«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր գործառույթները». Արման Սարգսյանը՝ ընդդիմախոսներին բռնի ուժով ձերբակալելու մասին
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպման էր հրավիրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։
Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են ոստիկանությանը վերաբերող տարբեր հարցեր ու խնդիրներ:
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ հանդիպումը ստացվեց, քանի որ առաջինն էր, մենք այս ձևաչափը կպահենք, խորհրդարանական երկրում սա հաշվետվողականության մի ձև է։ Թույլատրելիի սահմաններում եղել ենք թափանցիկ, ներկայացվել են թե՛ մեր խնդիրները, թե՛ առաջիկա անելիքները, մասնավորապես՝ բարեփոխումների մասին»,- ասաց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Անդրադառնալով բազմաթիվ քննադատություններին, որ այսօր ոստիկանությունն անհամաչափ է գործում և անհիմն կասկածներով մարդկանց բերման ենթարկում բռնի կերպով, Արման Սարգսյանը նկատեց՝ բնականաբար, խոսքը երկու օր առաջ տեղի ունեցածի մասին է, որտեղ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր գործառույթները։
«Ոստիկանությունը հանդիսանալով հետաքննության մարմին՝ իրավասու է տեղեկությունը ստուգելու համար բերման ենթարկել անձին։ Հնարավոր է նույն անձանց բերման ենթարկել մի քանի անգամ, բայց այս դեպքում նկատի չունեմ այդ անձանց»,- հավելեց նա։
Հարցին՝ ծառայողական քննություն անցկացվո՞ւմ է՝ քաղակտիվիստներին օրերս բերման ենթարկելու հետ կապված, Արման Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում.
«Եթե քաղաքական հետապնդում իրականացվեր, նման ազատություն՝ խոսքի և գործալակերպի առումով, չէր լինի։ Մարդիկ իրենց իրավունքն իրականացնում են և ազատ խոսքի շրջանակներում այս ամենը համարում են քաղաքական հետապնդում։ Ոստիկանությունն այն կառույցն է, որին անընդհատ չպետք է գովեն, և քննադատությունները նորմալ եմ համարում, պարզապես ցանկալի կլիներ լսեր առողջ քննադատություն։ Երբ ծառայողական քննության անհրաժեշտություն լինի՝այն կիրականացնենք»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նա խոստացավ առաջիկայում քննարկել մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպելու հարցը, և, որ այդ ժամանակ մեծ հնարավորություն կտա բոլորին հարցեր հնչեցնել։