«Երբևիցե այսպիսի խղճուկ վիճակում չենք եղել. հայկական կողմը երբեք այսպիսի պրեսինգի տակ չի եղել». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ բանակցային սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա. «Այս պահին քննարկվում են քայլեր, որոնք հետագայում կբերեն այդ փաստաթղթի ձևավորմանը: Այսինքն՝ իրենք այդ ապագա պոտենցիալ փաստաթղթի դրույթներն են քննարկում»:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Մադրիդյան սկզբունքներն են դրված սեղանին, նա այսպես արձագանքեց. «Հավանաբար, ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որից պատկերացում չունեմ: Մարդիկ ինչ-որ բանի մասին շատ երկար խոսում են, ես հասկանում եմ, որ նրանք ինչ-որ մեխանիզմներ են մշակում, ասենք, հասարակություններին խաղաղության պատրաստելը, դա պայմանավորվածություն է, որը ձեռք է բերվել 2019թ.: Լավ, շատ լավ նախաձեռնություն է, բան չունեմ ասելու, բայց երբ հնչում է այդ ձևակերպումը՝ ճիշտ նույն օրն ադրբեջանական մամուլը խայտառակ հայատյաց հոդվածներ է հրապարակում»:
Արմինե Ադիբեկյանն ասաց, որ համայնքների համատեղ ապրելու թեման վաղուց է շրջանառվում. «Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր դա առաջ քաշել և որոշակի խողովակներով փորձում էր հասցնել, որ մենք փորձում ենք հայերի հետ համատեղ ապրել, հայերն են ապակառուցողական, ֆաշիստ և չեն ուզում, որ ադրբեջանցիները գան՝ իրենց հետ ապրեն: Ուրիշ հարց, որ նրանց խոսքն ու գործը իրարից կտրականապես տարբերվում է: Հիմա, որպես շատ հեռանկարային պլան, դա հավանաբար կարող է քննարկվել: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ո՞նց է դա արվելու: Ես նույնիսկ չեմ հարցնում՝ երբ: Այդ համատեղ կյանքը որ սկսի կայանալ, առաջին հերթին՝ Ադրբեջանը պետք է սկսի փոխել իր ամբողջ ուսումնական համակարգը: Ադրբեջանը պատրա՞ստ է նորից սերունդ դաստիարակել, և այն սերունդներին, որոնց նա թունավորել է հայատյացությամբ, համոզել, որ՝ կներեք, սխալվեցինք, դա իրականությանը չի համապատասխանում: Դա աբսուրդ է, դա անհնարին է»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ խոսեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից՝ կարդալով մադրիդյան սկզբունքները, բայց չնշեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այդ պայմանավորվածություններն ինչո՞ւ դուրս մղվեցին օրակարգից, նա պատասխանեց. «Ինձ թվում է, առհասարակ, այդ դրույթներին լավ չտիրապետելու պատճառով: Մարդը ժամանակ չուներ կարդալու, և թերթի հոդվածը լրիվ բավական է, որ նա պատկերացում կազմի 25 տարվա տևողության գործընթացի մասին: Սերժ Սարգսյանը թողել էր հստակ, պինդ, ամուր դիրք՝ հայկական կողմի համար, որովհետև Ադրբեջանին էին ռմբակոծում պահանջներով, այսինքն՝ ապակառուցողական կողմն Ադրբեջանն էր: Հայկական կողմը հանդես էր գալիս առաջարկներով, որոնք ադրբեջանական կողմը, բնականաբար, մերժում էր, և այդ ֆոնի վրա բավականին ապակառուցողական էր երևում: Իսկ հայկական կողմի առաջարկները, առաջին հերթին, բխում էին Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունից: Իմ հիշելով՝ երբևիցե մենք այսպիսի խղճուկ վիճակում չենք եղել. եղել են վտանգավոր, սուր, մտահոգիչ պահեր, բայց այսպիսի անորոշություն, այսպիսի պրեսինգ, որի տակ հիմա գտնվում է հայկական կողմը, ես չեմ հիշում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում