
Տեղումներն էականորեն բարելավել են ցանքսերի վիճակը. Արցախի գյուղնախարար

Հանրապետությունում հունվար ամսվա և փետրվարի սկզբի տեղումներն էականորեն բարելավել են ցանքսերի վիճակը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նրա խոսքով՝ աշնանային երաշտը բացասական առումով հետք է թողել աշնանացանի գրեթե բոլոր ցանքատարածքների վրա. հարթավայրային գոտում՝ ավելի մեծ, որովհետև հիմնականում բույսի ծլման և թփակալման կենսաբանական փուլերում եղել է խոնավության ի սպառ բացակայություն, որի հետևանքով նաև կարճ վեգետացիա է եղել, ինչը, միանշանակ, բացասական ազդեցություն է թողնելու բերքատվության վրա:
«Շուրջ 10.000 հա աշնանացան ցանքատարածքների բերքատվության նախնական ցուցանիշների վերաբերյալ եզրակացություն անելը դեռ վաղ է: Փետրվարի կեսերին մենք կկարողանանք գնահատական տալ: Ցանքատարածքների հիմնական մասը փրկված է հետագա վիճակի բարդացումից: Գյուղնախարարության աշխատակիցների հանդիպումները, խորհրդատվությունները շարունակվում են շրջվարչակազմերի և համայնքների ղեկավարների հետ. փորձում ենք գարնանացանի ծավալներն ավելացնել:
Ներկայումս հանրապետությունում ունենք 70 հազար հա կատարված աշնանացան, որոնց այն մասը, որ գտնվում է նորմալ կենսաբանական վիճակում, խնդրահարույց չի լինելու»,-մասնավորապես ասել է նախարարը: