«Իրենց առաջնորդի լեզվով ասեմ՝ ոչ մի պատգամավոր չի «պլստալու»». Ռոբերտ Հայրապետյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ

– Պարոն Հայրապետյան, իրավաբանների գերակշիռ հատվածը նշեց, որ Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրինագիծը սահմանադրական կարգի առերևույթ տապալում է, ինչը կարծես չժխտվեց իշխանական պատգամավորների կողմից, և փոխարենը հակադարձեցին, որ նրանք օգտվում են անձեռնմխելիության ինստիտուտից։ Արդյո՞ք առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողության դեպքում աշխատում է պատգամավորի անձեռնմխելիությունը։

– Առերևույթ հանցագործության հատկանիշներ, համենայնդեպս, սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, կարծես թե, անվիճելի է, և այդ կոնտեքստում պատգամավորների անձեռնմխելիության իրավունքի և դրանից օգտվելու անհագ ցանկության մեջբերումը մի քիչ զավեշտալի է. իմքայլական պատգամավորները, կարծես թե, ամնեզիայի լուրջ բարդեցված տարբերակով են տառապում, որովհետև մարդիկ խոսում են անձեռնմխելիության ինստիտուտից, երբ ամեն կերպ փորձում են ժխտել, որ նույն Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորներն օգտվում են անձեռնմխելիությունից, հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիությունից: Այս օրինագիծն առաջ բերելու և դրա շուրջ տեղի ունեցած «իրավական» գործընթացներից հետո որևէ պատգամավոր չի կարող օգտվել անձեռնմխելիության իրավունքից՝ պատասխանատվությունից խուսափելու համար, կամ իրենց առաջնորդի լեզվով ասեմ՝ ոչ մի պատգամավոր չի «պլստալու»:

– Երեկ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, այսօր էլ՝ Սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասացին, որ նախագիծն առաջին ընթերցումը չանցնելուց հետո այն հանրաքվեի չի կարող դրվել և այն պետք է հանվեր շրջանառությունից: Վարդան Այվազյանն ասում է, որ դա հակասահմանադրական է: Առաջին ընթերցումը չանցնելուց հետո նախագիծը հանրաքվեի ուղարկելը նշանակում է՝ Սահմանադրության և գործող օրենքների կամայական մեկնաբանություն: Դուք համաձա՞յն եք այս տեսակետների հետ, եթե այդպես է, ապա ի՞նչ իրավական հետևանքներ սա կարող է ունենալ գործող իշխանության համար:

– Ամբողջությամբ կիսում եմ և՛ Տարոն Սիմոնյանի, և՛ Վարդան Այվազյանի արտահայտած մտքերն առ այն, որ քվեարկության տապալումից հետո նախագիծը պետք է հանվեր շրջանառությունից, և տապալումից հետո այն հանրաքվեի դնելու բոլոր գործողություններն ամբողջությամբ հակասում են «ԱԺ կանոնակարգ- սահմանադրական օրենքին», և ցավում եմ, որ Տարոն Սիմոնյանը երեկ մինչև այս գործողությունների կատարումն ԱԺ ամբիոնից շատ մատչելի լեզվով դիմեց իր գործընկերներին, որ՝ հարգելիներս, նման գործողության կատարումն ակնհայտորեն հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլև գործող օրենքներին, կատարեք գործողություններ, տարեք հանրաքվեի, բայց դա տարեք իրավական ճանապարհով, բայց կարծես թե իմքայլականները ականջալուր չեղան:

Եթե իշխող խմբակցությունը նպատակ ուներ այս հակաիրավական, հակասահմանադրական քայլերը բարդել ժողովրդի վրա, կամ այսպիսով երկրորդ անգամ ստուգել իրենց լեգիտիմությունը, վստահությունը, կամ այդ հանրաքվեի արդյունքներն օգտագործել՝ թափահարելու, որ ժողովրդի վստահությունն ունեն, ապա ցավում եմ, նման հույսերն արդարացման որևէ արդյունք ունենալ չեն կարող: Ես խիստ կասկածում եմ, որ հեշտ կլինի նախ բացատրել հասարակությանը, թե սահմանադրական փոփոխություններն ինչի համար ես անում, որովհետև հասարակ քաղաքացին ակնհայտորեն պետք է հասկանա՝ եթե դու չես փոխում ինստիտուտ, եթե քո փոփոխությունը չի բերում մարդկանց կյանքի որակի բարելավման, եթե դու նրա որևէ իրավունք չես արտոնում, որևէ իրավունք չես սահմանափակում, ապա հանրաքվեի քարոզը դժվար կլինի: Դու չես կարող ասել, որ՝ գիտե՞ս՝ ես հիմա հանրաքվե եմ անում, որ Պողոսի փոխարեն գա և ՍԴ-ում պաշտոնավարի Մարտիրոսը՝ այն պարագայում, որ Պողոսի թե Մարտիրոսի պարագայում, գոնե անհատական գանգատների առումով, ՍԴ դիմելու ընթացակարգը, ինստիտուտը, քննարկման մեխանիզմն ամբողջությամբ մնում են նույնը։

– Ըստ մասնագետների՝ ԱԺ-ն խախտել է իրավունքի գերակայությունը և նախագիծը դրել է շրջանառության մեջ՝ առանց ՍԴ դրական եզրակացության: Այսինքն՝ գործել է ոչ թե՝ իրավունքի, այլ՝ ուժի գերակայությունը: Այս պարագայում, եթե Արմեն Սարգսյանը ստորագրի այն՝ կստացվի, որ նա նույնպես գործում է ուժի գերակայության տեսանկյունից։ Սա ինչի՞ կհանգեցնի:

– Եթե Արմեն Սարգսյանն այս օրենքը ստորագրի՝ առանց ՍԴ ուղարկելու, ապա՝ այո, Արմեն Սարգսյանը նույնպես պետք է առաջնորդվի ոչ թե՝ օրենքի, իրավունքի, այլ՝ ուժի գերակայությամբ։ Մենք տեսանք, որ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, նույն վարչապետը շեշտում էր, որ Արմեն Սարգսյանը կողմ է հանրաքվեի ճանապարհով այս հարցի լուծումը տանելուն: Բայց հանրաքվեի ճանապարհով տանելը նույնպես պետք է լինի իրավական: Հիմա, եթե Արմեն Սարգսյանը 72 ժամվա ընթացքում օգտագործի իր գրիչը՝ այդ օրենքը վավերացնելու, այլ ոչ թե՝ ՍԴ ուղարկվող նամակը ստորագրելու համար, ես կարծում եմ, որ վաղը-մյուս օրն իրավական հարթության մեջ նույն Արմեն Սարգսյանը կարող է ունենալ խնդիրներ:

Այս պահին Արմեն Սարգսյանը պետք է ուղարկի ՍԴ՝ հասկանալու այդ նախագծի սահմանադրականությունը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա ամբողջությամբ խելագարության կանխավարկածով առաջնորդվող գործընթաց է, որովհետև ուղարկել ՍԴ, մի նախագծի սահմանադրականություն ստուգել այն պարագայում, որ անզեն աչքով, առանց մասնագիտական գիտելիքների հասարակ քաղաքացու համար պարզ է, որ սա հակասահմանադրական գործողություն է, և այն ուղղված է բացառապես ՍԴ-ն զավթելուն, բայց ամեն դեպքում, ելնելով Սահմանադրության առաջին հոդվածի հիմնական դրույթներից՝ Սահմանադրության երաշխավոր Արմեն Սարգսյանը պարտավոր է գոնե ձևական կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար վաղը-մյուս օրը գլուխը չի կախելու:

– Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում փորձեց հիմնավորել, թե ինչու պետք է անցկացվի հանրաքվե. արդյո՞ք նրա բերած փաստարկներն իրավական էին, թե՞ էմոցիոնալ ֆոնն էին ապահովում:

– Դուք կարծում եք, որ ես ձեր հարցին հիմա պետք է լուրջ պատասխանեմ և ասեմ, որ՝ այո, իրավական դիտարկումնե՞ր էր անում վարչապետը: Իհարկե ոչ: Նախ՝ այսօրվա վարչապետի գրառումը, որ երեկ ԱԺ-ում պառլամենտարիզմի մաստեր-կլաս էր, դա ուղղակի զավեշտ էր: Ես մի խորհուրդ ունեմ պարոն վարչապետին՝ նախորդներին անընդհատ քննադատելիս՝ պետք է նաև նախորդներից ինչ-որ բան սովորել. ես ուզում եմ հորդորել նրան՝ նախորդների ամենակարկառուն ներկայացուցիչ Հրանուշ Հակոբյանի պառլամենտարիզմի և պառլամենտական իրավունքի մասին գիրքը թերթի, որը բուհական դասագիրք է, և գոնե թեթև մակարդակով փորձի պատկերացում կազմել պառլամենտարիզմի վերաբերյալ:

Երկրորդ՝ պառլամենտարիզմի թիվ մեկ դրույթն իշխանության ճյուղերի բաժանման, զսպման և հակակշիռների մեխանիզմն է: Այդ դեպքում ի՞նչ պառլամենտարիզմի մաստեր-կլաս, երբ օրենսդիր մարմնի այդ ասմունքի փառատոն հիշեցնող վերջնական ելույթներն ամփոփելու համար օրենսդիրին օգնության է հասնում գործադիրի ղեկավարը: Այդտեղ արդեն պառլամենտարիզմը վերջացած է, չկա: Իսկ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ցիտում էր Վահե Գրիգորյանի լալահառաչ նամակները, իմքայլականների 97 էջանոց ՍԴ-ին ուղղված անբովանդակ նամակի տեքստերը, այսինքն՝ կարծես թե վերջին վայրկյանին են որոշել վարչապետին բերել օգնության: Այդտեղ չկար որևէ իրավական հիմնավորում, ամբողջ ելույթը կառուցված էր էմոցիոնալ և պոպուլիստական հիմքի վրա: Ասեմ ավելին՝ նման արտահայտություններ, որոնք անքննելիորեն հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, վաղը-մյուս օրը պետք է ստանան իրենց գնահատականները: Վարչապետի 35 րոպեանոց ելույթը հիմնված էր ատելության խոսքի վրա:

– Եթե այս ընթացքում Հրայր Թովմասյանը և մյուս դատավորները ՍԴ-ից հեռանալու որոշում կայացնեն, հանրաքվեի հարցն ինչպե՞ս է լուծվելու:

– Շոուն կավարտվի: Այս հարցը երկու ասպեկտ ունի: Մեծ հպարտությամբ եմ նշում, որ այսօր ունենք ՍԴ այնպիսի կազմ, որն ամուր կերպով կանգնած է Սահմանադրության թիկունքին և որևէ պոպուլիստական մտքի, հայտարարության, վախի կամ սպառնալիքի զոհ չի գնում, շարունակում է ամուր պահել, ինչպես Հրայր Թովմասյանն էր ասել, այն խրամատը, որն իրեն վստահված է: Բայց մի բան նաև մյուս կողմից է ակնհայտ՝ եթե ՍԴ 7 անդամներն այսօր հրաժարական տան, իշխանության շոուն կավարտվի: Այսինքն՝ ժողովրդին կերակրելու այլ բաներ պետք է մտածեն, որովհետև սա հիմա շատ կարևոր հարցերից շեղում է ժողովրդին:

Ես ավելի հետաքրքիր հարց բարձրացնեմ. եթե մենք դնում ենք հանրաքվեի, ընդունենք՝ հանրաքվեին մասնակցած անհրաժեշտ թվով անձինք «այո» ասացին այս փոփոխություններին, ես, օրինակ՝ որպես շահագրգիռ կողմ, հետագայում ուզում եմ վիճարկել սահմանադրական այս փոփոխությունների հանրաքվեն, որտե՞ղ եմ դիմելու, եթե դու հիմա այս հանրաքվեով ՍԴ-ն փորձում ես «ազատագրել», էլ չեմ ասում, որ չունես նախանշված ժամկետներ, թե ովքեր պետք է գան և երբ պետք է գան: Հիմա, եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ժողովրդի ստվար զանգվածը (չնայած՝ խիստ կասկածում եմ) «այո» ասեց ՍԴ դատավորներից «ազատագրվելու» նախագծին, 10 օր հետո այդ «ազատագրվող» դատավորները պետք է քննարկեն այդ հանրաքվեի սահմանադրականությո՞ւնը: Աբսուրդ:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս