«Այսօր նոր պայմանագիր ենք ուղարկել». Ջամալայի համերգի կազմակերպիչը պարզաբանում է
«Պայմանագրային խնդիր կար, այսօր նոր պայմանագիր ենք ուղարկել, իրենք կհաստատեն, կուղարկեն: Համերգի օրը չի փոխվելու, խնդիրը զուտ պայմանագրային էր և փոխանցումները չենք հասցրել անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դրիմ փրոջեքթ»-ի գլխավոր պրոդյուսեր Հայկ Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալայի PR տնօրեն Դենիս Կոզլովսկին 168.am-ին ասել էր, որ Ջամալան Երևանում համերգ չի ունենալու:
«Ջամալան համերգ չի պլանավորում Երևանում: Հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել: Նրանք ամսաթիվ են հարցրել, և սկսել են վաճառել տոմսերը, բայց պայմանագիր չեն ստորագրել և գումար չեն փոխանցել»,- ասել էր նա:
Հայկ Անդրիասյանը պարզաբանեց, թե ինչ խնդիր է եղել. «Մեզ տվել էին ադրբեջանական MuganBank-ի հաշվեհամար, Երևանից Բաքու մենք չեն կարող գումար փոխանցել, մենք պայմանագրում դրան ուշադիր չէինք եղել: Դրա հետ կապված ունեցել ենք խնդիրներ, դրա համար ուշացրել ենք կանխավճարը: Հիմա նոր պայմանագիր ենք ուղարկել, սպասում ենք պատասխան պայմանագրին: Մեզ ոչ ոք պաշտոնապես չի ասել, որ համերգը չի լինելու: Մենք ինչպես նորմալ պատրաստվել ենք համերգին, այդպես էլ շարունակում ենք»,- ասաց նա:
Հարցին՝ եթե այնուամենայնիվ Ջամալան չգա Հայաստան, տոմսերի գումարները վերադարձվելո՞ւ են, նա պատասխանեց. «Բնականաբար: Մենք ոչ մի տոմսարկղից գումար չենք հանել, կարող է մեր կողմից էլ ինչ-որ խնդիր լինել, կարող է մարդը հիվանդանալ և չգալ, և այդ դեպքում մարդիկ, ովքեր գնել են տոմսերը, գումարները կստանան»: