Որոնք են քաղցկեղի առաջին ախտանշանները, ու ինչպես այն կանխել
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա կապակցությամբ կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ՝ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաև դրանք կանխարգելելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին հանրությանն իրազեկելու նպատակով:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Բեռլինի Շարիտեի համալսարանական կլինիկայում վերապատրաստված, Շենգավիթ ԲԿ-ի կրծքագեղձի վիրաբույժ Սոնա Հայրապետովան, խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց, որ այս հիվանդության վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակը նպաստում է հիվանդությամբ պայմանավորված մահացությունների թվի կրճատմանը: Մասնագետն ընդգծեց նաև, որ հատկապես տարածված է կրծքագեղձի քաղցկեղը։
«Կրծքագեղձի քաղցկեղն ամբողջ աշխարհում իր տարածվածությամբ գրավում է առաջին տեղը՝ կանանց շրջանում։ Նշեմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բարձր է նաև տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի տարածվածության մակարդակը։ Ըստ 2018 թվականին աշխարհում իրականացված ուսումնասիրության տվյալների՝ կանանց մոտ հայտնաբերված քաղցկեղի տեսակների 24.2 տոկոսը հենց կրծքագեղձի քաղցկեղն է, օրինակ՝ այն մեծ տարածում ունի ԱՄՆ-ում՝ 8 բնակչից մեկի մոտ հայտնաբերվում է քաղցկեղի հենց այդ տեսակը»,- ասաց Սոնա Հայրապետովան։
Բժշկուհու խոսքով՝ այս հիվանդության դեմ պայքարի հարցում հետաքրքիր է զարգացող և զարգացած երկրների փորձը, և, ի տարբերություն զարգացող երկրների, զարգացած երկրներում արդեն այս հիվանդության հետևանքով մահացության ցուցանիշը ցածր է։
«Դա պայմանավորված է նրանով, որ զարգացած երկրներում ներդրված է սքրինինգային հետազոտությունների համակարգ. Այսինքն՝ կինն առանց իր մոտ քաղցկեղի որևէ նախանշան տեսնելու՝ 40 տարեկանից հետո պարտադիր տարին մեկ անգամ անցնում է սքրինինգային մամոգրաֆիկ հետազոտություն, որի շնորհիվ կարողանում են հիվանդությունը հայտնաբերել շատ ավելի վաղ փուլում, ինչի շնորհիվ էլ կարողանում են բուժման դեպքում հասնել մահացության ամենացածր ցուցանիշին։ Ինչ վերաբերում է մինչև 40 տարեկանին, ապա պետք է նկատել, որ մինչև այդ տարիքը, եթե կինը չունի գանգատներ, որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա»,- ասաց Հայրապետովան։
Խոսելով օրգանիզմում չարորակ գոյացությունների առկայության և դրանց առաջնային նախանշանների մասին՝ Հայրապետովան նկատեց, որ դրանք շատ տարբեր են՝ մաշկային կարմրությունից, մաշկի այտուցից՝ մինչև, օրինակ, կրծքագեղծի պարագայում՝ կրծքի ձևի փոփոխություն։
«Գրեթե նույն նախանշաններն են նաև տղամարդկանց մոտ, ուստի, երբ տղամարդն իր մարմնի վրա նկատում է որևէ փոփոխություն, պետք է անհապաղ դիմի բժշկի, և ոչ թե խնդիրը մատնի անուշադրության»,- ասաց Սոնա Հայրապետովան։
Խոսելով քաղցկեղի բուժման համար մեր հայրենակիցների կողմից հաճախ արտասահմանյան կլինիկաները նախընտրելու տենդենցի մասին՝ Հայրապետովան նշեց, որ թեև Հայաստանում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, հայաստանյան կլինիկաները զիջում են արտասահմանյան կլինիկաներին տեխնիկական հագեցվածությամբ։
«Մի պարզ օրինակ բերեմ. եթե մի քանի տարի առաջ նույն Գերմանիայում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար ներկում էին ավշահանգույցները, հիմա ունեն այնպիսի սարքավորումներ, որոնցով կարողանում են խնդիրն արագ հայտնաբերել։ Այո՛, այնտեղ տեխնիկական հագեցվածությունն այլ է, սակայն նշեմ, որ կան ուղեցույցներ, որոնք բժիշկները կարող են ունենալ իրենց ձեռքի տակ և շարժվել ժամանակին համահունչ»,- ասաց Հայրապետովան՝ տեղեկացնելով նաև, որ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմա Հայաստանում քաղցկեղի բուժման նկատմամբ կա ավելի մեծ վստահություն, հետևաբար՝ դրսում բուժումը շարունակելու դեպքերն աստիճանաբար նվազում են։
Քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ պետության ներդրած ծրագրերին անդրադառնալով՝ Հայրապետովան կարևորեց քաղցկեղի վիրահատությունն անվճար դարձնելու որոշումը։
«Պետությունը շատ մեծ քայլ արեց անցյալ տարի, երբ քաղցկեղ ախտորոշում ունեցողների վիրհատությունը պետպատվերի շրջանակում որոշեց անել։ Գիտենք, որ շատերը չէին դիմում վիրահատության՝ կապված ֆինանսական խնդիրների հետ, ուստի այս հարցը պետպատվերի շրջանակում կարելի է համարել լուծված։ Տեղյակ եմ նաև, որ թե՛ ճառագայթային բուժման, թե՛ դեղորայքի որոշակի խմբաքանակի տրամադրման հարցում պետության կողմից կա որոշակի աջակցություն»,- ասաց Հայրապետովան։
Վերջում բժշկուհին խորհուրդ տվեց հիշել, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, ծխախոտի, ալկոհոլի օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։
«Ուզում եմ այստեղ շեշտել, որ հանրության մեջ կա թյուր կարծիք, թե բիոպսիան, երբ հայնաբերված գոյացությունից վերցվում է հյուսվածք և ուղարկվում հետազոտության, քաղցկեղը դարձնում է ավելի ագրեսիվ։ Սա սխալ տեսակետ է, քանի որ հենց այդ հյուսվածաբանական հետազոտությունն է հանդիսանում ոսկե ստանդարտ՝ ինչպես հետագայում բուժման պլանավորման, այնպես էլ՝ իրականացվող քայլերի հաջորդականության համար»,- ասաց բժշկուհին՝ շեշտելով՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և անկախ նրանից, թե որ փուլում է այն ախտորոշվել, կան միջոցառումներ, որոնք կբերեն թե կյանքի որակի բարելավման, թե ապրելու հնարավորության բարձրացման։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում