
Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Ռուստամ Բադասյանի հայտարարության հետևանքն է. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը, նշելով, որ Ջիանի Բուքիքիոն հղում անելով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը՝ մտահոգություն է հայտնել ՍԴ-ի և վարչապետի ինստիտուտի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավելեց, որ ինքն էլ ամբողջությամբ կիսում է այդ մտահոգությունը:
«Այս իրավիճակը ստեղծվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում: Պարոն Բուքիքիոն կոչ է անում, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմը բացարձակապես պետք է լինի կամավոր, և դատավորները պետք է զերծ լինեն որևէ տեսակի քաղաքական ու անձնական ճնշումներից, ես սա կարևոր եմ համարում: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ տարբեր շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որպեսզի ՍԴ դատավորներին հետ պահեն վաղ կենսաթոշակի դիմելու քայլից: Փաստորեն դրանից հետո լինում է Ջ. Բուքիքիոյի հայտարարությունը, որտեղ ասված է, որ դա սխալ է, և չպետք է լինեն ճնշումներ դատավորների հանդեպ, որպեսզի նրանք կայացնեն որոշումներ»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը:
Նա ընդգծեց, որ կիսում է նաև Ռուստամ Բադասյանի մատահոգությունները, քանի որ բազմաթիվ հայտարարությունների ու գործողությունների դեպքեր կան, այդ թվում՝ ՍԴ աշխատակազմի, լրատվամիջոցների, տարբեր քաղաքական գործիչների, որոնք կարող են ընկալվել՝ որպես ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ:
Դիտարկմանը, որ իշխանություններն են ճնշում ՍԴ դատավորներին, Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ նման որևէ դեպք չգիտի, եթե լրագրողները գիտեն, թող բարձրաձայնեն:
Երբ լրագրողը նշեց, որ անմեղության կանխավարկածի խախտումը արդյո՞ք ճնշում չէ, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ պետք է հարգվի անձի անմեղության կանխավարկածը, սակայն, ցավոք, բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց խոսքում, ռեպորտաժում՝ թե՛ նախկինում, թե՛ այժմ, չեն պահպանում անմեղության կանխավարկածը, և նման դեպքերը բազմաթիվ են: