ՀՔԾ-ն «Օրսիս Արմս»-ի ներկայացուցչի հաղորդման հիման վրա նոր քրեական գործ է հարուցել
Հատուկ քննչական ծառայությունում ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նոր քրեական գործ է հարուցվել և միացվել է «Օրսիս Արմս»-ի զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործերին: Այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
«Այդ քրեական գործը միացվել է «Օրսիս Արմս» ընկերության զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործերին»,- ասացին ՀՔԾ-ից, հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը 2020թ. փետրվարի 3-ին, հաղորդելով ՀՔԾ-ում նոր քրեական գործի մասին, հենվելով իր անանուն տեղեկացված աղբյուրի վրա, նշում է, որ նոր քրգործը վերաբերում է ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արժեքավոր նվերի յուրացման և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից երկրում «Օրսիս Արմս» ընկերությունը ներկայացնող փաստաբանի գործունեության խոչընդոտման դեպքերին:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ 2019թ. սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա երկու քրեական գործ միացվել է մեկ վարույթում:
Քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցվել էր Հատուկ քննչական ծառայությանը:
Օգոստոսին ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ: