
ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատրյան քույրերի գործողությունները որակել է անհրաժեշտ պաշտպանություն

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան, քանզի համարել է, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը: «Դատախազությունը մատնանշում է, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում»,- ասել է Լիպցերը:
Այսպիսով, քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը, ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան, պետք է դադարեցվի: Ավելի վաղ հենց նման որակման անհրաժեշտության մասին քանիցս հայտարարել է աղջիկների պաշտպանությունը:
Անցյալ տարվա վերջին հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հիշյալ գործերը հանձնել դատարան եւ Քննչական կոմիտե է վերադարձրել Խաչատրյան քույրերին վերաբերվող նյութերը, որոնք մեղադրական եզրակացություն էին բովանդակում երկու ավագ քույրերի նկատմամբ եւ որոշում քույրերից կրտսերի նկատմամբ բժշկական բնույթի միջոցներ կիրառելու մասին:
Քննչական կոմիտեն, իր հերթին, «հրաժարման» որոշումը վիճարկել է՝ դիմելով գլխավոր դատախազին, որը հաստատել է գործը լրացուցիչ քննության վերադարձնելու որոշումը: