«Մեր իշխանության ժառանգությունը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնևն է, Փաշինյանի իշխանության ժառանգությունը՝ Դուշանբեի լիֆտը». Շարմազանովը հակադարձում է Փաշինյանին
Հունվարի 25-ին Կապանում հրավիրած մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արցախյան բանակցային գործընթացի հետ կապված նախորդ իշխանության թողած ժառանգությանը՝ նշելով, որ վերջերս ԶԼՄ-ներից մեկում մի հոդված տպագրվեց, որտեղ նշվում էր, թե որ կետում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թողել բանակցային գործընթացը: Ըստ հոդվածի՝ խոսք է եղել նաև Ադրբեջանին յոթ շրջանների հանձնման մասին՝ պայմանով, որ պահպանվում է Արցախը Հայաստանին կապող միջանցքը:
«Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուները կարող են ասել, թե որքանով է այդ տեքստն ընդունելի իրենց համար: Թող նաև Արցախի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ , թող հայ ժողովուրդն էլ ասի։ Եթե Արցախի և Հայաստանի ժողովուրդները կընդունեն, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ»,- ասուլիսում ասաց վարչապետը։
Պատասխանելով վարչապետի այս հայտարարությանը, Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին նախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց իշխանության օրոք ընդունվել է ինքնորոշման իրավունքը՝ որպես պարտադիր սկզբունք:
«Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի նախագահները հինգ հայտարարություն են ընդունել՝ պարտադիր համարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պարտադիր կամարտահայտությունը: Մարդիկ ընդունում են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեով: Եթե Փաշինյանն այդքան լավ կառավարող է, թող այս երկու տարվա ընթացքում վեցերորդ նմանատիպ հայտարարությունը բերեր, ես միայն շնորհակալություն կհայտնեի»,- ասաց Շարմազանովը։
Հիշեցնելով, Բելառուսի նախագահի հայտարարությունը, այն է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում էր հինգ շրջանները վերադարձնել Ադրբեջանին, Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ միջազգային հանրությունն իրենից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը։
«Փաշինյանի իշխանության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում, որն ապտակ է Հայաստանին, Լավրովը Վալդայի ֆորումում Հայաստանին մեղադրում է ապակառուցողականության մեջ, իսկ Փաշինյանն ի զորու չլինելով իր հասարակության, իր քաղաքական գործընկերների հետ երկխոսության գնալ, երկխոսության կոչ է անում Ադրբեջանի ժողովրդին։ Մեր իշխանության ժառանգությունը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնևն է, Փաշինյանի իշխանության ժառանգությունը՝ Դուշանբեի լիֆտը»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը
Նա նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանը կանգնած է ժողովրդավարության պահպանման կամ բռնապետության անցման շեմին: Նման կարծիք ունի՝ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները:
«Ցանկացած սահմանադրական օրենք ընդունելու համար անհրաժեշտ է 80 ձայն, բայց Փաշինյանն ունի 88 ձայն, դրա համար լկտի խոսում է` պատերով է տալիս, ասֆալտին է փռում, պինցետով է քաշում, թաթիկներ է կտրում։ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին գրավելով ԱԺ-ն և պարտադրելով հապճեպ, էյֆորիկ ընտրություններ՝ կուլ տվեց օրենսդիր իշխանությունը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։