Իրական, բայց անհավատալի հարկային տարօրինակություն

Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց տարվա իր բաժին հիմնական փաստաթուղթը: Խոսքը 1000 խոշոր հարկ վճարողների և «նրանց կողմից 2019թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների» ցանկի մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողների համար սա կարևոր փաստաթղթերից է: Փաստաթուղթ, որ ներկայացնում է տնտեսության իրական հատվածի պատկերն ու կատարվող գործընթացի դինամիկան: Ներկայացնում է՝ առանց ավելորդ քաղաքական հուզականության:

Ներկայացնում է՝ երազանքներն իրականությունից տարբերելով:
Առաջին եռյակում աշխարհացունց ոչինչ չի կատարվել: «Գազպրոմ Արմենիան» նախորդ տարվա նման երրորդ տեղում է: «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը» առաջին տեղից իջել է երկրորդ: Իսկ «Գրանդ Տոբակոն» երկրորդից` առաջին: Համապատասխանաբար: Բայց բոլորն էլ ավելացրել են մուծած հարկերը: Պղնձամոլիբդենայինը նախորդ տարվա համեմատ՝ մուծել է մոտ 266 մլն ավելի դրամ, իսկ «Գազպրոմ Արմենիան»` մոտ 3.6 մլրդ: Ռեկորդային կարելի է որակել «Գրանդ Տոբակոյի» հարկային թռիչքը՝ 57 մլրդ 49 մլն դրամ: Սա նախորդ տարվանից մոտ 14.8 մլրդ դրամ ավելի է:

Խոշոր հարկատուների ցանկն առաջիկայում մասնագիտական լուրջ ու մանրամասն քննության կենթարկվի: Հաստատ: Հիմա կարելի է արձանագրել, որ ընդամենը մեկ փոփոխություն կա առաջին տասնյակում: Նախորդ տարիների առաջին տասնյակի հետ համեմատած:

Նախ՝ վերադարձի մասին: Առաջին տասնյակ է վերադարձել «Վեոն Արմենիա» վերանվանված նախկին «ԱրմենՏելը»: «Վեոն Արմենիան» 2018-ին 45-րդ հարկատուն էր՝ մուծած 3.8 մլրդ դրամ հարկերով: Հիմա նա 10-րդն է` 12.238 մլրդ դրամ մուծումով: 2018-ին 10-րդը հանրահայտ «Ֆլեշն» էր՝ 11.5 մլրդ դրամով: Հիմա «Ֆլեշը» 6-րդն է (համարյա 16 մլրդ հարկային մուծումով): 2019-ի առաջին տասնյակի ցուցակում 2018-ի համեմատ ծխախոտի հետ առնչվող չորս ընկերություն կա: Երկու արտադրող, երկու ներմուծող ընկերություն: «Գրանդ Տոբակոյի» մասին նշվել է: Մյուս արտադրողն «Ինթերնեյշնլ Մասիս տաբակն» է` հարկային մուտքերը՝ 19.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 13.08-ի դիմաց:

Ներմուծողներից մեկը 7-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական: Մյուսը`«Ֆիլիպ Մորիս Արմենիան», մնացել է նույն` 8-րդ տեղում (համարյա նույնչափ մուծումով՝ 13.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 13.55-ի դիմաց): Առաջին տասնյակի ընկերություններից երկուսը հանքարդյունաբերության ոլորտից են` «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն» ու «ԳեոՊրոՄայնինգը»: Վերջինս զիջել է դիրքերը: 2018-ի 5-րդ խոշոր հարկատուն 2019-ին 9-րդն է: Նվազել են նաև մուծած հարկերը. 16.1 մլրդ դրամի փոխարեն՝ 2019-ին այն կազմել է 13.7 մլրդ դրամ:

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում այնուամենայնիվ մեկ տարօրինակ փաստ կա: Որոշ իմաստով՝ բացատրելի: Որոշ իմաստով` անբացատրելի փաստ:

Նախորդ տարիներին մշտապես առաջին տասնյակում գտնվող ընկերություններից մեկը մոտ 4 անգամ նվազեցրել է մուծած հարկերը (հաշվապահական հաշվառման սովոր ընթերցողի համար ճշտենք` 3.85 անգամ): Նախկին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, պարզ սպառող-քաղաքացին, որպես կանոն, գիտեր առաջին տասնյակում մշտապես գտնվող ընկերությունների անունները: 2019-ի ցանկին ծանոթացող պարզ քաղաքացի-սպառողը չի գտնի հանրահայտ «Ալեքս հոլդինգը»: 2018-ի հարկատուների ցանկում այն 6-րդն էր՝ մոտ 14 մլրդ 650 մլն մուծած հարկերով: Այս ընկերությունը 2019-ի երկրորդ կամ հինգերորդ տասնյակում փնտրել պետք չէ: Որովհետև ընկերությունը, պարզ թվաբանական տերմինով ասած, մուծած հարկերի ծավալը պակասեցրել է համարյա մեկ կարգով: Այսինքն՝ առաջին տասնյակից տեղափոխվելով տասներորդ տասնյակ: Պատվավոր 97-րդ տեղում հանգրվանած «Ալեքս հոլդինգը» 2019-ին մուծել է մոտ 2 մլրդ 183 մլն դրամ: Բայց սա առանձնահատուկ դեպք է: Որովհետև համարյա բոլոր մյուս հարկատուներն ավելացրել են իրենց մուծումները:

Դա պարզ նկատելի է ցանկերի համեմատությունից: Օրինակ, 2018-ի ցանկի 100-րդ հարկատուն մուծել է 1.85 մլրդ դրամ: 2019-ին նույն տեղում հայտնված կազմակերպությունը մուծել է մոտ 2 մլրդ: 2018-ի 500-րդ հարկատուն մուծել է մոտ 294 մլն դրամ, իսկ 2019-ինը` մոտ 360 մլն: Խոշոր հարկատուների ցանկում վերջին` 1000-րդ հարկատուն 2018-ին մուծել էր մոտ 139.8 մլն դրամ հարկ: Իսկ անցած տարվա ցուցանիշը կազմել է 168.141 մլն հարկ:

Առաջին եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ բիզնեսը Հայաստանում շարունակում է խոշորանալ: Խոշոր հարկատուների ցանկ մտնելու համար տարեցտարի ավելի շատ հարկեր է պետք մուծել: Դա նկատելի էր հայտնի ընկերությունների տվյալներն ուսումնասիրելիս: Բացառությամբ, իհարկե, մեկի: Որը, իհարկե, հայտնի է: Հայտնի է, բայց առանձնահատուկ:

Տեսանյութեր

Լրահոս