ՀՀ նախագահի հավանական 3.5 քայլերը. ո՞րը կընտրի Արմեն Սարգսյանը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ ընդունած որոշումն ուղարկել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հայտնել են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի այն վավերացնելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունվեց, փոխարենը ընդունվեց այն հանրաքվեի դնելու մասին նախագիծը։
168.am-ը սահմանադրագետ Արամ Վարդևանյանին հարցրեց, թե ի՞նչ տարբերակներ ունի ՀՀ նախագահը, ի՞նչ իրավասություն է նրան վերապահված օրենքով՝ տնօրինելու վերոնշյալ նախագծի ճակատագիրը:
«Հանրապետության նախագահը Սահմանադրության և Հանրաքվեի մասին օրենքի դրույթների շրջանակներում ունի հետևյալ լիազորությունները՝ դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ), ստորագրել և չստորագրել: Պարզապես, եթե օրենքների դեպքում չստորագրելն իրենից ենթադրում է ԱԺ նախագահի կողմից ստորագրում և ուժի մեջ մտնել, ապա այս պարագայում արդեն դա լինելու է իրավունքի ուժով, այսինքն՝ ԱԺ նախագահը չի ստորագրելու, այլ զուտ «Հանրաքվեի մասին» օրենքի դրույթի ուժով այն մտնելու է ուժի մեջ»,- ասաց սահմանադրագետը:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ ստորագրելը, չստորագրելը և ՍԴ ուղարկելն իրենց մեջ բովանդակություն և էություն են ենթադրում:
«Հենց վերջերս ՀՀ նախագահը ՍԴ դիմում ներկայացրեց Բանկային գաղտնիքի հայտնի օրենքի նախագծի վերաբերյալ: Ենթադրենք, եթե դա չստորագրեր, դա, իհարկե, ևս ազդակ էր լինելու, որովհետև չստորագրելը ևս իր մեջ բովանդակություն ու էություն է ենթադրում: Բայց այդ ժամանակ ԱԺ նախագահը դա ստորագրելու լիազորություն ունի: Այս պարագայում դա, իհարկե, չկա»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք նախագահն իրավասություն ունի օրենքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով (ՎՀ)՝ փորձագիտական կարծիքի, սահմանադրագետը պատասխանեց, որ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը, ինչպես նաև կոնկրետ գործերով՝ նաև ՍԴ-ն, Վենետիկի հանձնաժողով դիմող սուբյեկտների ցանկում են:
«Եթե նայենք մեր փորձը, որ մի անգամ է եղել, նաև Մարդու իրավունքների պաշտպանն է դիմել Վենետիկի հանձնաժողով 2009-2010թթ., և դա բացառիկ բան էր, բայց Վենետիկի հանձնաժողովն ամեն դեպքում ընթացք տվել էր, բայց ֆորմալ իմաստով դիմող սուբյեկտ չի հանդիսանում»,- ասաց սահմանադրագետը՝ ընդգծելով, որ տեսականորեն ՀՀ նախագահը կարող է այն ուղարկել ՎՀ՝ փորձագիտական կարծիքի, և դա որոշակիորեն կարող է 4-րդ ճանապարհ համարվել, բայց այդ պարագայում, միևնույն է, օրենքն ուժի մեջ մտած է համարվելու իրավունքի ուժով:
«Այս պարագայում ավելի տրամաբանական է, որ նախագահը ՍԴ դիմի ու առաջարկի, որ ՍԴ-ն դիմի Վենետիկի հանձնաժողով: Սա այլ իրավիճակ է, և այդ դեպքում օրենքի ուժի մեջ մտնելը կասեցվում է: Նախագահը մեր օրենսդրությամբ վետոյի իրավունք չունի, բայց կան խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներ, որոնք նախագահին այդ իրավունքը տալիս են: Դա վերադարձն է: Մենք չունենք վերադարձի մեխանիզմ»,- նկատեց Արամ Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության անելիքներին, Արամ Վարդևանյանն ասաց, որ այն կարող է ԱԺ որոշումը, Նախագահի որոշումը, ցանկացած նորմատիվ-իրավական ակտ վիճարկել ՍԴ-ում 1/5-ով, և այդ պարագայում, բնականաբար, գործընթացը կասեցվում է: