«Ակնհայտ է, որ լարվածություն կա ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև». Ռուստամ Բադասյան
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեն իրենց հայտարարությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել «Հայաստանի վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև առկա բարձր աստիճանի լարվածությամբ» և հորդորել էին իշխանության բոլոր ճյուղերին գործել իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ և հարգել այն, ինչպես նաև՝ անմեղության կանխավարկածը, իրենց գործողություններում և խոսքերում:
«Եթե նրանք ձախողեն այս սկզբունքներին համաձայն գործելը, նրանք թուլացնում և վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք աննախադեպ մակարդակի հասած լարվածության երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին, որի նկատմամբ վստահության մակարդակն արդեն իսկ շատ ցածր է»,- նշել են համազեկուցողները:
Համազեկուցողները նաև արձանագրել էին, որ Կառավարությունն ու Խորհրդարանը հարգել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունից իր համար մի քանի կարևոր դիտարկում է առանձնացնում:
«Առաջինը, հիշում եք, մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն ամեն ինչ շատ հստակ կարգավորել է, դրա համար հիմիկվա փորձերը տեղին չեն, և համազեկուցողների արձագանքն ավելի քան համոզիչ և հստակ է, որ այն նպատակը, որը մենք հետապնդում ենք, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով նախանշված ՍԴ մոդել ունենալը, ամբողջությամբ լեգիտիմ է»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին, որի մեխանիզմի մասին կարծիք ստանալու համար իշխանությունները դիմել էին նաև Վենետիկի հանձնաժողով, ինչի մասին արտահայտված էր նաև ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ, Բադասյանն ասաց, թե ձևակերպումը շատ հստակ է, ասվում է, որ վաղ կենսաթոշակի կիրառումը պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքով:
Արդարադատության նախարարի առանձնացրած երկրորդ հանգամանքը հավանաբար վերաբերում էր հայտարարության այն մասին, որում նշված է, թե առկա լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
«Ես կառանձնացնեի այն, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում: Այսինքն՝ շեշտվում է բարեփոխումների կարևորությունը հայաստանյան օրակարգում, և ընդհանուր տպավորությունը արձագանքից նա է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումները ամբողջությամբ հասկանալի են, և շեշտվում է, որ Խորհրդարանն ու Կառավարությունը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում՝ իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար: Եվ կարևորեմ, որ ՍԴ ճգնաժամը մեր բարեփոխումների ընթացքին չպետք է խոչընդոտ հանդիսանա, և կարծում եմ, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության նախարարը կիսում է ԵԽԽՎ համազեկուցողների կարծիքը, որ ՍԴ-ի և վարչապետի միջև կա լարվածություն:
«Ակնհայտ է, որ լարվածություն կա: Իմ կարծիքով՝ լարվածությունն առաջանում է նրանից, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձևակերպումներ են հաճախ կատարվում Սահմանադրական դատարանից: Խրամատի զինվո՞ր, այդ ի՞նչ խրամատ է, այդ խրամատի զինվորն ումի՞ց ու ի՞նչ ազգային արժեք է պաշտպանում, այդ ազգային արժեքներն ումի՞ց է պաշտպանում, ո՞նց է պաշտպանում: Այսինքն՝ նման արտահայտությունները ու նման որակումները, որոնք քաղաքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ՝ այս լարվածության ստեղծման կոմպոնենտ է»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Ըստ արդարադատության նախարարի՝ լարվածությունն ունի նաև երկրորդ կոմպոնենտ, ու դրանում, ըստ Բադասյանի, մեղավոր են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը:
Նրա խոսքով՝ դա Սահմանադրական դատարանի այն դատավորների նկատմամբ աննախադեպ ճնշումն է, ովքեր կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Բադասյանի համար նաև ակնհայտ է, թե ովքեր են կանգնած այդ ճնշումների հետևում:
«Դե ակնհայտ է: Կարող եք նայել՝ սոցցանցերում ինչպիսի գրառումներ են կատարվում, որ լրատվականներն են նման տեղեկություններ տարածում, ամուսնական կապեր, չգիտեմ ինչ, ճնշում են՝ ասելով, թե «ով որ դիմի, դավաճան է», «ով որ դիմի, նա հանցագործություն է կատարում»»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, թե ճնշում միանշանակ կա, բայց այդ ճնշումն իշխանությունը չի իրականացնում:
Արդարադատության նախարարը ԵԽԽՎ կոչը՝ եղած լարվածությունը թուլացնելու մասին, ընդունել է ի գիտություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում