Ինչ է արցախահայերին առաջարկում Ադրբեջանը և ինչու է Արցախի ՄԻՊ-ը խոսում ադրբեջանցիների՝ Արցախի քաղաքացիությունից

Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ուշագրավ հայտարարություններ են հնչում, որոնք կարևոր են ոչ միայն՝ հարևան երկրի ներքաղաքական, այլև՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգի համատեքստում:

Օրերս Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: Ադրբեջանական ԿԸՀ-ն նշել էր, որ ԼՂ հայկական համայնքը զրկված է ընտրական, ինչպես նաև՝ իր այլ սահմանադրական իրավունքներից: Ուստի, ԿԸՀ-ի համաձայն, ադրբեջանական իշխանությունները պատրաստ են ձեռնարկել բոլոր օրենսդրական քայլերը, որպեսզի ԼՂ ժողովուրդը մասնակցի ընտրություններին:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի ԿԸՀ այս հայտարարությանը՝ նշելով, որ «հիացած է» Ադրբեջանի այս վեհանձնությամբ: «Դրա փոխարեն՝ թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- նշել է Ա. Բեգլարյանը:
Վերջինիս գրառումը հայկական համացանցում բավականին սուր ընկալվեց՝ դառնալով քննադատությունների տարափի պատճառ, մի շարք օգտատերերի կողմից գնահատվելով՝ որպես անընդունելի հայտարարություն:

«168 Ժամի» հետ զրույցում ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր-ղեկավար Դավիթ Բաբայանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան փորձեցին պարզաբանել, թե ինչո՞ւ են նման հարցեր քննարկվում հենց այս փուլում, և որքանո՞վ դրանք կարող են կապ ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներկայումս քննարկվող օրակարգի հետ: Դ.Բաբայանն ասաց, որ Արցախի Հանրապետության քաղաքական դիսկուրսում չկա խոսակցություն, որ ադրբեջանցիները գալիս են, և իրենք պետք է պատրաստեն նրանց համար տեղեր՝ ստեղծելով հնարավորություններ, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ սա ընդհանրական պատկերացում է: Դ.Բաբայանը հիշեցրեց.

«Երբ ԱՀ-ն ստեղծվում էր, և հանրաքվե տեղի ունեցավ 1992թ., այն ժամանակ նույնիսկ հանրաքվեի մասնակցության համար ադրբեջանցիների համար ստեղծվել էին բոլոր պայմանները, բոլոր նյութերը տպագրվել էին նաև ադրբեջաներենով, առաջին գումարման ԱԺ-ում ադրբեջանցիներն իրենց թվաքանակին համապատասխան տեղ ունեին, այն պահպանվում էր մոտ 5 տարի, բայց նրանք չեն մասնակցել այդ ամենին, բոյկոտել են՝ սրանով իսկ իրենց որոշումը կայացրել են: Այսինքն՝ իրենք չեն ընդունում Արցախի Հանրապետությունը, իրենց համար չկա Արցախի Հանրապետություն, իրենք մնում են Ադրբեջանի քաղաքացիներ»:

Խոսելով ադրբեջանական ԿԸՀ-ի հայտարարության մասին՝ Դ. Բաբայանն ասաց, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցելու այլ երկրների ընտրություններին, քանի որ դա Արցախի օրենքներով արգելված է, այլ երկրների օրենքներով ևս արգելված է:

«Նույնիսկ մեր երկրի օրենքով արգելված է, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցի Մարտակերտի բնակիչը: Ադրբեջանի նման հայտարարությունները շահարկումներ են, երբեմն դրանք չափազանց ցածրորակ են, այնքան ցածրորակ, որ, իմ խորին համոզմամբ՝ դրանց հարկավոր էլ չէ արձագանքել, որովհետև իմաստ չկա: ՄԻՊ-ի պատասխանը ես կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ ԱՀ-ն խտրականություն չի դնում, թե ով է, ինչ ազգության ներկայացուցիչ է, եթե ինչ-որ մեկը, ասենք՝ պորտուգալացին, որոշում է Արցախ տեղափոխվել, նա իրավունք ունի քաղաքական կյանքում իր մասնակցությունն ունենալ՝ ըստ օրենքի: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա, եթե խոսում ենք անհատական դեպքերից, ապա ինչ-որ մի ադրբեջանցի վաղը կարող է՝ Վրաստանից կամ ինչ-որ մի տեղից (եղել է դեպք, որ փախել են Ղարաբաղ), ցանկանա դառնալ Արցախի քաղաքացի, մենք խտրականություն չենք կարող կիրառել: Խոսքն այսպիսի դեպքերին կարող է վերաբերել: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, ապա դրա մասին խոսք չի կարող լինել, քանի որ մենք ունենք հստակ պատկերացում:

Մեր պատկերացումը հետևյալն է. պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական խնդիրները, այսինքն՝ որևէ քաղաքական հարց չպետք է չկարգավորված մնա երկու պետությունների հարաբերություններում, երկու պետությունները պետք է միմյանց ճանաչեն, հստակեցվեն սահմանները, բոլոր քաղաքական հարցերը լուծվեն, որից հետո մենք կխոսենք փախստականների ճակատագրի մասին»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, որ Արցախը դեմ չէ փախստականների վերադարձին, բայց պնդում է, որ պետք է նախևառաջ լուծվեն քաղաքական հարցերը:
Նրա դիտարկմամբ՝ չափազանց կարևոր հանգամանք է նաև այն, որ ադրբեջանցի փախստականների վերադարձին զուգահեռ՝ պետք է լինի հայ փախստականների վերադարձի գործընթաց: «Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը շատ պարզ է, և այստեղ չկա ոչ խտրականություն, ոչ այլ բան: Այս հայտարարությունները որևէ գործընթացի մաս չեն և որևէ գործընթացի մասին չեն խոսում, սա Ադրբեջանի հերթական հայտարարությունն է, որով փորձում են մոլորության մեջ գցել հասարակություններին»,- ասաց նա:

Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ այն, որ ադրբեջանցիները, որոնք ցանկանում են բնակվել Արցախում, կարող են գալ, ստանալ լիարժեք ԱՀ քաղաքացիություն, ըստ Սահմանադրության՝ նոր չէ, և դրա մասին տարիներ շարունակ խոսվում է. ընտրություններին մասնակցելու համար հարկավոր է գալ, ընդունել ԼՂՀ քաղաքացիություն և հասարակության լիարժեք մաս դառնալ: Բնականաբար, ինչպես նշեց Էլիբեգովան՝ որևէ ադրբեջանցի նման ցանկություն չի հայտնել և այդ առաջարկին համապատասխան գործողությունների չի դիմել, որովհետև դա կնշանակի՝ Արցախի անկախության փաստացի ճանաչում նրանց կողմից: Նրա գնահատմամբ՝ ընտրությունների կոնտեքստում տեղի ունեցողն ադրբեջանական կողմի հերթական քարոզչական խայծն է. Ադրբեջանի ԿԸՀ-ն հայերին Ադրբեջանի ընտրություններին մասնակցություն առաջարկեց, որպեսզի հետագայում օգտագործեն այն խաղաքարտը, որն ավելի վաղ բարձրաձայնեց Ադրբեջանի ԱԳ  նախարար Էլմար Մամեդյարովը, թե՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ներկայացնել Արցախի հայերի շահերը և ապահովել նրանց անվտանգությունը: Այս խայծը, ադրբեջանագետի խոսքով, գցվեց դաշտ՝ արցախահայերի վրա ներազդելու համար:

Վերլուծաբանի գնահատմամբ՝ ադրբեջանական առաջարկին Արտակ Բեգլարյանի կողմից տրված պատասխանը շատ տրամաբանական էր, որ նրանք էլ կարող են ԱՀ ընտրություններին մասնակցել՝ գալով և դառնալով Արցախի Հանրապետության քաղաքացի:

Բայց այստեղ, ըստ նրա՝ ենթատեքստը շատ ավելի խորն է: «Կիրակի օրն Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը դառնալու է պատգամավոր և ընտրվելու է, փաստորեն, իրենց վիրտուալ՝ Ստեփանակերտի 122-րդ ընտրատարածքում: Ի դեպ, այդ ընտրատեղամասում 9 թեկնածու կա առաջադրված, բայց վստահաբար՝ Գյանջալիևը կհաղթի: Բացի դա, վերջին շրջանում անընդհատ բարձրաձայնվում է, որ Արցախի ընտրատեղամասերը փաստացի տեղափոխվել են Ադրբեջանի տարածք, որովհետև Արցախի տարածքում Ադրբեջանը չի կարող ապահովել ընտրական գործընթաց, ուստի խոսվում է այն մասին, որ 7 ընտրատեղամաս ամբողջովին և 3 ընտրատեղամաս մասամբ իրենց վերահսկողության տակ չեն:

Այս կոնտեքստում շատ կարևոր է այն, որ իրենց փախստականների և տեղահանվածների կոմիտեի ղեկավար Ռովշան Ռզաևը փաստորեն հանդիպել է ԵԱՀԿ դիտորդական բյուրոյի ղեկավարի հետ և այս հարցը բարձրացրել է, որ տեղահանված անձինք մասնակցում են Ադրբեջանում ընտրությունների, բայց ոչ իրենց ընտրատեղամասերում, քանի որ հնարավորություն չունեն մասնակցելու Արցախում: Սրանով ուշադրություն է հրավիրվում այս հարցի վրա, որ փաստացի ՏԻՄ ընտրություններին մարդիկ, այնուամենայնիվ, հնարավորություն չունեն մասնակցելու, և ԵԱՀԿ ներկայացուցիչը կիսել է ադրբեջանական կողմի մտահոգությունը, ուշադրություն է դարձրել այդ հանգամանքի վրա:

Ըստ իս՝ հետագայում այդ հարցն արծարծվելու է, նաև ինչ-որ պահի մտնելու է բանակցային գործընթացի մեջ, որ ընտրատեղամասերի և ընտրության իրավունքի հարցն ինչ-որ կերպ պետք է կարգավորվի: Դա ինչ-որ առումով նոր գործընթաց է, ընտրությունների ակտիվ մասնակցության մասին չի խոսվել: Եթե Թուրալ Գյանջալիևն ինստիտուցիոնալ դիրքավորվում է և պատգամավորի ստատուս է ձեռք բերում, իր սուբյեկտայնությունն է բարձրանում, այստեղ կա հետաքրքիր բան այն մասով, որ հայկական կողմն ասում է, որ Իլհամ Ալիևն ընտրվում է այդ փախստականների և տեղահանվածների կողմից և կարող է ներկայացնել նրանց շահերը, ուստի կարիք չկա, որպեսզի ադրբեջանական համայնքը ներկայացված լինի, բայց մենք չգիտենք, թե որքան են այդ փախստականներն Ադրբեջանում, որոնք դեռ սովետական անձնագրերով են և փաստացի ընտրությունների չեն մասնակցում, Իլհամ Ալիևին չեն ընտրում, բայց նաև հակամարտության տուժած կողմ են, և որոնց, շատ հնարավոր է՝ որպես խաղաքարտ, ադրբեջանական կողմը սկսի օգտագործել՝ ասելով, որ նրանց կոնկրետ ներկայացնող չկա, և նրանք ընտրական գործընթացում չեն մասնակցում, այդ հայերն էլ չեն մասնակցում:

Այսինքն՝ սա ևս բանակցային գործընթացում ոչ միայն՝ համայնքը ներգրավելու, այլև՝ որպես խաղաքարտ օգտագործելու փորձ էր: Հիմա այդ ակնհայտ գործընթացը մենք տեսնում ենք՝ ինչպես են փորձում բարձրացնել համայնքի սուբյեկտայնությունը, քվեարկելու խնդիրները»,- ասաց Էլիբեգովան:

Հարցին՝ սրան համարժեք դիվանագիտություն Հայաստանն ունի՞, թե՞ ոչ, վերլուծաբանը դժվարացավ պատասխանել, քանի որ, նրա խոսքով՝ հստակ չէ, թե փակ դռների ետևում մեր դիվանագետներն ինչպես են այդ հարցը քննարկում և ինչ փաստարկներով են հանդես գալիս, որովհետև մեզ այդ տեղեկատվությունը չի հասնում և, ամենայն հավանականությամբ, չի էլ հասնելու, որովհետև արդեն բանակցությունները գնալու են ավելի կոնֆիդենցիալ ռեժիմով, շատ ավելի քիչ ենք տեղեկացված լինելու: «Միայն ՄԻՊ-ի հայտարարությունն այդ մեծ արշավին համարժեք չէ: Մի փոքր ավելի լուրջ ռազմավարություն է հարկավոր այս ուղղությամբ»,- նկատեց Էլիբեգովան:

Տեսանյութեր

Լրահոս