Բաժիններ՝

ԱՄՆ-ը կորոնավիրուսի պատճառով Չինաստանը ներառել է «կարմիր ցուցակում»

ԱՄՆ-ը կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանը ներառել է այն երկրների «կարմիր ցուցակում», ուր կտրականապես խորհուրդ չի տրվում այցելե։Պետդեպարտամենտը Չինաստանը դասել է վտանգի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակին: «Մի ճանապարհորդեք Չինաստան նոր կորոնավիրուսի պատճառով, որն առաջին անգամ հայտնաբերվել է Ուհանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այն ամերիկացիներին, որոնք արդեն գտնվում են այդ երկրում, հանձնարարվում է հնարավորինս շուտ լքել այն: Սպիտակ տունը հունվարի 30-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Խումբն ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում հունվարի 27-ից: Այն գլխավորում է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, որն իր աշխատանքը համակարգում է Ազգային անվտանգության խորհրդի հետ: Խմբի կազմում ընդգրկվել են Սպիտակ տան եւ կառավարական մի քանի հիմնարկությունների փորձագետներ, ներառյալ ինֆեկցիոն հիվանդությունների գծով երկրի առաջատար մասնագետները:

Այդ կառույցի խնդիրների թվում է՝ իրադրության մոնիթորինգի եւ վիրուսի տարածման կանխման միջոցառումների մշակումը, ինչպես նաեւ բնակչությանը ժամանակին իրավիճակի մասին տեղեկացնելը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի առաջատար տնտեսական խորհրդական Լարի Քադլոուն հայտնել է, որ ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել արդեն երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս