Բաժիններ՝

BAFTA-ի գրան-պրին շնորհվել է Սեմ Մենդեսի «1917» ֆիլմին

Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման դարձել է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) գլխավոր մրցանակի դափնեկիրը. մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ի երեկոյան։

«Լավագույն ֆիլմ» կատեգորիայում Մենդեսի աշխատանքի մրցակիցներն էին Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ…Հոլիվուդում», Թոդ Ֆիլիպսի «Ջոքեր», Մարտին Սքորսեզեի «Իռլանդացին» եւ Պոն Չժուն Հոի «Մակաբույծները» (Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր) ֆիլմերը:

Ավելի վաղ կինոնկարը դարձել է «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր: Մենդեսը պարգեւի է արժանացել նաեւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Այս կատեգորիայում պարգեւին հավակնում էին Պոն Չժուն Հոն՝ իր «Մակաբույծները» ֆիլմով, Քվենտին Տարանտինոն («Մի անգամ…Հոլիվուդում»), Թոդ Ֆիլիպսը («Ջոքեր») եւ Մարտին Սքորսեզեն («Իռլանդացին»): Բացի այդ, դրաման ճանաչվել է «Լավագույն բրիտանական ֆիլմը»:

«Ոչ անգլերեն լեզվով լավագույն ֆիլմ» է դարձել ռեժիսոր Պոն Չժուն Հոի «Մակաբույծները» կինոնկարը: Նույն ֆիլմը պարգեւի է արժանացել «Լավագույն օրիգինալ սցենար» կատեգորիայում: «Լավագույն դերասան» կատեգորիայում բրիտանական կինոակադեմիայի մրցանակը շահել է Հոակին Ֆենիքսը («Ջոքեր»), իսկ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

Երկրորդ պլանի դերի համար մրցանակներն ստացել են ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթը եւ Լորա Դյոռնը: 56-ամյա Փիթը հեղինակավոր պարգեւին արժանացել է կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ…Հոլիվուդում» կինոնկարում մտացածին կասկադյոր Քլիֆ Բութի դերը կատարելու համար: Կինոյի բրիտանական ակադեմիայի պարգեւը Լորա Դյոռնին բերել է ռեժիսոր Նո Բաումբախի «Ամուսնական պատմություն» ֆիլմում նրա խաղացած դերը: Դերասանուհին մարմնավորել է դատապաշտպան Նորային, որը համաձայնել է վարել երիտասարդ զույգի հիվանդագին ամուսնալուծության գործընթացը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս