Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը կվերանվանվի Թոքաբանության ազգային կենտրոնի

Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Ըստ հիմնավորման, սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անվանումը կազմակերպության փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի հիմնադրումից ի վեր թե հիվանդանոցային, թե արտահիվանդանոցային պայմաններում հետազոտվում եւ բուժվում են թոքային տարբեր ախտահարումներ ունեցող պացիենտներ` տուբերկուլոզն այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվում են օբստրուկտիվ եւ ոչ օբստրուկտիվ բրոնխիտներ, մանրէային, սնկային եւ կանգային թոքաբորբեր, ԹՔՕՀ, թոքերի թրոմբոէմբոլիկ, համակարգային եւ ուռուցքային, մակաբուծային ծագման ախտահարումներ:

Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզի հիվանդացությունը նվազել է մոտ 27 անգամ: Խիստ նվազել է նաեւ կազմակերպությունում բուժվող տուբերկուլոզով պացիենտների թիվը (2019 թվականի առաջին կիսամյակում ամսական միջին թվաքանակը կազմել է 54):

Ծրագրվում է հանրապետությունում իրականացնել հիվանդակենտրոն հակատուբերկուլոզային բուժում` այն առավելագույնս մոտեցնելով պացիենտի բնակավայրին, այսինքն` տեղամասային ֆիզիատորի հսկողության ներքո:

Կազմակերպությունում շուրջ 7 ամիս է, ներդրվել են վճարովի ծառայություններ, որոնց շրջանակներում բազմաթիվ թոքային ախտահարումներով պացիենտներ ստանում են խորհրդատվություն, իրականացվում են մի շարք լաբորատոր գործիքային հետազոտություններ:

Նշված ժամանակահատվածում հետազոտվել է շուրջ 7500 պացիենտ: Դրան զուգահեռ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ տուբերկուլոզային ախտահարում ունեցող պացիենտները կարիք են ունեցել հոսպիտալացման, ինչը հնարավոր չի եղել իրականացնել վճարովի ծառայությունների շրջանակներում` մի շարք իրավական հիմքերի, այդ թվում` հաստատության անվանման բացակայության պատճառով:

Պացիենտների շրջանում մտավախություններ եւ որոշակի ահաբեկվածություն է առաջացնում նաև «տուբերկուլոզ» բառը, ինչն անդրադառնում է կազմակերպության այցելուների վրա։

Տեսանյութեր

Լրահոս