«Իշխանությունները ձեռ են առնում Վենետիկի հանձնաժողովի նախագահին և ԵԽԽՎ համազեկուցողներին». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի միջև առկա իրավիճակի վերաբերյալ՝ որոշակի կոչ են՝ ուղղված իշխանություններին:
«Կարծում եմ՝ իշխանությունների կողմից այս երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել, և մեկնաբանվել են հօգուտ իրենց: Երբ իշխանություններն ասում են, որ ողջունում են այդ հայտարարությունները, ցանկանում են ծածկել մտահոգությունների ամբողջ հատվածը, բայց սա թրոլինգ է, բարձր մակարդակով իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին, լավ, այսպես ասեմ՝ այդ մարդկանց ձեռ են առնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, եթե համեմատենք, թե նախկինում նման հայտարարություններն ինչպես են ընկալվել, պարզ կդառնա, թե ինչու են օրվա իշխանությունները ծաղրում նրանց, և այս համատեքտում իշխանություններն ասում են, թե իրենք լեգիտիմ են և թքած ունեն այս հայտարարությունների վրա:
«Օրինակ՝ նախկին իշխանությունները վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին ինչ-որ շտկումներ անել: Բայց ԵԽԽՎ համազեկուցողները և Վենետիկի հանձնաժողովի նախագահն են մեղավոր, որ իշխանություններն իրենց ձեռ են առնում, քանի որ, եթե հնարավորություն կա դրանք տարբեր ձևերով մեկնաբանելու, ուրեմն գուցե ճիշտ է անում մեևր գործընկերը, որ ձեռ է առնում բարձր մակարդակով: Բայց սա իրենց խնդիրն է, թող իրար հետ քննարկեն, հասկանան, թե ով է ճիշտ է: Ես այդ հայտարարությունները ընկալում եմ հետևյալ կերպ՝ իշխանությանն ասում են, որ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք՝ մի արեք, դրանով լարվածություն եք ստեղծում իշխանության երկու թևերի միջև, դա նաև հակասում է նախկինում տրված մեր ռեկամենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Հիմա իշխանությունները մեկնաբանում են, որ այս կոչն ուղղված է Հրայր Թովմասյանին, որ իբր ասում են՝ դու շատ ես բզբզում, և այլն»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նկատեց՝ իշխանություններն ունեն մեծ շնորհք՝ ցածր վստահություն, վարկանիշ ունեցող որևէ մեկին դարձնել հերոս, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, անիմաստ հերոսացման արդյունք է:
Մարուքյանը նաև ընդգծեց, որ, եթե իշխանությունները չգործեն իրավական դաշտում, վաղն այդ բոլոր հայտարարությունները դառնալու են զեկույց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում