Ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին. հարցում
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ ընդունած որոշումն այսօր ուղարկել է ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի այն վավերացնելու համար։
Եթե նախագահը ստորագրի նախագիծը, ապա 2 ամիս անց հանրաքվեն տեղի կունենա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրեր առաջ ասել էր, թե ՀՀ «բոլոր քաղաքացիներն» իրենց առաջ ՍԴ լեգիտիմությունը վերականգնելու պահանջ են դրել, ապա ինքն իրեն խմբագրել էր՝ ասելով՝ «ոչ բոլոր քաղաքացիները»:
«Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը ճգնաժամ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին և բոլոր քաղաքացիները, չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց Հայաստանի քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք՝ որպես առաջնային մանդատներ ունեցողներ, պարտավոր ենք այդ հարցը հանգուցալուծել»,- ասել էր Լիլիթ Մակունցը:
168.am-ը փորձեց քաղաքացիներից հետաքրքրվել, թե ՍԴ լեգիտիմությունը վերականգնելու պահանջ ներկայացրե՞լ են «Իմ քայլ»-ին, ի՞նչ ձևով են իրենց պահանջը հայտնել իշխող ուժին, առհասարակ տեղյա՞կ են ՍԴ լիազորությունների շրջանակի մասին, կո՞ղմ են հանրաքվեին, ու հանրաքվե լինելու դեպքում մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ:
Քաղաքացիները մեծ մասը խուսափեց հարցմանը պատասխանել: Սակայն մեր հարցմանը մասնակից քաղաքացիներից ոչ ոք չէր դիմել իշխող ուժին՝ ՍԴ լեգիտիմությունը վերականգնելու պահանջով:
«Ունենք շատ լավ Սահմանադրական դատարան, շատ լավ օրենքներ, և ճիշտ կլիներ, որ այդ թշնամությունը, այդ սև ու սպիտակը վերացվի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիների մեծ մասը ՍԴ լիազորությունների շրջանակն այնքան էլ չի պատկերացնում, սակայն միանշանակ պնդում են, որ ՍԴ այս կազմը պետք է ցրվի: Իսկ թե ինչո՞ւ, հստակ պատասխան չստացանք:
Մի քաղաքացի ասաց, որ «ներկա իրավիճակը ստիպում է գնալ հանրաքվեի»:
«ՍԴ լիազորություններից տեղյակ չեմ, բայց հանրաքվեն ճիշտ է»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում