«Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են». Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը չխորանա, և ամեaն ինչ արել են օրենքի տառին համապատասխան, ինչը, ըստ նրա՝ արտացոլված է նաև ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանություններում:
«Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը ճգնաժամ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին, չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց Հայաստանի քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք՝ որպես առաջնային մանդատներ ունեցողներ, պարտավոր ենք այդ հարցը հանգուցալուծել: Այդ առթիվ մեր խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում: Արտահերթ նիստի ամբողջ իմաստն այն է, որպեսզի այն խնդիրները, որոնք ես արձանագրեցի, դրանք հանգուցալուծում ստանան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության դեպքում։
Հարցին՝ արդյոք այս ամենը Սահմանադրության խախտում չէ՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ արտահերթ նիստի օրակարգը հաստատվելու է խորհրդի նիստի ժամանակ, իսկ նախագծի հեղինակը կներկայացնի այն շեշտադրումները, որոնք դրել է նախագծի առանցքում, և «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ լիագումար նիստի ընթացքում հանդես կգա մեկնաբանություններով:
«Բովանդակային առումով այս պահին մեկնաբանություններից զերծ կմնամ, բովանդակային առումով մենք բոլոր քննարկումները կիրականացնենք ԱԺ նիստերի ընթացքում, իսկ միտված նպատակը մեկն է՝ շուտափույթ լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Նա դժվարացավ ասել՝ խմբակցության խորհրդի նիստում արտահերթ նիստի օրակարգը կհաստատվի՞, թե՞ ոչ, այդուհանդերձ խորհրդարանական մեծամասնությունն արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում