Բաժիններ՝

«Ես կարող եմ մեքենայի վրա տաքսու տարբերանշանը դնել ու կանգնել երկրորդ շարք, հետո ո՞նց են տարբերելու՝ ես տաքսու վարո՞րդ եմ, թե՞ ոչ». Վահագն Սահակյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ասուլիսի ժամանակ անդրադարձել է բալային համակարգին՝ նշելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է՝ բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող՝ քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը:

Ավելի վաղ՝ հունվաի 15-ին,  ավտովարորդները Կառավարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։

Նրանք նշում էին, որ բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակահատվածում կզրկվեն վարորդական իրավունքից, քանի որ մի շարք բացթողումներ կան օրենքում. հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ կայանման խնդիր է լինելու: Առաքիչը խանութ ապրանք է բերում, բայց ստիպված երկրորդ գիծ է կանգնում, որովհետև այլ տարբերակ չկա:

Ավելին, նրանց փոխանցմամբ՝ օրենքը բոլորի համար չէ, քաղաքում կան ռուսական համարներով մեքենաներ, որոնք դուրս են մնում բալային համակարգից:

Առաջարկում էին կա՛մ բալերը շատացնել, կա՛մ էլ այնպես անել, որ միաժամանակ և՛ չտուգանվեն, և՛ բալերից չզրկվեն:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ բալային համակարգը վատը չէ, մարդիկ ավելի զուսպ են դառնում, ավելին՝ նրա կարծիքով, երբ տեսախցիկների հետ միաժամանակ ճանապարհային ոստիկանները խախտումները սկսեն արձանագրել, ոլորտն ամբողջովին կկարգավորվի:

«Կտուգանեն կարգը խախտող անձին, ոչ թե տեսախցիկներով միայն համարանիշը կարձանագրվի: Տեսախցիկները, միանշանակ, պետք է մղվեն երկրորդ պլան, գործեն հույժ կարևոր տեղերում»,- ընդգծեց Վահագն Սահակյանը:

168.am-ի հարցին՝ ինչպիսի՞ կարգավորում են ակնկալում տաքսիների ոլորտում, տեղի՞ն են այն հորդորները, որ ավելի մեղմ լինեն բալեր կիրառելիս տաքսու վարորդների դեպքում, մինչև 3 րոպե գոնե հնարավորություն տան երկրորդ գծում կայանել, գրանցեն նրանց, Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը պատասխանեց.

«Ի՞նչ է  նշանակում՝ գրանցվել: Այդպիսով տաքսու վարորդ չեն դառնում: Պետք է ուղևոր տեղափոխելու իրավունք ունենան: Գոյություն ունի լիցենզավորման կարգ, որին պետք է բոլորը ենթարկվեն: Մի ստվար մաս ենթարկվում է օրենքին, վճարում կատարում, մյուս մասն էլ չի ենթարկվում օրենքին, հետո քիչ-քիչ բոլորը սկսում են չվճարել: Արդյունքում՝ բազմաթիվ վարորդներ, ովքեր ունեն լիցենզիա, բայց չեն վճարել, նրանց բոլորին նամակ է եկել այն մասին, որ տուգանված են, պարտավոր են պետությանը հասցված վնասը վերականգնել»:

Վահագն Սահակյանի փոխանցմամբ՝ մի քանի տարի առաջ ճանապարհային երթևեկության կանոններում փոփոխություն  է կատարվել, համաձայն որի՝ կանգառն արգելող նշանի տակ տաքսին կարող  է կանգնել միայն միացված հաշվիչով, սպասել ուղևորին կամ իջեցնել նրան: Բայց, ըստ նրա,  պետք է հնարավոր լինի տարբերակել իրական տաքսիները:

«Ես կարող եմ մեքենայի վրա տաքսու տարբերանշանը դնել ու կանգնել երկրորդ շարք, հետո ո՞նց են տարբերելու՝ ես տաքսու վարո՞րդ եմ, թե՞ ոչ: Ստուգելու են՝ ես պատվերն ընդունե՞լ եմ, թե՞ ոչ: Այդ հարցը կարգավորվելու է լիցենզիայով, որը վաղուց ծալել-դրել են մի կողմ: Ու այն տաքսու վարորդները, ովքեր բողոքում են, թե իրենց տուգանում են երկրորդ շարք կանգնելու համար, նախ պետք է հասկանալ՝ նրանք տաքսու վարո՞րդ են, թե՞ ոչ: Դժգոհում էին նաև առաքիչները: Օրինակ, ես իմ թաղի մեծ խանութի պատճառով չեմ կարողանում դուրս գալ բակից: Ամեն օր 10-12 մեքենա է կանգնում ոչ թե՝ զուգահեռ, այլ՝ ուղղահայաց ճանապարհին. ինչո՞վ եմ մեղավոր, որ այն տարածքը, որտեղ պետք է երթևեկեմ, մարդիկ առաքում են կատարում։ Առաջարկում եմ, որ հատուկ կայանատեղի չունեցող խանութներն առաքումը կազմակերպեն գիշերային ժամերին, որովհետև բնակիչները մեղավոր չեն, որ ինչ-որ մեկը բիզնեսով է զբաղվում»,- նշեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս