջ էր: Ինչ վերաբերում է մեր գործողություններին, դրանք գնահատում եմ շատ ավելի առաջ գնացող, քան կարելի էր ենթադրել: Մեր գործողությունները ոչ միայն համաչափ են, այլ ավելի առաջ, որովհետև որոշակի հատվածներում մենք նույնիսկ դիրքային առավելություններ ունենք. ուղիղ նշանառության տակ ենք պահում այն ճանապարհները, հատվածները, որոնք նրանց դիրքերն իրար են կապում:
Սա լուրջ կոմունիկացիոն հարց է մեր նման հակամարտություն ունեցող երկրների պարագայում: Գործողություններ տեղի ունենում են, ելնելով գաղտնիության սկզբունքից՝ շատ փակագծեր չեմ ուզում բացել: Մի բան պարզ է՝ կոմունիկացիոն, ճանապարհները վերահսկելի դարձնելու, դիրքերը նշանառության տակ վերցնելու առումով գործողություններ տեղի են ունենում, հստակ աշխատանքներ իրականացվում են՝ անգամ ձմեռային եղանակային պայմաններում:
– Երբեմն կանխատեսումներ են հնչում Նախիջևանի հատվածում ռազմական լայնածավալ գործողությունների հնարավոր լինելու մասին: Իհարկե, դրանք բացառող դիտարկումներ ևս լինում են՝ հաշվի առնելով աշխարհագրական, տեղանքային դիրքը և ռուսական գործոնը: Դուք ի՞նչ եք կարծում այս առումով, ձեր հաշվարկներն ի՞նչ են հուշում:
– Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ կարող է առավոտյան արթնանաս և բոլորովին այլ իրավիճակում հայտնվես: Եվ եթե մինչև այժմ զսպող գործոնը Ռուսաստանն է եղել՝ Նախիջևանի ուղղությամբ ակնկալվող կամ սպասվող լայնամասշտաբ գործողությունների դեպքում, ապա այսօր կարող ենք ասել, որ զսպող գործոնը բացառապես կախված է աշխարհի քաղաքականությունից տարածաշրջանում: Այսօր այլևս մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանը Թուրքիային կարող է Նախիջևանում զսպել, որովհետև դեպքեր կան, որ ՌԴ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են, դեպքեր էլ կան, երբ Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերն են համընկնում տարածաշրջանում: Եվ այստեղ, կարծես, ոչ ոք ոչ մի բան չի կարող անել: Այնպես որ՝ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում գերտերությունների շահերը մի կողմից համընկնում են, մյուս կողմից՝ բախվում, չենք կարող ասել, թե ինչ տեղի կունենա, եթե լայնամասշտաբ գործողություններ լինեն՝ արդյո՞ք Թուրքիայի և ՌԴ-ի շահերը կբախվեն: Սա հիմա միանշանակ չենք կարող ասել:
– Տեսակետ կա նաև, որով չի բացառվում ՌԴ–ի կողմից սադրանքի պահը՝ Նախիջևանին քաշել պատերազմի մեջ, հետագայում ազատագրել, որպեսզի Հյուսիս–Հարավ ճանապարհն այդտեղով անցնի, և երկաթուղին աշխատի: Այսինքն՝ Նախիջևանի հատվածում հնարավոր ռազմական գործողություններից ՌԴ-ն կարող է փորձել օգտվել, դա նրան կարող է ձեռնտու լինել:
– Չի բացառվում: Հիմա Թուրքիայի ներսում քրդերի հետ լարվածությունը փոքրիշատե թուլացած է, և սա ձեռք չի տալիս ՌԴ-ին: Ռուսաստանին պետք է, որ Թուրքիան որևէ կերպ լարվածության մեջ մտնի տարածաշրջանի որևէ երկրի հետ: Սա, իհարկե, ենթադրություններ եմ ասում, վերլուծում եմ, բայց մի բան հաստատ է՝ երկու տարի առաջ, ես կպնդեի, որ ՌԴ-ին ձեռնտու չէ տարածաշրջանում որևէ լարվածություն, իսկ հիմա բոլորովին այլ իրավիճակ է, այլ խաղացողներ են հայտնվել: Եվ հիմա մի այնպիսի վիճակ է, որ բոլորին և՛ ձեռնտու է լարվածությունը, և՛ ձեռնտու չէ: Պարզապես ձեռք չեն տալիս լայնամասշտաբ ռազմական գործողությունները, իսկ փոքր օջախներով պարտիզանական գործողությունները, միանշանակ, ձեռնտու են խաղացող երկրներին: